comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՓՅՈՒՌՔԻ ՆՈՐ ԽՃԱՆԿԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՓՅՈՒՌՔԻ ՆՈՐ ԽՃԱՆԿԱՐ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ սփյուռքահայ ճանաչված գործիչ, դոկտոր Հրայր Ճեպեճյանի ՙՍփիռքահայ կեանքեր` ինչպես որ տեսայ՚ գրքի շնորհանդեսը: Բացման իր խոսքում ռեկտոր Արմեն Սարգսյանն ասաց, որ նրա հետ հանդիպման առաջին րոպեներից համոզվեց, որ գործ ունենք ճշմարիտ հայրենասերի, անմիջական մարդու հետ, որն իր ցանկություններով, գործունեությամբ առաջին հերթին մեծ հայ է, այնուհետև` գիտնական, աստվածաբան, գրականագետ:

Հ. Ճեպեճյանի կյանքի անցած ուղին ներկայացրեց միջոցառման նախաձեռնող` լրագրող Միքայել Հաջյանը:
Հրայր Ճեպեճյանը Հայոց ցեղասպանությունը վերապրած տարագրյալ ընտանիքի ժառանգ է: Ծնվել է Բեյրութում 1957թ.: Նախնական և երկրորդական կրթությունը ստացել է տեղի Հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարանում: 1981-ին ավարտել է Բեյրութի Հայկազյան համալսարանը` ստանալով առևտրական գիտության արվեստի պսակավորի (բակալավր) վկայական, 1984թ.` Բեյրութի Ամերիկյան համալսարանի երկրագործական տնտեսագիտության մագիստրոսի վկայական: 2014թ. Նյու Յորքի աստվածաբանական ճեմարանում Աստվածաշնչի հանձնառարություն ճյուղում հաջողությամբ պաշտպանելով իր ավարտաճառը` ստացել է դոկտորական վկայական: Ավելի քան 40 տարի գործակցում է Միջազգային քրիստոնեական միջեկեղեցական հրատարակչական կազմակերպությանը` Միացյալ Աստվածնչյան ընկերությանը: Մի կազմակերպություն, որը գործում է ավելի քան 200 երկրում: Արաբական ծոցի տարածաշրջանի նույն ընկերության ընդհանուր քարտուղարն է: 1991-1996թթ. եղել է նաև Հայաստանի Աստվածաշնչյան ընկերության հիմնադիր և խորհրդատու- կազմակերպիչը: 2006-2014թթ. եղել է Միջին Արևելքի Աստվածաշնչյան ընկերության խորհրդի ատենապետը: Նրա այս գործունեության շարքը դեռ երկար կարելի է թվարկել: Վարելով ազգային, միութենական և միջեկեղեցական լայն գործունեություն` Հրայր Ճեպեճյանը ճամփորդել է աշխարհով մեկ և մասնակցել միջազգային և միջեկեղեցական քրիստոնեական շատ համագումարների, հանդես եկել դասախոսություններով կրոնական, սուրբգրային և Միջինարևելյան քրիստոնեական ներկայության մասին: Գործունեության բերումով այցելել և մոտիկից ճանաչել է աշխարհի հայկական շատ գաղութներ: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Կիպրոսի վարչության անդամ է: Աշխատակցում է լիբանանահայ, հայրենի և սփյուռքահայ մամուլի մի շարք օրգանների` հրապարակելով ազգային, մշակութային և աստվածաբանակ թեմաներով հոդվածներ: 2010թ. հրատարակել է իր առաջին գիրքը` ՙՀայուն գոյապայքարի ճանապարհը՚, որտեղ ամփոփված է նրա 30 տարվա հոդվածների հավաքածուն: 2018-ին հրատարակել է երկրորդ` շնորհանդեսի խնդրո առարկա աշխատությունը:
2019թ. անգլերեն հրատարակել է ՙԱստվածաշնչի հանձնառությունը` Վերագտնել, Հավատք, Յույս և Անձը՚ աստվածաբանական գիրքը: Ազգային, եկեղեցական և Աստվածաշնչային երկարամյա գործունեության համար պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության ՙՄայրենիի դեսպան՚ շքանշանով:
Սա Հ. Ճեպեճյանի երկրորդ այցն է Արցախ: Առաջին այցը կատարել է 5 տարի առաջ, որը բացառապես ճանաչողական էր:
Գիրքը բացվում է Հ. Ճեպեճյանի առաջին հատորի հրատարակության առիթով գրված տպավորություններով, որոնց հեղինակները տարբեր երկրների ճանաչված մտավորականներ են:
Գրքի խմբագիրը ընկերալեզվաբանության դոկտոր Արտա Ճեպեճյանն է` հեղինակի կինը, որի բնութագրմամբ` ՙԱնսակարկելի է Հրայր Ճէպէճեանի հաւատարմութիւնը: Հաւատարմութին` հայուն, հայրենիքին, եկեղեցիին, մշակոյթին, պահանջատիրութեան, պատմութեան, մամուլին և սփիռքին: Մէկ խօսքով` հայկականութեան՚:
Իր ներածական խոսքում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՙՍփիւռք՚ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը գիրքն անվանել է ՙՍփյուռքը վեց տարիների բարձրադիր պատուհաններից՚ և այն գնահատել որպես սփյուռքի իմացական և ճանաչողական նոր բավիղների գեղարվեստական պատկեր:
Շնորհանդեսին եղան գիրքն արժևորող ելույթներ: ԱրՊՀ դասախոս Զարինե Սառաջյանի գնահատմամբ` ՙԱյն հեղինակի ապրածի ու տեսածի անմիջական տպավորություններով ու վերլուծություններով հագեցած կենսափիլիսոփայություն է, որի առանցքում սփյուռքահայ մարդու կյանքն` իր խոհերով, տագնապներով, կարոտի ու նահանջի երգերով, նահանջի դեմ պատնեշների որոնումներով, որոնցից առաջնահերթը հայապահպանությունն է ու նրա կարևորագույն երաշխիքներից մեկը` հայոց լեզվի պահպանումը՚: Բանախոսը ներկայացրեց նաև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի ուղերձը. հիվանդության պատճառով նա չի կարողացել անձամբ ներկայանալ:
Արցախի հանրային հեռուստառադիոյի հոգևոր հաղորդաշարի հեղինակ Վարդուհի Բաղդասարյանի կարծիքով` գրքում ամփոփված նյութերը կարելի է համարել սփյուռքահայ էսքիզներ կամ մանրապատումներ, որոնցում ոչ միայն հայն է, այլև մարդն` ընդհանրապես, որ ստեղծել է Աստված:
Հայաստանի ավետարանչական եկեղեցու և ամերիկյան ավետարանչական ընկերության անունից հեղինակին շնորհավորեց վերապտվելի Ավետիք Խաչատրյանը:
Վերջում ելույթ ունեցավ գրքի հեղինակը` վերստին ներկայացնելով իր խոհերը սփյուռքի ճակատագրի մասին: ՙԱյս այցելութեներե ետք պիտի մտածենք ինչպես հարաբերություններու շղթան ավելի ամրապնդենք և ավելի մոտիկ գործակցենք Հայաստան, Արցախ և Սփյուռք: Երբ որ կտեսնիմ մեր գաղութները, անկախ թե ինչ վիճակի մեջ են, կապրիմ Ցեղասպանութեան այդ ահավորութիւնը և ցավը: Ինչո՞ւ եղավ` փորձեցի պատասխան գտնել, ՙինչու՚-ն պատասխան չունի: Ի՞նչ պիտի ընենք հարցը հիմա պիտի գտնինք սփյուռքեն իրականութեան մեջ՚: