[ARM]     [RUS]     [ENG]

՛՛Եվ դու կաղոթես խորունկ լռությամբ...՛՛

Նվարդ Ալեքսանյան

 <<Գեղarm>> հրատարակչությունը լույս է ընծայել Վառլամ Շալամովի <<Կոլիմյան պատմվածքներ>> գիրքը։ Հեղինակի ստեղծագործությունները թարգմանաբար առաջին անգամ են ներկայացվում հայ ընթերցողին։ Տեղեկացնենք, որ հրատարակությունն իրականացվել է Միխայիլ Պրոխորովի հիմնադրամի՝ ռուս գրականության թարգմանությանն աջակցող TRANSCRYPT ծրագրի մասնակցությամբ։ Ինքնակենսագրական փաստերն են հիմք հանդիսացել ռուս անվանի գրող Վառլամ Շալամովի ստեղծագործությունների համար:

<<Ինձ հաջողվեց գտնել կյանքի այն ձևը,որը պարզ է,և այդ պարզությունը հղկված է ռուս մտավորականության սերունդների փորձով: Ռուս մտավորականությունն առանց բանտի, առանց բանտային փորձի՝ լիարժեք ռուս մտավորականություն չէ>>,- գրել է նա: Եվ իր ներկայացրած Կոլիմյան պատումները հավաստիորեն ու հոգեբանական խտացումներով պատկերում են խորհրդային շրջանի գուլագյան իրականությունը՝ դժոխային ու մարդկային տոկունության ցնցող երևույթների գեղարվեստական վառ արտացոլմամբ։

1907 թվականի հունիսի 18¬ին, Վոլոգդա քաղաքում, քահանա Տիխոն Շալամովի ընտանիքում է ծնվել։ Կյանքը տարբեր ուղիներով է տարել պատանի Վառլամին։ Ավարտելով Վոլոգդայի Ալեքսանդր Օրհնվածի անվան գիմնազիայի միասնական աշխատանքային դպրոցը՝ ընդունվում է Մոսկվսայի պետական համալսարանի սովետական իրավունքի ֆակուլտետը։ 1927 թվականի նոյեմբերի 7¬ին մասնակցում է հոկտեմբերյան հեղափոխության 10-ամյակին նվիրված ընդդիմության ցույցին, և շատ չանցած ձերբակալվում: Որպես սոցիալապես վտանգավոր տարր՝ դատապարտվում է երեք տարվա ազատազրկման։ 1931 թվականին ազատ է արձակվում ուղղիչ-աշխատանքային ճամբարից, վերականգնվում իրավունքների մեջ։ Մոսկվայում աշխատում է արհմիութենական ամսագրերում։ 1937 թվականի հունվարի 13¬ին կրկին ձերբակալվում է հակահեղափոխական տրոցկիստական գործունեության համար և այս անգամ դատապարտվում հինգ տարվա ազատազրկման։ Նրա ճամբարային կյանքը չի ավարտվում այս ամենով, 1943 թվականին ձերբակալվում է հակասովետական մտքեր արտահայտելու և ռուս մեծ գրող Բունինի հասցեին գովասանքի համար։ Պատիժը տասը տարի էր, որը պատուհասվում է որպես մի նոր չարչարանած ճամփա: Ազատազրկման ժամկետի ավարտը 1951 թվականին էր։ Մոսկվայում աշխատակցում է գրական տարբեր հանդեսների, հրատարակում բանաստեղծությունների առաջին գրքույկը և սկսում աշխատանքը <<Կոլիմյան պատմվածքների>> և <<Հանցագործ աշխարհի ակնարկների>> վրա։ Վառլամ Շալամովի գրական գործունեությունը երևան է հանել մի շարք ժողովածուներ, նրա շատ գործեր անցյալ դարի 70¬ական թվականներին տպագրվել են նաև Արևմուտքում։ Մահացել է 1982 թվականին։

Ռուս անվանի արվեստագետ Վիկտոր Նեկրասովը Շալամովի Կոլիմյան պատմվածքների մասին ահա թե ինչ է ասել. << Պատերազմից ու դժոխքից ավելի սարսափելի մի բան։ Դժոխքը դա արդարության հաղթանակն է։ Կոլիման՝ կատարյալ չարիքի հաղթանակն է։ 20¬րդ դարում, քո հարազատ երկրում։ Չմոռանաս այդ մասին։ Երբեք։ Շալամովը, իհարկե, մեծ գրող է։ Անգամ՝ ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային գրականության հսկաների մեջ։

