[ARM]     [RUS]     [ENG]

Հարցազրույց գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի հետ

Անի Մանգասարյան

 -Պարոն Հովհաննիսյան, այս տարիքում որտեղի՞ց է սնվում տողը: Գրու՞մ եք:

-Խորհրդային երկրից ունեցած արտահայտություն ունենք` <<երջանիկ ծերություն>> . մեր գաղափարախոսության շուռ տված  ձևն է: Խոսքը միայն տարիքը չէ , այլ` մարդ ինչպես է զգում այս միջավայրում  կամ ինչպիսին է   վերաբերմունքը հասարակության ու մարդու նկատմամբ:  Այս ամբողջը  խառնաշփոթ  իրավիճակ է ստեղծում: Անհանգստության զգացողությունն է վաղվա օրվա նկատմամբ: Տարիների հետ մոռացվում են շատ բաներ, անտեսվում` շատ բաներ: Կողքովդ անցնում են ու չեն նկատում քեզ: Լքվածության զգացում կա մարդու մոտ, և տարիների հետ այդ զգացումը խորանում է: Միայնակության զգացումը երևի ծերության ախտանշաններից մեկն է: Դա մի կողմից: Մյուս կողմից էլ, ըստ էության,   մարդու և հասարակության հարաբերություններն են արժեզրկվել: Ինչո՞ւ այսպես ստացվեց: Ո՞րն է    այն սխալը , որ ես թույլ եմ տվել և որն այսօր արտահայտվում է իմ կյանքում ու  մարդկանց հետ իմ հարաբերություններում: Այս հարցերն են  անընդհատ հետապնդում մարդուն:  Բայց դե բնությունն է մարդուն այդպիսին  ստեղծել ... Շատ հարցեր են  ծնվում, բայց պատասխան չեն գտնում: <<Չաստվածների խնջույք>>-ում այս հարցերի շուրջ բավականին մտորումներ ունեմ: Այդ մտորումները լուսավոր դուռ  չեն տեսնում: Փայփայում ենք  բարոյական բարձր նպատակներ, մինչդեռ  նայում ենք  միմյանց,  երկուստեք զգում ենք, որ սուտ ենք խոսում, բայց ձևացնում ենք, որ ամեն ինչ ճիշտ է:  Հասարակական կյանքի բոլոր աստիճաններում  այդ զգացումը կա: Այդ  մտորումներն ու անհանգստությունն անընդհատ հետևում են: Հիմա ինձ համար շատ ծանր է գրելը: Շատ պատճառներով:  Տողը դժվար է ծնվում, բառը դժվար է ծնվում,  ծնված բառն էլ  ընկնում է այնպիսի անհանգիստ վիճակի մեջ, որ չգիտես   այդ բառն արդյոք արժե՞ օգտագործել…

-Իսկ որտեղի՞ց էր գալիս  <<13- ի նամակ>>-ի ու Արցախյան շարժման  լավատեսությունը:

-Մենք վերապրեցինք երջանիկ օրեր : Մենք պայքարում էինք, հավատում էինք , որ ամեն ինչ բարենպաստ ավարտ կունենա  մեր ժողովրդի համար ... Կյանքիս ամենաերջանիկ պահերից մեկն էր, երբ մերոնք մտան ու ազատագրեցին Քարվաճառը: Երկար ժամանակ ես խորհել եմ. այնուամենայնիվ, մարդս  կատարյալ չի ստեղծվել, և Աստծո հղացած մարդը փոխվել  է շատ իր էությամբ ու  նպատակներով: Գուցե տարիքն է ինձ հուշում նման մտորումներ , գուցե այդպես է նաև իրականության մեջ:   Մենք ծանր ժամանակներ ենք  ապրում, և պատահականությունը դարձել է օրենքի նման բան, որը  որպես փաստ, որպես իրողություն մատուցում ենք ինքներս մեզ: Գետը հոսում է պղտոր ու անմաքուր, բայց բնությունն  այնպես է ստեղծել, որ հոսանքի հետ ջուրը ինքնամաքրման հզորություն ունի: Հուսանք, որ այս ինքնամաքրման  գործընթացն  այնուամենայնիվ տեղի կունենա,և ամբողջ աշխարհը խելքի կգա, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել ու   տեղ է ունենում,   համեմատելի չեն իրենց կործանարար հետևանքներով ու  հոռետեսական նկրտումներով: Հուսամ, որ մարդկությունը  ինքնապահպանման, ինքնաշարունակման ուժեր կգտնի և  ճիշտ ճանապարհի կգա: Անցյալի լուսավոր  մտքերը միշտ հուսադրում են, որ կյանքը պետք է իր բնական շարունակություններն ունենա:

 

 

՞րն եք համարում Ձեր գլխավոր ձեռքբերումը:

-Գրական վաստակը շատ առեղծվածային երևույթ է, որ ոչ ոք չի կռահի: Ժամանակն ինքն է որոշում իր արժեքները: Գործն է անմահ . Հ.Թ .: Այդ գործն է, եթե բնությունը տվել է, պետք է  ստեղծվի, եթե չի տվել` ջանքերը իզուր են, արհեստական կլինի:

-Ձեր գործերի առանցքում մանկությունն է…

Մանկությունն, ըստ էության,  ոչ սկիզբ ունի, ոչ` ավարտ: Մանկության առանձնահատկություններից է: Մենք հասկացանք այն ժամանակ, երբ լուսադեմին մոտ արթնանալով  քնից վեր էինք կենում,  կոպիտ է հնչում, բայց քաղցից  <<կաղկանձում>> էինք: Այնուամենայնիվ,  դիմացանք, դիմադրեցինք: Հոգու մեջ շատ երազներ ունեինք, պայքարեցինք այդ երազների համար:  Մի մասը դժվար էր իրականացնել, մյուս  մասը`  այսպես թե այնպես,   իրագործեցինք: Այն, ինչ  ճակատագրով  է քեզ տրված`  քոնն է: Կյանքի ճանաչողությունը սկսում է մանկությունից:  Այդ ժամանկներից էլ  այն տպավորությունները, որոնք  մնում են մեր հոգում, մեր  մտքում ու  մեր երևակայության մեջ, պահպանվում են  մեր  մեջ` ինչ-որ տեղ  խթանում, ինչ- որ տեղ նաև խանգարում, բայց մենք` Մենք ենք: Ասում են` մարդու կենսագրությունը սևագրություններ չի անում, փոփոխել, ուղղել չի լինում: Քո ճակատագիրը քոնն է. սա է իրողությունը:  Միշտ   մեր մեջ մի բան տանում ենք մեզ հետ: 

՞նչ է բերում և տանում ժամանակը:

-Օդապարիկի, խաղալիքի պես  մի բան է:  Հին հռոմեացիներն ասում են. <<Օգտվիր ժամանակից>>: Այո,պետք է օգտվել, և ժամանակն է  հուշում, որն է շարժիչ  ուժը մարդու համար: