ԿՅԱՆՔԸ ԴԱՍԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ԹԵՎԵՐԻՆ
Սիրուն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հրապարակի վրա է Սոկրատ Խանյանի բանաստեղծությունների հերթական` 22-րդ ժողովածուն` ՙԿրակ չէ` ի՞նչ է՚ խորագրով։ Ասել է թե` 90-ամյակի շեմին թարմ ու պայծառ է բանաստեղծի ստեղծագործական միտքը, գրիչը` բեղուն, տաղանդն` արարող։
Նշենք, որ Ս. Խանյանի պոեզիան ամբողջությամբ զարգացել ու հարստացել է հայ դասական քնարերգության օրինաչափությունների պահպանմամբ, որը երբեք չի կաշկանդել նրան իր արծարծած թեմաները ներկայացնելու պատկերների թարմությամբ, աշխարհընկալման մերօրյա դրսևորմամբ, կենսափիլիսոփայական յուրովի ընդհանրացումներով։ Կարևոր այս առանձնահատկությունները փայլում են ժողովածուի բոլոր վեց շարքերում, որոնք արարված են մեր առօրյա դժվարին ու հերոսական կյանքի հրամայականով, որոնցով էլ պայմանավորված են դրանց հասարակական արժեքն ու հաջողությունը։
Բանաստեղծը ժողովածուի առաջին շարքն ընծայել է Հայոց աշխարհին` նրանում ընդգրկելով Արցախին ու Սփյուռքին նվիրած երգերը, որոնք հեռու են բարձրագոչ քարոզից, իսկական պատկերային հյուսվածքներ են` խոսքի թարմությամբ ու բանաստեղծական ինքնատիպ արվեստով։
Շարքը բացվում է ՙՀայաստան՚ պատկերով, որտեղ Հայոց երկիրը գնահատվում է որպես ՙՏիգրան Մեծից մեզ ավանդված սուրբ նշխար՚, որպես ՙԶավակների աննինջ ցավը տանող մայր՚, որ ունի ՙԱրցախ, Բեյրութ, Հալեպ, Ջավախք, Լոս Անջելես՚, որոնց համար հանդիսանում է ՙՎահան ու հերոսամայր՚։ Ուշագրավ ու նորահայտ պատկեր է ՙՄեր ճամփին եղել ես միշտ մոր պես՚ տողով սկսվող պատումը։ Մայր, սիրտ, աղավնի հասկացությունները բանաստեղծության մեջ ներկայացված են իբրև հայրենասիրության խորհրդանիշ։ Հայրենիքի պատմական անցյալն ու ներկան ներհյուսված են միմյանց` որպես գալիքի անսասան հիմք ու ապրելու բանաձև։ Նրա խոհերում ծիածանված են Հայաստանի և՜ փրկված, և՜ կորուսյալ մասունքները։ Այս առումով սրտառուչ մի պատկեր է ՙԵրազ իրական՚ խորիմաստ երգը.
Առաջին անգամ իմ երազի մեջ
Սիսի սրբատան դուռն էի բացում,
Մոմերը ձեռքիս մտել էի ներս,
Ոչ աղոթող կար ու ոչ հիացում…
Սիրտս վեր թռավ, խփեց պատեպատ,
Գաղթի ճամփա էր և իրարանցում…
Բարձս թրջված էր… Ես չէ, իմ սիրտն էր,
Ավերակների վրա էր լացում։
Այս շարքի ենթաբաժինն ընդգրկում է Արցախին նվիրած բանաստեղծությունները։ Սկսվում է ՙՆվիրում՚ հյուսվածքով։ Խորքային բովանդակությամբ, պատկերային թարմությամբ, անմիջականությամբ այդ բանաստեղծությունը կարելի է համարել մերօրյա հայ պոեզիայի գանձերից մեկը։ Քնարական հերոսը հպարտ է, որ երկրի զինվորն ու հողի մշակն է, իր պապերի կերտած պատմության ու ավանդական օջախի տերն ու նվիրյալը, ուստի պարզերես բացականչում է.
Ես` Առանված որդիդ, երեսս պարզ
քո դեմ,
Սիրտս եմ սիրով դրել քո դրախտված
ափին,
Մեղք չեմ գործել երբեք,
միակ մեղքս այն է,
Որ իմ ամբողջ կյանքը
ընծայել եմ փառքիդ։
Գրքի ՙԱրցախ՚ ենթաշարքի շաղախը կազմող երանգներից մեկը բանաստեղծի վառ հավատն է երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ։ Արցախի անունը նրա հոգու ծիածանն է, երդումն ու նպատակը.
Քնարական հերոսը հավատում է, որ մայր Արցախը դարեր շարունակ աշխարհի հետ խոսելու է Մռով սարի անունից, Գանձասար վանքի աղոթքով, Աստծո հետ զրուցելու է մաշտոցատառ մատյանների լեզվով, որ ազատության արեգակը սեփական սրտից հյուսելով, օտարի փուշ-պսակը նետելու է հավիտյանս հավիտենից։
Ս. Խանյանի լուսավոր խոհերի աղբյուրը հայրենի օջախը վառ պահող պապն ու տատն են, հայրն ու մայրը, որդին ու թոռը, նրանք, ովքեր չեն լքում պապերի գերեզմաններն ու հերոսների հուշարձանները, թև ու թիկունք են դառնում դրանք պատվարժան պահող նոր սերունդներին։ Իսկ նոր սերունդները հոգեպես արիանում ու թևավորվում են այն դեպքում, երբ չեն մոռանում դյուցազուն պապերին, պաշտում են հորն ու մորը, խնամում զավակներին։ Այս ապրեցնող գաղափարների պոետական հյուսվածքներ են շարքի ՙՕրերս՚, ՙՀարց՚, ՙՀուշ՚, ՙՄարդը՚, ՙՀայրս՚, ՙԱնքնություն՚, ՙՋահելությունը՚, ՙՄեր բառն ու թուրը՚ և այլ երգեր։
Արցախյան ազգային-ազատագրական գոյամարտը, փառաբանվում է և աշխարհին համոզում, որ հայ ժողովրդին չի կարող ընկճել ոչ մի չար ուժ։ Այս կենսափիլիսոփայությունը հաստատվեց նաև 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Այդ հերոսական ճակատամարտը ազերի-թուրք հրոսակների դեմ պոեզիա մտավ նոր ծածանումներով։ Դրա խոսուն արտահայտություններից է Ս. Խանյանի ՙԱնմահների խորհուրդը՚ շարքը, որի առանցքում Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի սխրանքն է, մեր քաջազուն նահատակ որդիների հերոսությունն ու ապրելու պատգամը, որ խոհ ու խորհուրդ դարձած` հնչում են շարքի ՙՆրանք՚, ՙՁեզ գնալ չկա՚, ՙՁոն զոհյալներին՚, ՙԱնունդ՚ և այլ գործեր։
ՙԿրակ չէ` ինչ է՚ ժողովածուի անունը փոխանցված է սիրային բանաստեղծական շարքի երգերից մեկի վերնագրից։ Շարքը գրքի ամենածավալուն բաժինն է, որի վերաբերյալ կարելի է նույնիսկ գրել առանձին հոդված։
Բանաստեղծի բնութագրմամբ` սերը մարդկային երջանկության կենարար աղբյուրն է։ Սերը նվիրումի ավիշով է հարատևում, երջանիկ է նա, ով և՜ սիրում է, և՜ սիրվում։ Նվիրյալ սերն է, որ բերկրանք է պարգևում սիրողներին, դառնում օջախ, ծխանի ծուխ, մանկան ճիչ, սերունդների ընթացք։ Կյանքը հրաշք է, եթե այն թևեր է առնում աստվածային սիրով։ Այդ իմաստով է բանաստեղծի քնարական հերոսն արտահայտում իր գոհունակությունը:
Սիրո փիլիսոփայության բանաստեղծական կատարյալ արտահայտություն է ՙԿրակ չէ` ինչ է՚ հյուսվածքը։ Այստեղ սերը համարվում է կրակ, որը կարող է ՙսար շուռ տալ՚, սփոփել ցավը։ Սերը ՙբարդու սոսափ է, դռան ճռինչ, կարոտի կրակ՚։ Վերջապես սերը ծիածանվում է, երբ մարդ դառնում է զավակների, թոռների ու ծոռների տեր։ Սերը կրակ է, երբ ՙանգամ ծեր ես՚։
Վերջին տարիներին հայ պոեզիայում նկատելի տեղ է գրավում հոգևոր թեման։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո եկեղեցու իրավունքները, տեղն ու դերը հասարակության կյանքում վերականգնվելուց հետո մի շարք բանաստեղծներ ստեղծել են առանձին շարքեր։ Այս տեսակետից ուշագրավ են Գ. Գաբրիելյանի, Ա. Հովհաննիսյանի հոգևոր պոեմներն ու բանաստեղծությունները, որոնք լուրջ արձագանք են գտել ընթերցողների ու գրաքննադատների կողմից։
Արցախյան պատերազմի տարիներին Ս. Խանյանը նույնպես ստեղծել է առանձին գործեր` նվիրված մեր եկեղեցիներին ու վանքերին։ Ուշագրավ են նրա ՙԴադիվանք՚, ՙԱյս խաչքարը՚, ՙԳանձասար՚, ՙԱմարաս՚, ՙԿավաք վանքը՚ և այլ բանաստեղծություններ։
Ավանդույթը շարունակվում է։ Սույն գրքում զետեղված ՙՀոգևոր երգեր՚ շարքը հաճելի տպավորություն է թողնում մի կողմից թեմայի բացահայտման, մյուս կողմից` հոգևոր աշխարհի երանգները ներկայացնելու առումով։
Ս. Խանյանի ՙԿրակ չէ` ինչ է՚ գիրքը եզրափակվում է ՙՄեզ նման են մեր սարերը՚ շարքով։ Այն պատկերավոր բանաստեղծությունների խոսուն շարք է, որի հերոսները Արցախյան պատերազմի դյուցազուններն են, նրանց հայրենասեր որդիները, որոնք իրենց հայրերի հերոսական ուղիով թևածում են դեպի գալիք, դեպի Մայր Հայաստան` հոգիներում վառած աշխարհասփյուռ հայության միացյալ հայրենիքի երազանքը։