<<Մեծ>> նրա համար, որ պատմելով մի կյանքի մասին, որը չիմացողներն անգամ սարսափելի երազի մեջ այն չեն տեսել, նա ոչ մի տեղ ընթացքը չի արագացնում, չի թանձրացնում գույները, չի բարոյախոսում, իր հեղինակային եզրակացությունը չի տալիս։ Նրա ստեղծագործությունը հսկայական խճանկար է, կյանքը վերստեղծող, միայն այն տարբերությամբ, որ խճանկարի ամեն մի քարն ինքնին արվեստի ստեղծագործություն է։ Ուղղիչ աշխատանքային կոչված մահվան ճամբարի մասին, որտեղ նա անց է կացրել կյանքի գրեթե կեսը և այն մասին, թե ինչ հմտությամբ, տաղանդով, ոչ մի տեղ արվեստով թույլատրված սահման չխախտելով են գրված այս պատմվածքները։ Շալամովին պետք է նորից կարդալ։ Այդ նա է հուշարձան կերտել միլիոնավոր անմեղ մարդկանց անհայտ գերեզմանին>>,-գրել է Վիկտոր Նեկրասովը։

 

Ես պահպանում եմ, ոնց այրված կտավ,

Նկարագիրս, փայլս արտաքին,

Ապրում մարդկանց մեջ՝ խիղճս չեմ պղծում,

Եվ պահպանում եմ ուղեղս հստակ:

Այն՝ ինչ թվում էր այնքան հոյակապ,

Վաղուց թել առ թել կրակն է այրել...

 

Ինքն իրեն այսպիսի պոետիկ գնահատական է տվել Վառլամ Շալամովը :

Տարաբախտության վիհերը ,որոնք տասնյակ տարիներ փորձում էին կուլ տալ իրեն՝ միլիոնների շարքում, անկարող եղան, ու արդյունքում ստեղծեցին իրական ու դաժան գրականություն, ուր մարդու ոգու ուժի ու դիվային կերպափոխության պայքարն է՝ հանուն կյանքի:

<<Սերաֆիմ>>պատմվածքում կարդում ենք. <<Ես գիտեմ, որ այստեղ ամեն մարդ ունի իր ամենավերջինը, ամենակարևորը, այն, ինչ օգնել է ապրել, կառչել կյանքից, որն այնքան համառ ու հետևողական խլում էին մեզնից: Եթե Զամյատինի համար այդ վերջինը Հովհան Ոսկեբերանի պատարագն էր, ապա իմ վերջին փրկիչը բանաստեղծություններն էին, որոնք զարմանալիորեն հիշվում են այստեղ, ուր մնացած անեն ինչ մոռացված էր, դեն նետված, վտարված հիշողությունից: Միակ բանը, որ դեռ չէր ճզմվել հոգնածության, սառնամանիքի, քաղցի և անվերջանալի ստորացումների տակ>>:

Սա մահվան ճամբարներում իր կյանքի տասնյակ տարիներն անցկացրած մարդու ապրելու բանաձևն էր, որը նրան թելադրեց ազատությունն ապրել կրկնակի, ասել է թե՝ այն լցնել բանաստեղծությամբ, արձակով:

Մի սարսռազդու իրականության մեջ, ուր գրողի բնորոշմամբ <<... առաջ թաղում են հոգին, հետո մարմինը փակի տակ դնում>>, բյուր անգամ մեռած ու հարություն առած Հույսը խորհրդային երկրի մահվան ճամբարներից վերադարձած յուրաքանչյուրի համար կենարար ակունք էր: <<Անձրևը>> պատմվածքի այս հատվածն ասվածի վկայությունն է: <<Սոված ու չարացած՝ ես գիտեի, որ աշխարհում ոչ ոք ինձ չի ստիպի ինքնասպան լինել: Հենց այդ ժամանակ ես ակսեցի հասկանալ իմաստը կյանքի հզոր բնազդի՝ այն հատկության, որով վերին աստիճանի օժտված է մարդը: Ես տեսնում էի՝ ինչպես են ուժասպառ լինում և սատկում մեր ձիերը, ես չեմ կարող այլ կերպ արտահայտվել: Ձիերը մարդկանցից ոչնչով չին տարբերվում: Սատկում էին հյուսիսից, ուժահատ աշխատանքից, վատ սնվելուց, ծեծից, և չնայած այս ամենը դրանց տրված էր ավելի քիչ չափով, քան մարդկանց, դրանք մահանում էին մարդկանցից շուտ: Եվ ես հասկացա ամենագլխավորը՝ որ մարդը մարդ է դարձել ոչ նրա համար, որ զարմանալի մեծ բթամատ ունի յուրաքանչյուր ձեռքին: Այլ նրա համար, որ բոլոր կենդանիներից ֆիզիկապես ամուր է, ավելի դիմացկուն, իսկ ավելի ուշ, որ ստիպեց իր հոգևոր սկզբին ծառայել ֆիզիկականին>>: