[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱՍԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, փակվել են ուսումնական բոլոր հաստատությունները, սակայն ուսումնական գործընթացը չի կասեցվել. այն կազմակերպվում է հեռավար։ Համաշխարհային վարակը բոլոր երկրներին ստիպել է անցնել կրթության այս ձևին։ Բայց եթե շատ երկրներում հեռավար կրթությունը ձևավորված փորձ ունի, Հայաստանում, առավել ևս՝ Արցախում, այն առաջին քայլերն է անում հատկապես հանրակրթության ոլորտում, որը ոլորտի ամենակարևոր օղակն է։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ  ԿQՄՍ նախարարի առցանց ասուլիսից, կառավարության ծրագրով հեռավար կրթության համակարգի  ներդրումը հանրակրթության ոլորտում սահմանված էր 2021թ. դեկտեմբերին, սակայն ստեղծված իրավիճակը ստիպում է ծրագիրն ավելի շուտ իրականացնել։

Չնայած առկա դժվարություններին, Արցախի կրթական համակարգը կարճ ժամանակահատվածում կարողացավ դրվել հեռավար ուսուցման ռելսերի վրա։ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, համագործակցելով հայաստանյան գործընկեր կառույցի հետ, մի շարք քայլեր է ձեռնարկել կրթական գործընթացը հեռավար կազմակերպելու ուղղությամբ։ Հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով նախարարի մոտ պարբերաբար տեղի են ունենում աշխատանքային հանդիպումներ։ Նշվում է, որ անհրաժեշտ է ուսումնական աշխատանքները պլանավորել՝ համատեղելով այլընտրանքներն ու առկա հնարավորությունները։ Նախարարությունը հարցում է կատարել ընդհատված ուսումնական գործընթացը հեռավար ձևով իրականացնելու, հեռավար ուսուցման կազմակերպան հնարավորություններն ու խնդիրները ուսումնասիրելու, լուծումներ մշակելու և ներդնելու նպատակով։ Կրթության տեսուչները, որպես աշակերտներին օգնություն, նախարարության կայքէջում դասացուցակներ են ներկայացրել, որտեղ արկա են ուսումնական պլանով նախատեսված թեմաներն ըստ առարկաների՝ համապատասխան հղումով։ Առաջարկվող նյութերը կօգնեն  ավելի արդյունավետ դարձնել ինքնակրթության կամ հեռավար կրթության գործընթացը։ 

Անշուշտ, կազմակերպչական աշխատանքները կարևոր են, բայց առավել կարևոր է  ուսուցչի պատրաստակամությունը՝ ջանք չխնայել՝ սովորելու տեխնոլոգիական նորագույն միջոցներից օգտվելու ձևերը, լծվել հեռավար ուսուցմանը։  Ուսուցիչներն աշակերտների հետ կապ են հաստատում տարբեր կերպ. Skype, Viber, Zoom, Whats App, Messenger  և այլ հարթակներով։ Ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների համար թեմաների յուրացման, գործընկերների փորձի ծանոթացման լավագույն միջոց են TV-ով և  YOOTUBE-ով տրվող դասերը։

Անշուշտ, տարբեր են մայրաքաղաքի ու շրջանների և, առավել ևս, փոքր գյուղերի դպրոցների տեխնիկական, ուսուցչական և աշակերտական հնարավորությունները։ Նրանց մի մասը պատրաստ է, մի մասն էլ չի կարողանում տիրապետել տեխնոլոգիական հնարավորություններին։ Հիմա ուսուցիչները ավելի շատ են ծանրաբեռնված և ավելի շատ են աշխատում, քան նախկինում։ <<Երբ մեր բժիշկները պայքար են մղում անգամ կյանքի գնով պահպանելու հիվանդների առողջությունը, ստեղծված արտակարգ իրավիճակում պակաս կարևոր չէ մատաղ սերնդի ուսուցումը կարանտինային պայմաններում։ Onlineո ուսուցումն առայժմ ամենաարդյունավետ ձևն է կրթության շարունակականությունը ապահովելու համար։ Կարելի է ասել, որ հեռավար ուսուցումը միակ փրկօղակն է աշակերտներին չկտրելու ուսուցումից, և մանկավարժներից պահանջվում է զգալի աշխատանք>>,- ասում է Շուշիի Խ. Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցի ուսուցչուհի Վարդիթեր Հակոբյանը։

