ՄԱՐԴ, ՈՎ ՉԻ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԳԱՂԱՓԱՐԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀՈՎ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
93 տարեկան հասակում երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր ժողովրդի արժանի զավակներից մեկը՝ Արշավիր Ալեքսանի ԳԱԼՍՏՅԱՆԸ։ Մարդ, ում արածն ու թողածը սերունդների համար անգնահատելի է։ Մարդ, որ իրավունք ուներ հպարտանալու իր ապրած ինը տասնյակից ավելի տարիների ձեռքբերումներով։ Իր համեստ ու արժանապատիվ պահվածքով նա հայի այն տեսակն էր, որ անխոնջ ու լուռ աշխատում էր՝ իր ներաշխարհում զգալով ազգային ու համամարդկային արժեքները պահպանելու և գնահատելու կարևորությունը։
Ծնվել է 1927 թվականի հունվարի 19-ին Ասկերանի շրջանի Նորագյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի յոթնամյա դպրոցում, իսկ միջնակարգը՝ Խնապատում։ 1946թ. ընդունվել է Ստեփանակերտի երկամյա մանկավարժական ինստիտուտի պատմական բաժինը։ Ավարտելուց հետո աշխատել է Նորագյուղի յոթամյա դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։ 1949թ. նշանակվել է նույն դպրոցի տնօրեն։ 1952թ. ընտրվել է Ստեփանակերտի կոմերիտշրջկոմի առաջին քարտուղար։ 1954թ. նշանակվել է Խնապատի միջնակարգ դպրոցի տնօրեն, իսկ 1961 թվականի փետրվարի 5-ին ընտրվել է Նորագյուղի խոշորացված կոլտնտեսության վարչության նախագահ։ Երեք տասնյակից ավելի տարիներ եղել է այդ տնտեսության ղեկավարը, և նրա նախագահության տարիներին Նորագյուղի ՙՀաղթանակ՚ կոլտնտեսությունը դարձել է մարզի առաջավոր, զարգացած տնտեսություններից մեկը։
1993 թվականին՝ Արցախյան պատերազմի ծանր տարիներին, ՙժամանակի հրամայականով՚՝ անցավ վաստակած թոշակի, բայց տանը ՙհանգիստ՚ նստել չկարողացավ… Աշխատանքի անցավ ՙԱրցախշինտրեստ՚ օժանդակ տնտեսությունում՝ որպես վարիչ։
Ա. Գալստյանի աշխատանքային գործունեության ծանրագույն կշիռը նոր Նորագյուղի կառուցումն էր. նրա մեծագույն երազանքը հայրենի գյուղը լեռնային գոտուց հարթավայր տեղափոխելն էր, ինչն էլ պսակվեց հաղթանակով։ Բազմաճյուղ տնտեսության բազմաթիվ հոգսերին զուգընթաց նա կարողացավ նախաձեռնել հին, անհեռանկար բնակավայրի տեղափոխումը և նոր բարեկեցիկ բնակավայրի կառուցումը։ Գաղափարն իրականություն դարձավ գյուղացիների և տնտեսության ղեկավարների համախմբվածության ու միասնական լինելու շնորհիվ։ Խոշոր տնտեսության բազայի հենքի վրա հնարավոր եղավ երկու գյուղերի՝ հին Նորագյուղի և Սարդարաշենի վերաբնակեցումը նոր Նորագյուղում։
Խոջալու ադրբեջանական բնակավայրի դեմ-դիմաց կառուցվեց գյուղ, որը դարձավ բերդ, դարձավ պատնեշ և ռազմավարական նշանակություն ունեցավ Ղարաբաղյան շարժման տարիներին. Հացուտի տեղամասով Ասկերանի պաշտպանական գնդի հետ կապող ՙկյանքի ճանապարհ՚ (քարե) կառուցվեց… Իսկ Նորագյուղի ալրաղացը պատերազմի ծանր ժամանակաշրջանում մեծ նշանակություն ունեցավ հարևան գյուղերի բնակչության համար։
Արշավիր Գալստյանի հավատամքն ու ցանկությունը գյուղական բնակավայրերի զարգացումն էր։ Նրա հետ ունեցած մեր հարցազրույցների ժամանակ նա միշտ էլ ցավով է խոսել արցախյան գյուղերի ներկայիս վիճակի մասին։ ՙԳյուղը մեր հարստության շտեմարանն է, տնտեսության զարգացման հիմնաքարը, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել։ Երկրի տերերը նրանք են, ովքեր կապված են հողի հետ։ Հողագործ մարդկանց պատիվը պետք է բարձր պահել, մեծարել, անընդհատ քարոզել։ Նոր սերունդը պետք է ճանաչի նրանց, չասի, թե Արցախում աշխատատեղ չկա։ Նա, ով ասում է, թե աշխատանք չունի, նշանակում է՝ չի կարողանում, չի ուզում աշխատել։ Հողը միշտ վարձահատույց է լինում տիրոջը։ Հողագործությամբ զբաղվողը սոված չի մնում։ Պետք է իմանալ հողի լեզուն՚,- ասում էր նա։
Ինքը՝ Ա. Գալստյանը, լավ էր հասկանում հողի լեզուն և մինչև կյանքի վերջին րոպեն աշխատում էր իր իսկ ձեռքով ստեղծած մի քանի հեկտար տարածությամբ հրաշք այգում։ Շատերն էին բարի նախանձով նայում նրա պատկառելի տարիքին ոչ յուրահատուկ աշխատասիրությանն ու աշխուժությանը, ուժին ու եռանդին, կենսասիրությանը։ Նա կողմնակիցն էր տնտեսությունների խոշորացմանը, և հույս ուներ, որ մոտ ապագայում նման գործընթաց կսկսվի։ Բոլորովին վերջերս մի առիթով ասել էր. ՙՆորագյուղի ՙՀաղթանակ՚ տնտեսությունը միավորում էր հարևան չորս գյուղերը։ Միմյանցից 10 կմ հեռավորության վրա գտնվող այդ գյուղերը կարողացել են միասնության շնորհիվ 30-32 տարի ապրել ապահով։ Մի համայնքում եթե երաշտ է եղել, կամ կարկտահարվել են ցանքատարածքները, մյուս կողմը՝ մյուս համայնքը, լրացրել է բացը։ Պետությունն էլ կանգնել է գյուղացու թիկունքին, սերմացու է տրամադրել… Ապախոշորացումը տնտեսությունների մեջքը կոտրեց, գյուղական բնակավայրերը թառամեցին, Նորագյուղը՝ առավել ևս։ Սիրտս ցավում է իմ հարազատ գյուղի համար՚։
Հիրավի, մինչև կյանքի վերջն էլ մտածում էր գյուղի բարեկեցության մասին։ Անկատար երազանքն էլ դարձյալ գյուղի հետ էր կապված. ՙԵրազում եմ Նորագյուղի կենտրոնը դարձնել մի գեղեցիկ դրախտավայր՝ մշակույթի իր օջախներով, մանկական խաղահրապարակներով, որ երեկոյան այնտեղ թնդան մարդկանց ծափն ու ծիծաղը, եռա կյանքը… ՚։
Արշավիր Գալստյանը երբեք շահի հետևից չի ընկել. ժամանակին ինքն է ասել՝ ՙչեմ փոխի գաղափարը հազար տեսակ շահի հետ՚։
Տարբեր ժամանակներում՝ ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային, արժանացել է բազմաթիվ պարգևների և գովասանագրերի։ Ստացել է ՙԳերազանցիկ ուսուցիչ՚ կոչում, պարգևատրվել ՙԱշխատանքային Կարմիր դրոշի՚ երկու շքանշանով, ՙԱշխատանքային արիության համար՚ 4 մեդալներով։ Իսկ 2006-ին արժանացել է ԼՂՀ պետական բարձր պարգևի՝ ՙԳրիգոր Նարեկացի՚ մեդալի։ Բացի այդ, վերջին ժամանակներս էլ ԱՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է ՙԱնանիա Շիրակացի՚ մեդալով, արժանացել գյուղնախարարության ՙՈսկե մեդալի՚։
2016 թվականին երկարամյա և բարեխիղճ աշխատանքային գործունեության, գյուղի զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդի և նոր Նորագյուղի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ համայնքի ավագանու որոշմամբ Ա. Գալստյանին շնորհվեց համայնքի Պատվավոր քաղաքացու կոչում։
Արշավիր Գալստյանի հիշատակը միշտ վառ կմնա երախտապարտ նորագյուղցիների, ինչպես նաև բոլոր նրան ճանաչողների սրտերում։