comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՎԱՆԴՈՒՅԹԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱՆԴՈՒՅԹԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Արցախի պետական համալսարանում ձևավորված ավանդույթի համաձայն` առաջին կուրսեցիներն իրենց ուսումնառության հետաքրքիր և բազմաբովանդակ շրջանը, որը կոչվում է ակտիվ ուսանողական կյանք, մեկնարկեցին երդման արարողությամբ: 

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը:
Երդման ավանդական վայրը` բուհի զոհված ուսանող ազատամարտիկների հուշակոթողի մոտ` փոխվել է համալսարանի շենքի վերակառուցման պատճառով: Այս անգամ այն անցկացվեց ոչ պակաս սրբատեղիում` Արցախ աշխարհի խորհրդանիշ ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշակոթողի մոտ: Երդման բովանդակությունն անխախտ է` լինել արժանի շարունակողը և հետնորդը մեր երկրի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակին, նրանց կիսատ թողած գործի ու պայքարի պաշտպանն ու իրականացնողը, մաքառել գիտության բարձունքները նվաճելու համար:
Երդման խոսքը հնչեցնելու պատիվը տրվեց 1-ին կուրսեցի Ասպրամ Ավանեսյանին:
ԱրՊՀ ուսանողական շարքերն այս տարի համալրել է 591 նոր ուսանող: Անցյալ տարվա համեմատ առաջին կուրսեցիների թիվը կրկնակի աճել է` պայմանավորված դպրոցական շրջանավարտների թվաճով: Ավանդույթի համաձայն` ընդունելության քննություններից բարձր միավորներ ստացած ուսանողներն իրենց ուսանողական տոմսերն ու ստուգման գրքույկները ստացան պետական բարձր պաշտոնյաների ձեռքից:
Առաջին կուրսեցիներին շնորհավորեց, ուսման տարիներին և նրանց հետագա կյանքում հաջողություններ մաղթեց և նրանց ուսանող լինելը հավաստող կարևոր փաստաթղթերը հանձնեց ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը` վստահություն հայտնելով, որ նրանց երդումը լոկ խոսքեր չեն լինի, այլ կյանքի կարևորագույն ճանապարհի անցման ուղենիշ` ուղեկցված մասնագիտության գիտակցված ընտրությամբ, մեր երկրին ծառայելու նվիրումով:
Հետաքրքիր դիտարկում արեց ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը երդման արարողությունը ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշակոթողի մոտ անցկացնելու կապակցությամբ. անվանի քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի կերտած այս կոթողը` ի դեմս Տատիկ-Պապիկի խորհրդանշում է Սիսն ու Մասիսը` հայոց սրբազան լեռը և հետևաբար` Արցախ-Հայաստան անքակտ միասնությունը: ՙԱյսօր այդ հայրենիքի զավակներն եք դուք և այդ մեծ պատվի հետ ունեք նաև մեծ պատասխանատվություն` պահել-պահպանել և զարգացնել ու ավելի հզորացնել մեր երկիրը՚,-դիմելով 1-ին կուրսեցիներին` ասաց ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը` ինքը ևս հանձնելով ուսանողական տոմսեր և ստուգման գրքույկներ:
Նորաթուխ ուսանողներին շնորհավորեցին և նույն արարողությունը շարունակեցին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, վիճակագրական ծառայության պետ Մանուշ Մինասյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը: Վերջինս ընդգծեց, որ նոր ընդունված ուսանողներն երջանիկ են այն առումով, որ սովորելու են հիմնանորոգված համալսարանում` ժամանակակից չափանիշներին համապատասխանող լսարաններում`համալրված ուսումնանյութական ժամանակակից բազայով: Մի բուհում, որն արդեն կեսդարյա պատմություն ունի և այսօր միջազգային հավատարմագրման գործընթաց է անցնում` իրեն հռչակելով որպես սովորող կազմակերպություն:
Հիշարժան օրն անմահացավ համատեղ լուսանկարով: