[ARM]     [RUS]     [ENG]

Ազգի համախմբումը որպես գոյության պարտադիր պայման

Նվարդ Սողոմոնյան 

 - Նոր տիպի կորոնավիրուսի սահմանափակումների պայմաններում Աշոտ Սարգսյանն ինչպե՞ս է տեղավորվում ժամանակի մեջ։

- Նախ ասեմ, որ կորոնավիրուսի բերած սահմանափակումները ես համարում եմ տնային կալանք. մշակութային օջախները, կառույցները չեն աշխատում, զանգվածային միջոցառումները չեղարկված են, աշխատանքի չենք  գնում։ Տանը մնալով՝  կազմել եմ ծրագիր, որի համաձայն անց եմ կացնում իմ ժամանակը։ Օրն ինձ համար սկսվում է մարմնամարզությամբ, ապա ծանոթանում եմ տեղեկատվական դաշտին, այնուհետև՝ գիրք ընթերցում. ունեմ 3 նախընտրած գիրք, որոնց  ամեն տարի պարտադիր  անդրադառնում եմ։

- Գեղավերստակա՞ն, թե՞ մասնագիտական…

-  Գեղարվեստական. Լևոն  Շանթի <<Հին աստվածները>>, ՇԵքսպիրի <<Օթելլոն>>, Պերճ Զեյթունցյանի  <<Արշակ 2-րդը>>։ Ընթերցանությունից հետո անցնում եմ ստեղծագործելուն։ Շատ մտահաղացումներ ունեմ կապված  հեքիաթի ժանրի հետ։ Ասեմ, որ գրածներիս վրա ամենօրյա աշխատանք եմ կատարում։ Առաջներում  ժամանակը չէր հերիքում։ Կորոնավիրուսը նույնիսկ ժամանակի ավելցուկ բերեց։ Այս օրերին  երկու նոր հեքիաթ եմ գրել Ղարաբաղյան  բարբառով։

-  Ինչո՞ւ հատկապես բարբառով։

-  Այդպես ինձ համար  հետաքրքիր էր.   20-30 հեքիաթ ունեմ հորինած։ Բարբառով գրածներում պահպանում եմ հայկական ժողովրդական հեքիաթների  ավանդույթները, ժանրային ոճական առանձնահատկությունները։ Ի դեպ, փորձում եմ հեքիաթներին  ժամանակակից  շունչ  հաղորդել,  հատկապես  ուշադրություն եմ դարձնում ուսուցողական-դաստիարակչական նշանակությանը։  Իմ հեքիաթներում ուշադրություն եմ դարձնում արցախցուն հատուկ հոգեկերտվածքին, բնավորությանը, մտածելակերպին։ Վերջերս գրած հեքիաթների մեջ նաև քաղաքականություն է  սպրդել, լավագույն օրինակը  << Ցորենիկն>> է, <<Թզուկը >>, <<Պոզը կոտրած էծը>>։ Հորինելն ինձ համար հեշտ էր, բայց գրի առնելու ժամանակ շատ դժվարություններ առաջացան։  Ամիսներ են պահանջվել, որ ուսումնասիրեմ ուղղագրությունը։ Իմիջայլոց, ի տարբերություն գրական հայերենի, Ղարաբաղի բարբառում  արտահայտչամիջոցները սակավ են։ Բարբառով  գրած քառյակներ և խաղիկներ էլ ունեմ։

 - Մասնագիտությամբ  ֆիզիկ-մանկավա՞րժ ես …

 - Հիմնականում։ Բայց նաև տիրապետում եմ այլ մասնագիտությունների, օրինակ,  ծեփագործ ներկարար եմ, 4 տարի լրագրող եմ աշխատել, աշխատանքի բերումով առնչվել եմ մարդու իրավունքի հարցերին, կրոնի գծով  փորձագետ եմ, գիտեմ նաև գրակազմություն։ Զբաղվել եմ զինագործությամբ՝  մինչև արցախյան պատերազմը սկսելը …

- Զինագործությունից մինչև … հեքիաթներ…

- Ինձ թվում է մարդու մոտ ստեղծագործելու առաջին ցանկությունը առաջանում է հայրենիքի հանդեպ սիրուց, հետո գալիս է մայրական մոտիվը, հետո՝ սերը, խոհական մոտիվը … Ուսանողական տարիներց ինձ  հետաքրքրել են  փիլիսոփայությունը և հոգեբանությունը։

- Անդրադառնանք հոգևոր ոլորտին։ Այսօր հասարակական-քաղաքական կյանքում կատարվող գործընթացներով ինչքանո՞վ ենք մոտենում քրիստոնեական արժեքներին։

