[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐՎԱՆԻՑ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍԵՆ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Մարտի 6-ին Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ. 1 հիմնական  դպրոցում տեղի ունեցավ ԱՀ առողջապահության և կրթության, գիտության ու սպորտի  նախարարությունների համատեղ խորհրդակցություն, որին մասնակցում էին մայրաքաղաքի նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական դպրոցների, նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական և բարձրագույն կրթական հաստատությունների պատասխանատուներ, բուժաշխատողներ:

Բացելով խորհրդացությունը կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասաց, որ, կապված  տարածաշրջանում կորոնավիրուսի վտանգի հետ և մեր հանրապետությունում սուր շնչառական վարակները (ՍՇՎ) կանխարգելելու նպատակով ուսումնական հաստատություններում պարապմունքներն ընդհատել են, սակայն  երկուշաբթի օրվանից դրանք կվերսկսվեն, և ուսհաստատությունների պատասխանատուներին  հրավիրել են համատեղ քննարկելու` ինչպես կազմակերպել ուսումնական գործընթացը:

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հանրապետությունում  ՍՇՎ-ի իրավիճակը ներկայացնելուց առաջ փարատեց որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվությունը Մարտունու շրջանում  կորոնավիրուսի դեպքի մասին: Իրականությունն այն է, որ Արցախում գրանցել են շուրջ 40 հոգու, որոնք եկել են Իրանից կամ Իտալիայից (որտեղ կորոնավիուս է արձանագրվել): Նրանց նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանվել, ամեն օր բուժաշխատողների կողմից նրանք ջերմաչափվում են, քանի որ կորոնավիրուսը դժվար է զանազանել սովորական գրիպից: Մինչ օրս նրանցից 30-ից ավել վերցված փորձանմուշներ են ուղարկվել Հայաստան, բայց բոլորի պատասխաններն էլ եղել են բացասական: Նույն կերպ էլ երկու օր առաջ Իրանից ժամանած մարտունեցի ամուսինների հետ են վարվել: Նրանք ընդամենը մեկ օր են ջերմություն ունեցել: Սպասում են փորձանմուշի պատասխանին: Ամեն դեպքում հանրությունը կիրազեկվի: ՙՎստահեցնում եմ, մինչ այս րոպեն Արցախում կորոնավիրուսով վարակ չի արձանագրվել: Իսկ լինելու դեպքում պատրաստ ենք այնքանով, ինչքանով որ Հայաստանի Հանրապետությունը՚,- ասաց Ա. Բաղրյանը` հավելելով, որ  պատրաստ են  բոլոր միջոցառումներն իրականցնել Միջազգային առողջապահության կանոններին համապատասխան: Իսկ այդ կանոններում նոր բաներ չկան, դրանք բոլորին ծանոթ ուղեցույցներն են, որ սովորական գրիպի ժամանակ խորհուրդ են տրվում: Ամենակարևորը հիգիենայի կանոնները պահպանելն է:  Համեմատություն անցկացնելով  ՍՇՎ-ի անցյալ տարիների հետ` Ա. Բաղրյանն ասաց, որ ներկա իրավիճակն ավելի վատ չէ նախորդ տարիների համեմատ, որի ժամանակ դպրոց կամ մանկապարտեզ չեն փակել. ՙԱյսօրվա տվյալներով ՍՇՎ-ի այն ցուցանիշներն են Արցախում, ինչ նախորդ ժամանակաշրջաններում՚,-հավելելով, որ խուճապի մատնվելու կարիք չկա:

ԿՍ նախարար Ն. Աղաբալյանն ասաց, որ մինչև ուսումնական տարեվերջ պետք է լրացվեն բաց թողնված պարապմունքները, այդ նպատակով որոշում են ընդունել աշխատել խնայողական ռեժիմով` դասաժամը  45 րոպեի փոխարեն դարձնել 40: Այդպես և° ծրագիրը կհասցնեն, և° երեխաներին չեն ծանրաբեռնի, ինչը նույնպես բացասաբար է անդրադառնում օրագանիզմի դիմադրողականության վրա:

Նախարարը շրջել է Ստեփանակերտի բոլոր հանրակրթական դպրոցներում, ստուգել ջրածորակների վիճակը: Եթե հիգիենայի կանոններով պահանջվում է, որ երեխան օրվա ընթացքում մի քանի անգամ ձեռքերը լվանա օճառով, ուրեմն պետք է ապահովել այդ հնարավորությունը: Պետք չէ տնտեսել նաև ախտահանող նյութերը: Նախարարը վստահեցրեց, որ հարկ եղած դեպքում դրանք կավելացվեն: Բոլոր ջրածորակներից ցուցանմուշ է վերցվել խմելու համար պիտանիությունը ստուգելու նպատակով: Ուսումնական հաստատություններին  բաժանվել են ծանուցող պաստառներ: Ծնողների հետ  մանկավարժները պետք է զրույցներ անցկացնեն սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցող ԱՀ ՙՀամաճարակաբանության և հիգիենայի կենտրոն՚ ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Օֆելյա րիգորյանը  և ԱՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը  հորդորեցին ուսուցիչներին հետևողական լինել սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման գործում, հիվանդ երեխաներին և ուսուցիչներին արգելել հաճախել դպրոց: Իսկ սանիտարական բժիշկ Էռնա Բաղրյանը ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսը:

Քանի որ օրգանիզմի դիմադրողականության բարձրացման ձևերից մեկն էլ լավ տրամադրությունն է` երկու նախարարությունների կողմից վարդեր բաժանվեցին խորհրդակցության կին մասնակիցներին` առաջիկա տոնի` Մարտի 8-ի առթիվ: