Logo
Print this page

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԳԻՏՆԱԿԱՆ ՎԱԴԻՄ ԱՎԱՆԵՍՈՎՆ ԷՐ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հրավերով նոյեմբերի 6-10-ը հանրապետության ուսուցիչների, ԳԹԿ մասնագետների համար դասընթացներ վարեց հայտնի թեստաբան, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր հայրենակից(արմատներով Հադրութի շրջանի Ծամձոր գյուղից) Վադիմ Ավանեսովը: Նա Ռուսաստանում և միջինասիական հանրապետություններում իրավամբ թեստաբանության` մանկավարժական չափումների գիտության, հիմնադիրն է: Իր հեղինակային դասընթացներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում: ՙԹեստային ձևերի կիրառումը նոր կրթական և ատեստավորման տեխնոլոգիաներում՚ թեմայով նա դասախոսություններ և պարապմունքներ անցկացրեց Ստեփանակերտի ՙՎալլեքս Գարդեն՚ հյուրանոցային համալիրի դահլիճում` հանրապետության տարբեր առարկաների հարյուրից ավելի ուսուցիչների համար: 5-օրյա դասընթացների ընթացքում ուսուցիչները սովորեցին կազմել թեստային ձևերով առաջադրանքներ ուսումնական նյութի քվանտավորման(տեքստը փոքր մասերի բաժանելու) միջոցով: 

ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանի պարզաբանմամբ` այն, ինչ մինչ այսօր ներկայացվում էին ուսուցիչներին որպես թեստեր, ընդամենը թեստային առաջադրանքների ժողովածու էր: Թեստը բարդ համակարգ է, մանկավարժական չափումների մի տեսակը:
Վ. Ավանեսովի խոսքով` նպատակն է արցախցի ուսուցիչներին դնել ժամանակակից այնպիսի ուղու վրա, որով այսօր գնում են աշխարհի լավագույն կրթական համակարգ ունեցող երկրները: Օրվա առաջին կեսին դասընթացի մասնակիցները լսում էին դասախոսություն ժամանակակից մանկավարժական սկզբունքների մասին, իսկ երկրորդ կեսին` կատարում ուսումնասիրման աշխատանքներ: ՙՄինչև հիմա ուսուցիչը պատմում է, ցուցադրում, օգնում աշակերտին: Հիմա մենք պատրաստում ենք քվանտային գրողներ, որոնք ի վիճակի են ոչ միայն պատմել, այլև ստեղծել նոր մանկավարժական ստեղծագործություններ ուսումնական տեքստերի քվանտավորման միջոցով` թեստային առաջադրանքների ձևերով՚,-ասաց գիտնականը: Նա դասընթացի մասնակիցներին է փոխանցել իր մանկավարժական սկզբունքների և մեթոդների ամբողջական փաթեթը:
Ուսուցիչների առկա ուսուցմանը կհետևի հեռավար ուսուցումը: Մեկ շաբաթվա ընթացքում նրանք պրոֆեսոր Ավանեսովին կուղարկեն իրենց քվանտավորված թեստային ձևերով առաջադրանքները:
ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի հետ հանդիպման ժամանակ գիտնականը տեղեկացրեց, որ դրանք կստուգվեն և լավագույնները կերաշխավորվեն տպագրության համար: Նախարարի խոսքով` կստեղծեն տարբեր առարկաների մասնագետներից կազմված աշխատախումբ, որը կզբաղվի այդ նյութերի խմբագրմամբ և հրատարակմամբ, այսպիսով` ստեղծելով ուսումնական տեքստերի բանկ թեստային առաջադրանքների համար, ինչը կհեշտացնի ուսուցիչների աշխատանքը:
Պրոֆեսոր Ավանեսովը միևնույն ժամանակ արտահայտել է արդյունավետ կրթության համար ուսումնական լրիվ օրվա գաղափարը, որը հնարավորություն կտա ունենալ ուսուցանման և ուսումնասիրման փուլեր: Աշխարհի լավագույն կրթական համակարգ ունեցող երկրները հենց այդ ճանապարհն են անցել:
ՙՄենք շատ ենք հետ մնացել, այլևս ժամանակ չունենք: Ուստի անհրաժեշտ է ունենալ գաղափարներ` թեորիայով, մեթոդներով, տեխնոլոգիաներով՚,- վերջում ասաց գիտնականը:

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.