- Ազգին առաջնորդում են աշխարհիկ և հոգևոր իշխանավորները։ Ցավոք, ոչ դպրոցում, ոչ բարձրագույն   ուսումնական հաստատություններում  չեն ուսուցանում, թե ինչ է հոգևոր իշխանությունը։ Հոգևոր իշխանությունը ծխական  խորհուդներն են,  թեմական խորհուրդը, եպիսկոպոսական ժողովը, հոգևոր գերագույն խորհուրդը։ Մենք, սկսած Հայկ նահապետից, ապրել ենք համայնքներով։ Համայնքային կյանքի շնորհիվ է, որ, չունենալով աշխարհիկ իշխանություն, ազգը պահպանել է գոյությունը։ Ազգը համախմբվել է եկեղեցու շուրջ, որը ծառայել է  որպես հոգևոր  և  աշխարհիկ կառույց։ Խորհրդային կարգերում եկեղեցին արգելվել է, բայց ազգը էլի ապրում էր համայնքներով՝ կոլեկտիվ տնտեսությունների, սովխոզների ձևով։ Վերացվեց կոլեկտիվ հասկացողությունը, այսինքն՝ մարդկանց համախմբման ձևը։ Այսօր մեր իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է լինի համայնքային կյանքի վերակենդանացումը։ Գյուղական համայնք այսօր գոյոթյուն չունի,  կան մենատնտեսներ, դրա համար գյուղը  չի զարգանում։ Մենք շրջապատված ենք երկու  հակառակորդ երկրներով, ինչը մշտապես վտանգ է ներկայացնում մեր խաղաղ կյանքին։ Նման իրավիճակում ազգի համախմբումը պարտադիր է, գնալով մարդը մեկուսանում է, պարփակվում իր տնտեսության մեջ, իսկ ով չի կարողանում գոյատևել՝  արտագաղթում է։ Կոլեկտիվ համախմբումը անհրաժեշտ է։             

Ազգի  գոյության հիմքը համայնքային կյանքով ապրելն է։ Մարդն անցնում է հետևյալ ճանապարհը. մանկապարտեզ, դպրոց, հասարակական կազմակերպություններ, հետո գալիս է համայնքը, հետո՝ ազգը։ Կյանքի շղթան տեղ-տեղ ընդհատված է։ Փոքր ազգերի համար համայնքային համախմբված կյանքը անհրաժեշտություն է։ Մենք քրիստոնեական մշակույթ կրող ազգ ենք, բայց հոգևոր համայնքային կյանք չունենք։ Մենք ավելի գիտուն չենք, քան Մեսրոպ Մաշտոցը, քան մեր երևելիները։ Սիրում ենք հրեաններին օրինակ  բերել. նրանք պաշտամունք ունեն իրենց ռաբբիի հանդեպ։ Մեր նախնիները ցորենը նախքան հողին հանձնելը, մի բուռ տանում էին եկեղեցում օրհնում։ Մենք շատ ենք հեռացել մեր ազգային ավանդույթներից, քրիստոնեական արժեքներից։ Եթե ինչ-որ ծեսեր նույնիսկ պահպանում ենք, ապա՝ ձևական։ Քրիստոնեական արժեք է մեկս մյուսի նկատմամբ հոգ տանելը, ծերերին խնանելը, իրար լրացնելը, ինչպես Արցախի մելիքություններում, երբ իրար լրացնում էին աշխարհիկ և հոգևոր իշխանությունները։

Կորոնավիրուս է, սակայն մեկուսանալ՝ չի նշանակում իրար օտարանալ։ Ազգը պահելու համար հոգևոր կապը պիտի պահպանվի։ Այսօր մենք երբեմն ընդօրինակում ենք այն ազգերին, որ կործանման ճանապարհին են, իսկ չէ՞ որ Հայաստանը եղել է օրինաց երկիր։ Քանի դար է՝ մեզ դրսից պարտադրում են, թե մենք ոնց ապրենք։ Հիմա, երբ մենք անկախություն ենք ձեռք բերել, պիտի մշակենք ծրագիր, վերականգնենք մեր նախնական կենսակերպը, վերադառնանք քրիստոնեական արժեքներին։ Ղեկավարը պետք է  սիրի իր ենթակային, ոչ թե իշխի, քանի որ իշխում են դևերը։ Մարդը չպետք է պաշտի նյութը, քրիստոնեությունն ասում է՝ փողը միջոց է, ոչ թե նպատակ, ասում է՝ մի գողացիր…..

Ե՜վ թշնամին, և՜ հիվանդությունները մեզ ստիպում են վերադառնալ ազգային, քրիստոնեական հոգևոր արժեքներին։