<<Հեռավար ուսուցման իրականացումն այս օրերին պարզապես անհրաժեշտություն է։ Սա միակ ճանապարհն է սահմանված ժամանակացույցից ետ չմնալու համար>>,- ասում է Մարտունու Ն.  Ստեփանյանի անվան հ. 1 միջնակարգ հոսքային դպրոցի փոխտնօրեն  Ջուլիետ Սարգսյանը։

Հեռավար ուսուցուման կազմակերպման գործում առկա են մի շարք խնդիրներ։ Որոշ վայրերում՝  ինտերնետի անհասանելիությունը կամ թույլ կապը, ոչ բոլոր աշակերտների՝ համակարգչով  կամ ժամանակակից հեռախոսով ապահովված լինելը, միևնույն ընտանիքում մի քանի դպրոցահասակ երեխաների առկայությունը։ Նախարարության հարցումներն ի հայտ են բերել, թե որտեղ ինչ խնդիրներ կան, և աստիճանաբար լուծում են ստանում։ Այսպես, օրերս Հարավ գյուղի դպրոցը համակարգիչներ և պլանշետներ ստացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքի կողմից. դրանք կբաժանվեն առավել կարիքավոր ընտանիքներին։ Բերձորում ևս բարեգործական առաքելություններ են կատարվել։ Qործընթացը շարունակական է։

Համավարակը հնարավորություն է հեռավար կրթության համակարգի կարևորությունը գիտակցելու և այս ուղղությամբ ներդրումներն էականորեն ավելացնելու համար։ Առաջացած ճգնաժամի հետ մեկտեղ այն նաև դրական ազդեցություն ունի. արագացնում է խնդիրների լուծումը։

Ճիշտ չէր լինի ասել, թե հեռավար ուսուցման արդյունքում դասապրոցեսը 100 տոկոսով լավանում է։ <<Այբ>> դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը <<Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում>> առցանց լսումների ժամանակ ներկայացնելով իր պատկերացումները, որոնք նաև այս օրերին տարբեր երկրներում ապրող իր գործընկերների հետ շփումներից ստացած տպավորություններն են, ասաց, որ կրթությունն այլևս նախկինը չի լինի, և շատ մեծ փոփոխություններ են ակնկալվում, ու դրանք անխուսափելի են. <<Մենք ունենք երկու ճանապարհ. կամ մնալ19-րդ դարում, կամ պահն օգտագործել, որպեսզի բոլոր զարգացած երկրների հետ թռիչքաձև անցնենք 21-րդ դար>>։  Նրա խոսքով՝ որպես երկիր, այս պահին այլընտրանքի առջև ենք կանգնած և ամեն բան պետք է անենք, որ ձեռք բերած փորձը կիրառենք այս օրերին։  Փախչանյանը չի պնդում, թե կրթությունն ամբողջովին կդառնա առցանց։ Բայց ասում է, որ հետաքրքիր հիբրիդային մոտեցում է ձևավորվելու, և այդ մոտեցումը դառնալու է ոչ միայն դպրոցական, այլ նաև համալսարանական կրթության մաս, և հետո կյանքի, աշխատանքի մաս։ Աշխարհում շատերը փակել են օֆիսային տարածքները, ստեղծել են cօ-working-ներ (համագործակցություն, աշխատանքի կազմակերպման մոտեցում), որտեղ մարդիկ աշխատում են։

Այսպիսով, աշխարհն է փոխվել, և դրան համապատասխան՝ անխուսափելիորեն դպրոցական միջավայրը պետք է փոխվի։ <<Երեխաները չեն հասկանա, եթե իրենց նորից խցկեն դասարանները, և ուսուցիչը այն հին ձևով սկսի նրանց հետ խոսել։ Զարմանալու են, թե ինչու այդ դեպքում իրենք այդքան տանջվեցին, այդքան հմտություններ ձեռք բերեցին, որ հիմա չեն օգտագործելու>>։

Շատերի պես Փախչանյանը դրականորեն է վերաբերվում այս ամենին. <<Կարծում եմ, որ զարմանալի, հետաքրքիր փորձ ձեռք բերեցինք, հետաքրքիր փորձառություն։ Սա շատ մեծ արժեք է, և մենք իրավունք չունենք այդ արժեքը կորցնելու>>։

Այսպես թե այնպես, հանրակրթարաններում ուսումնական գործընթացը կանգ չի առել կորոնավիրուսի պարտադրած պատերազմում։ Թե որքանով են դպրոցներում հասցրել ուսումնական պլանով նախատեսված նյութը տալ աշակերտներին՝ դարձյալ կպարզեն նախարարության դիտարկումները, և  ըստ այդմ էլ որոշում կընդունվի՝ հավելյալ դասերի կարիք կա՞, թե՞ ոչ։