ՙՁԳՏԵԼՈՒ ԵՆՔ ՄԱՆԿԱԿԱՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՄԵՆԱԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԴԱՐԱՆ՚
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Այսօր՝ համացանցի լայն տարածման դարում, գրադարանները, կարծես թե, փոքր-ինչ հայտնվել են ստվերում: Մրցակից դառնալու համար գրադարանները ձգտում են օգտվել ժամանակակից միջոցներից, ինչը նախևառաջ ենթադրում է նոր, բարեկարգված շենքային պայմաններ: Ստեփանակերտի Հ. Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանը ևս զուրկ էր նման պայմաններից, ինչը բացասաբար էր անդրադառնում այս հիմնարկի գործունեության վրա: Վերջերս այդ խնդիրը լուծում ստացավ: Հնարավորությունների և հեռանկարների մասին է գրադարանի տնօրեն Նաիրա ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ զրույցը:
Տեղեկացնենք, որ Նաիրա Աղաջանյանը տնօրենի պաշտոնը ստանձնել է 2014թ.: Նրա հավաստմամբ՝ գրադարանն իրեն է փոխանցվել անմխիթար, անշուք վիճակում:
-Իմ առջև խնդիր դրեցի վերանորոգել գրադարանը: Եվ երբ կազմակերպում էի տարաբնույթ միջոցառումներ, հրավիրում էի լրատվամիջոցներին և իմ խոսքում անպայման անդրադառնում էի գրադարանի անմխիթար, ոչ հիգիենիկ վիճակին, ինչը հակացուցված էր հատկապես երեխաների համար: Մի երկու տարուց հետո ձեռնարկեցի ավելի վճռական քայլեր՝ դիմեցի այդ ժամանակվա ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին, ով եկավ, շրջեց գրադարանով, տեսավ իրավիճակը և ինքը ևս կանգ առավ վերանորոգման գաղափարի վրա: Լուսանկարեցինք եղած անշուք վիճակը, տարածեցինք համացանցի միջոցով՝ հավատալով, որ կգտնվեն բարեգործներ: Եվ իրոք, կարճ ժամանակում գտնվեցին բարերարներ: Ի վերջո, ընտրեցինք ՙՍոֆիա՚ կենտրոնի 2-րդ հարկի մի մեծ տարածքի վերանորոգման տարբերակը, - ասում է գրադարանի ղեկավարը:
Այդ տարբերակը ձեռնտու էր մի քանի առումներով. նախ, ինչպես արդեն նշվեց, տարածքը մեծ էր` հնարավորություն էր ընձեռվում իրականացնել հետաքրքիր մտահղացումներ, մյուս կողմից` թույլ էր տալիս շարունակել ինչպես գրադարանի ամենօրյա, այնպես էլ` տեղափոխման հետ կապված աշխատանքները: Նա մեծ գոհունակությամբ նշեց, որ վերանորոգման ողջ ընթացքում խորհրդակցում էին իր հետ` գրադարանի ձևավորման մանր ու խոշոր խնդիրների շուրջ: Նա նաև կարևորեց այն հանգամանքը, որ երկրի ղեկավարությունը, տեսնելով մեծ քանակի գրքերի պատառոտված, անգամ բորբոսնած վիճակը, համամիտ եղավ իր հետ, որ դրանք երեխաների առջև դնելու գրքեր չեն: Մի ստվար քանակով գրքեր էլ վաղուց արժեք չեն ներկայցնում, դրանք պահանջված չեն, և ժամանակն է դրանցից ձերբազատվել: Մոտ 6000 գիրք, որոնցից 2000-ը բովանդակությամբ հնացած, արդեն առանձնացված է և գտնվում է դուրսգրման փուլում: ՙԱռանձնացրել էինք նաև եղած կահույքի այն մասը, որը դեռ պիտանի էր, որպեսզի ուղարկենք շրջանների գրադարանները, մնացածը նույնպես դուրսգրման փուլում են: Այդ աշխատանքների հետ մեկտեղ տեղափոխման ենթակա գրքերը փաթեթավորվեցին: Զուգահեռ նախագծում էի ընթերցասրահի, ֆոնդային գրքերի, դարակների չափերը, գրապահարանների բարձրությունը, գրասենյակների տեղակայման լավագույն տարբերակները: Մի խոսքով` այդ քրտնաջան, դժվարին փուլը հաղթահարեցինք ու հիմա վայելում ենք ուղղակի շքեղ նոր պայմանները՚, - խանդավառված պատմում էր տնօրենը:
Պետք է ասել, որ գրադարանի բոլոր սենյակները, հաճելի զգացումներ առաջացնելուց զատ, թողնում էին այն տպավորությունը, որ ունեցած հնարավորությունների շրջանակում դա եղած տարածքի լավագույն արդյունավետ օգտագործումն է: Հատկապես աչքի է զառնում մուտքի պատը, որն ամբողջովին նկարազարդված է Թումանյանի հեքիաթների տեսարաններով, որի հեղինակն է նկարիչ Լիանա Քոչարյանը: Այնքան բնական ու ներդաշնակ է այդ ամենը, որ, ըստ տնօրենի, 3 տարեկան փոքրիկը փորձում էր բացել նկարած դուռը:
Կենտրոնից փոքր-ինչ հեռու գտնվելը կարող էր խոչընդոտ հանդիսանալ ծնողների համար: Այսօր բոլոր կասկածները ետևում են` փոքրիկները հաճախում են մայրիկների հետ, մեծերը` ինքնուրույն: Կարևորը` բոլորը հաճախում են հաճույքով:
Դրան հասնելու համար տիկին Նաիրան, մինչ տեղափոխվելը, փորձնական միջոցառումներ էր կազմակերպում նոր տեղում: Հատկապես որ տարին թումանյանական էր՝ դպրոցները, մանկապարտեզները պատրաստ էին հանդիպելու, շփվելու Ամենայն հայոց բանաստեղծի հերոսների հետ: Առաջին էքսկուրսիա-միջոցառումը կազմակերպվեց փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը: Էքսկուրսիան կազմակերպվեց թիվ 1 պետական մանկապարտեզի ավագ խմբի սաների համար. նրանց տարան գրեթե պատրաստ գրադարանը, հեքիաթ կարդացին, ներգրավեցին քննարկումներում, լուսանկարվեցին: Երեխաների աչքերի փայլն ինքնին խոսուն էին, և տիկին Նաիրան համոզվեց, որ նման գործելակերպն արդյունավետ է: Եվ այն շարունակվեց մինչև պաշտոնական բացումը:
-Վերջապես եկավ բացման օրը: Շատ էի ցանկանում այն կազմակերպել հունիսի 1-ին, բայց ՙԿոնիֆա՚ միջազգային առաջնության խաղերը խոչընդոտեցին: Ընտրեցինք բոլորի համար ազատ օր՝ մայիսի 29-ը: Նպատակադրվել էի բացման այդ օրը դարձնել տոնական ներկաների, հատկապես երեխաների համար: Ծրագիրը նախապատրաստելիս բացառեցինք ընդունված ամբիոնային ելույթները՝ նախապատվությունը տալով Թումանյանի հեքիաթների հետաքրքիր սյուժեների ներկայացումներին: Եվ քանի որ բոլոր դպրոցները, մանկապարտեզները պատրաստվել էին սիրելի գրողի հոբելյանին, ես ևս այցելել եմ գրեթե բոլոր այդ միջացառումներին, ծնվեց բացման արտասովոր ծրագիր: Ոչ՜ նախարարները, ոչ ես՜ բացման խոսք չասացինք: Բոլորի համար ծրագիրն անհայտ էր: Բակում բոլորին դիմավորեց Թումանյանի կերպարով մեր թատրոնի դերասան Մարտին Ալոյանը, Գիքորի դերակատարը ՙէստի համեցեք՚ բառակապակցությամբ ներկաներին հրավիրում էր դպրոցների, մանկապարտեզների սաների կողմից հեքիաթների հիման վրա պատրաստած մեծ ու փոքր տեսարաններին, պարերին, երգերին, ասմունքին: Անգամ ներկայացվեց փոքր հասակի Թումանյանը, որը մարմնավորել էր մեզանում արդեն հայտնի փոքրիկ դերասան Տիգրան Դավթյանը: 7-րդ դպրոցի երգչախումբն էլ շարժասանդուղքի վրա կանգնած երգում էր: 2-րդ հարկում տեսարանները, երգերը, ասույթները, ժողգործիքների վրա նվագները շարունակվել են: Շատ բարձր գնահատանքի արժանացա, բոլոր 10 աշխատողներին պատվոգրերով և ծաղիկներով շնորհավորեցին, բայց ես եմ անչափ շնորհակալ բոլորին, որ ստացա նման աջակցություն,- ոգևորված պատմում էր տնօրենը:
Տիկին Նաիրան բացումից հետո մտադիր էր հերթական արձակուրդը վայելել, բայց երեխաների հոսքն այնքան մեծ էր, և այնպիսի խանդավառությամբ էին այցելում, որ ստիպված էր հետաձգել արձակուրդը: Անգամ նոր անուններ հայտնվեցին: Դա շատ ոգևորեց աշխատակիցներին, քանի որ այդ հարցով մտահոգ էին: Նա հակված է բացատրել այդ երևույթը արագ սպասարկմամբ, որը հնարավոր չէր հին պայմաններում:
Նա նշեց, որ ֆոնդում ունեն օտար լեզուներով 1000-ից ավելի շքեղ նկարազարդված գրականություն, որը տրամադրվել է ՀԲԸՄ մի ծրագրի շրջանակներում: Նման հարստությունը միայն իրենց գրադարանում է, և այսօր, երբ դպրոցներում անցնում են մի շարք օտար լեզուներ, հաճախ են օգտվում մանկական գրադարանից: Ընթերցասրահում ունեն 2000 կտոր գրականություն և 17 անուն հրաշալի գունազարդ մանկական ամսագրեր:
Նախատեսում է ձեռք բերել նաև համակարգիչներ, քանի որ այս դարում համացանցի լայն հնարավորությունները պետք է արդյունավետ օգտագործել:
Նա համոզված է՝ եթե գրադարանները չզինվեն ժամանակակից միջոցներով և նորագույն մեթոդներով, ապա համացանցը դաշնակից դառնալու փոխարեն կդառնա մրցակից, ինչը գրադարանի օգտին չի լինի: Նա համոզված է, որ հասնելու են ամենաժամանակակից գրադարանի մակարդակին: