ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արցախի բոլոր բուհերում անցկացվել է ըստ մասնագիտությունների հայտագրված դիմորդների մրցույթը, և հուլիսի 15-ից արդեն կախված են ընդունվածների ցուցակները: Ընդհանուր պատկերին ծանոթանալու համար դիմեցինք մրցույթն իրականացրած` Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանին: Տվյալները պետական բուհերի վերաբերյալ են:
ԱՀ շրջանավարտների համար Արցախի պետական, Շուշիի տեխնոլոգիական և ՀՀ բուհերում Արցախին հատկացված տեղերի քանակն ընդհանուր առմամբ 930 է, որից անվճար` 340: Դրանց հայտագրվել էր 876 դիմորդ, նախնական փուլով (լրացուցիչ փուլ ևս կա թափուր տեղերի համար) ընդունվածների քանակը` 626, որից անվճար` 244: ԱրՊՀ է ընդունվել 451 դիմորդ, որից անվճար` 167, Շուշիի տեխնոլոգիական համալսարան` 51 հոգի, որից անվճար` 21-ը: Արցախի պետական համալսարանում անվճար տեղերից թափուր է մնացել 33-ը, Շուշիի տեխնոլոգիականում` 67-ը:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության երաշխավորագրերով ՀՀ բուհերում հատկացված տեղերը 87 են. որից անվճար` 60: Դրանց հայտագրվել էր 163 դիմորդ: Այստեղ մի շարք մասնագիտությունների գծով դիմորդներ չեն հայտագրվել, փոխարենը Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի վճարովի և անվճար 11 տեղի համար եղել է 55 դիմորդ: Նախնական տվյալներով` այս մասնագիտությամբ ընդունվել է շուրջ 30 հոգի: Սահմանված քանակից մրցույթից դուրս ավել ընդունվել են հիմնականում ՙՊատիվ ունեմ՚ ծրագրով, որն Արցախում իրականացվում է առաջին անգամ` բացառության կարգով:
ԳԹԿ տնօրենն, ընդհանուր առմամբ, գոհ է այս տարվա դիմորդների ստացած միավորներից: Այսպես, եթե տարիներ առաջ ՙԲուժական գործ՚ մասնագիտությամբ ընդունվում էին երկու քննությունից 20-24 միավոր ստացած դիմորդները, և դա լավ ցուցանիշ էր համարվում, այսօր 33 միավորն է արդեն անցումայինը: Հատկապես լավ է մաթեմատիկայի վիճակը: ԵՊՀ ՙԻնֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա՚ մասնագիտությանը հատկացված էր մեկ նպատակային տեղ, բայց ընդունվել է 5 հոգի, որոնց միավորները 36-ից բարձր են, երկու քննությունից ընդունվել են 18-ից բարձր միավորներով: ՙՏիգրան Հակոբյանը (Ստեփանակերտի թիվ 8 դպրոց) երկու 20 միավոր է ստացել: Այդքան բարձր միավորներ, այն էլ` այդ մասնագիությունից և այդքան պահանջված: 39,5 միավոր հավաքել է Մեծ Շեն գյուղից Ռայա Եսայանը, բոլոր 5-ն էլ հաղթահարել են գերազանցության շեմը, ինչպե՞ս չխրախուսել նրանց, բոլորն էլ արժանի են, և պահուստային տեղերը նրանց տալն արդարացված է՚,-ասաց Յու. Քարամյանը: Նույնն էլ ՙԱկտուարական և ֆինանսական մաթեմատիկա՚ մասնագիտությունում է: Արմենուհի Մանուկյանը` Հաթերքից, Դավիթ Իշխանյանը` ֆիզմաթ դպրոցից, Նարեկ Սարգսյանը` Կարմիր Շուկայից հաղթահարել են գերազանցության շեմը:
Մաթեմատիկան բավականին լավ պատկեր ունի նաև ԱրՊՀ-ում: Յու. Քարամյանի խոսքով` ՙԻնֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա՚-ի, ՙՏեղեկատվական տեխնոլոգիաներ՚-ի համալրվածությունը վերջին տարիներին լավ է: Այս վերջինում միայն 11 հոգի անվճար համակարգ է ընդունվել: ՙՄաթեմատիկայի գծով խնդիր չունենք՚,-հավաստեց ԳԹԿ տնօրենը: Վատ չէ վիճակը ՙՖիզիկա՚-ում, բավարար չափով ընդունվածներ կան, լավ է ՙԿենսաբանություն՚-ը: Լեզուների մասին էլ խոսք չկա, համալրված են: Իսկ ահա ՙՔիմիա՚-ի վիճակը վատ է: Խումբ չի ձևավորվել: Յու. Քարամյանի կարծիքով, եթե բժշկական համալսարան թողնեին ընդունվել այնքան, ինչքան նախատեսված է նպատակային տեղերով, ապա մրցույթից դուրս մնացածների մի մասը գուցե ցանկություն ունենար նստել ՙՔիմիա՚-ում, բայց այդ հարցի լուծումը միայն իր որոշելով չէ:
ԱրՊՀ-ում ամենաբարձր վարկանիշը շարունակում է ունենալ ՙՖինանսներ՚-ը: Տնտեսագիտական բլոկում սրանից բացի նաև ՙԿառավարում՚-ը և ՙՀաշվապահական հաշվառում՚-ն են: Վերջինս քիչ են ընդունվել և հնարավոր է, որ խումբ չձևավորվի: Պատճառը, ըստ ԳԹԿ տնօրենի, այն է, որ այստեղ բոլոր տեղերը վճարովի են: Բացի այդ, տնտեսագիտական բլոկը մեծ է Արցախի պայմանների համար. ՙՄենք այդքան շրջանավարտ չունենք, որ ցանկանան հավասարաչափ համալրել այս բոլոր երեք մասնագիտությունները՚,-պարզաբանեց Յու. Քարամյանը:
ԳԹԿ տնօրենն ափսոսանք հայտնեց, որ ՙՀոգեբանություն՚ մասնագիտությամբ են քիչ ընդունվել: Այս մասնագետներն առաջիկայում պահանջված են լինելու. շուտով պետք է ստեղծվի մանկավարժահոգեբանական կենտրոն, դպրոցներում կբացվեն հաստիքներ մինչև 2022 թվականը: Այս մասնագետների պահանջարկը շրջաններում մեծ է լինելու: Բայց ընդունվել է ընդամենը 6 հոգի: Ըստ երևույթին այս ուղղությամբ քարոզչության պակաս է եղել:
Հավանաբար, խումբ չի ձևավորվի ՙՔաղաքագիտություն՚-ից: Դիմորդները հասկացել են, որ այս ոլորտում աշխատատեղերի հնարավորությունները քիչ են:
Հիմնականում այսպիսին է պատկերը պետական բուհերում: Թվերը փոքր-ինչ կփոփոխվեն, քանի որ մրցույթով չանցած դիմորդների համար մեկ հնարավորություն էլ կա. ընդունվել թափուր մնացած տեղերը: Հուլիսի 15-20-ը այն դիմորդները, ովքեր մրցույթով չեն անցել, կարող էին դիմել այն բուհերը, որտեղ տեղեր են մնացել: Դրանց ցանկը կախված է բուհերում:
Երբ ԳԹԿ տնօրենը թվարկեց բարձր միավորներով ընդունվածներին, նկատելի էր, որ նրանք միայն մայրաքաղաքից չեն: ՙՏարբեր տեղերից մենք ունենք լավ երեխաներ: Դա շատ ողջունելի է: Մենք լավ ներուժ ունենք, մնում է այն ճիշտ օգտագործել՚-ասաց նա: Իսկ այն հարցին, թե ինչու ենք բողոքում դպրոցներում մաթեմատիկայի դրվածքից, երբ այդպիսի լավ արդյունքներ կան, պատասխանեց. ՙՆայած որտեղ: Երբ ասում ենք` լավ չէ, չի նշանակում, թե վատ է: Նշանակում է` դա մեր շեմը չէ, մենք կարող ենք ավելի լավը լինել: Ընդհանրապես, եթե բոլոր պայմանները ստեղծեն, մեր երեխաների պես երեխաներ չկան՚: Խոսք բացեցինք նաև կրկնուսույցների մասին, ասաց.ՙԵրեխաներ կան, որ շրջաններից էին գալիս Ստեփանակերտ պարապմունքների: Անշուշտ, նրանք բավարար հիմք ունեցել են դպրոցում, բայց ծնողը հասկացել է, որ բարձր միավորներ ստանալու համար երեխան պետք է խորը գիտելիք ունենա, և այդ ուղղությամբ նա շատ ծախսեր է անում: Դպրոցի բեռան մի մասը ծնողները վերցրել են իրենց վրա: Դա չպետք է այդպես լինի: Դպրոցը պետք է լիարժեք աշխատի՚:
;