[ARM]     [RUS]     [ENG]

ՂԱԶԱՆՉԵՑՈՑԻ ԳՄԲԵԹԻՆ ԱՃԱԾ ԾԱՂԻԿԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

  Ամբողջ Շուշին եկել, նայում էր։ Դրանից մեծ, հետքրքիր ու ինքնատիպ թամաշա քաղաքը վաղուց չէր տեսել։ Կանգնելու տեղ չկար։ Եթե հնար լիներ, մարդիկ կկանգնեին իրար գլխի։ Թվում էր՝ պատմական, ճակատագրական ինչ-որ բան էր տեղի ունենում։ Ղազանչեցոց սուրբ Ամենափրկչից մինչև շուկա մարդ էր։

Մեծ-մեծ բեռնատարներ էլ էին կանգնած, տրակտորներ։ Իսկ վերամբարձ կռունկի կնճիթից կախված երկաթե հսկայական մուրճը  անընդհատ զարկվում էր  հին, բայց դեռևս շատ ամուր պատերին։ Փոշու հսկայական, ոչ թափանցիկ շերտեր էին ծանր նստել Ղազանչեցոցի  խոտածածկ գմբեթին, և եկեղեցին մեկ երևում էր, մեկ անհետանում։ Իսկ երբ հաստ պատերից մի բեկոր էր պոկվում ու դղրդոցով ընկնում, ամբոխը ծափահարում էր, վայնասուն բարձրացնում, ուրախությունից անմարդկային ձայներ հանում։

                Պատերից մեկը փուլ եկավ, ավելի ճիշտ կլինի ասել՝ զարկվեց-ընկավ։ Ասես ամբոխի ուղիղ կենտրոնում մարդ էր կանգնած, և կատաղած ամբոխը նրան հոշոտում էր։

               Վերամբարձ կռունկը  կնճիթը քսում էր պատերին, մտցնում պատուհանների ու դռների արանքը, փնչում, պոկում խաչքարի թևեր, զարդանախշ քարեր, տառեր ու, իբրև նվեր, նետում ամբոխին։ Իսկ ամբոխը ցնծում էր։ Բայց հանկարծ Ղազանչեցոցի կողմից, երևի արդեն մի քանի անգամ ճերմակած մազերը քամու տնազին հանձնած, գավազանին հենվելով, դեպի տրակտորները շարժվեց մի մարդ։ Փոշին չէր թողնում մինչև վերջ բացել աչքերը, և նա հսկայական թաշկինակը անընդհատ դնելով դեմքին, փորձում էր ինչ-որ բան բացատրել, սակայն բերանից դուրս եկած բառերը քամին հենց օդում էլ որսում, տանում-թաքցնում էր Ղազանչեցոցի գմբեթի խոտերի մեջ, քարերի արանքում․․․

                    Բայց մարդը շարունակում էր մոտենալ՝ գավազանը ճոճելով ու անհանգիստ, ջղաձիգ շարժումներ անելով։ Եվ ինչքան մոտենում էր, ձայնն այնքան դառնում էր լսելի։ Ավելի մոտ կանգնածներն արդեն լսում էին՝ անաստվածներ, սրիկաներ, անհավատներ․․․

                  Լավ էր հագնված։ Առաջին հայացքից էլ կարելի էր անսխալ գուշակել, որ մտավորական մարդ էր, Շուշիի ամենահին բնակիչներից։

-Էրմանի․․․ էրմանի՜․․․-լսվեց ամբոխի ամենախորքերից,-էրմանի՜․․․

                  Կոստյումով ու փողկապով մարդը հայտնվեց ուղիղ բեռնատարների ու տրակտորների արանքում։ Քանդվող եկեղեցու մոտ ամեն ինչ անշարժացավ։ Վերամբարձի ծանր կնճիթը զարմացած, մի տեսակ վախեցած կախվեց։ Մարդը ավերակներն ի վեր  բարձրացավ, մտավ  ներս ու ծնկի եկավ կիսաքանդ շենքի սուրբ սեղանի առաջ։ Իսկ սուրբ սեղանը թեքվել էր, բեմի խաչը՝ ճաք տվել․․․

                     Ամբոխը սպասում էր ինչ-որ անսպասելի շարունակության, հետաքրքիր ու անպայման արյունոտ վերջաբանի։ Ամբոխը հիշելու, հետագայում պատմելու, վերլուծելու բան էր տենչում։ Իսկ հայը մտել ներս, դուրս գալու մտադրություն չուներ։

                  ․․․Հայր մեր, որ երկինս ես․․․թող սուրբ լինի անունը քո․․․

                  Փոշին կռացել էր, և փլված պատի բացվածքից  երևում էր Ղազանչեցոցի ձիգ գմբեթը․․․ Այնտեղ մանուկներ էին հայտնվել․․․

                 Ամբոխի հաստ պատը ճաք տվեց, և շենքին մոտեցան միլիցիոներները, մի հինգ-վեց հոգի։ Սկզբում նրանք փորձեցին հենց դրսից էլ կանչել հայ մարդուն, դուրս հրավիրել, բայց նույն պահին էլ հասկացան, որ իրենց արածն ուղղակի խոխայություն է։ Հետո մի հայ միլիցոներ կանչեցին։ Բայց նրան էլ ոչինչ չհաջողվեց։ Նրա բերած միակ նորությունն այն էր, որ մի քանի անգամ մտերմիկ, ջերմ  <<քեռի Վարդան>> կանչեց։ Եվ այդպես կանչելով էլ մտավ ներս․․․

                ․․․Ղազանչեցոցի գմբեթի խոտը փոշուց ճերմակել էր․․․ թվում էր, ձյուն էր դրել․․․

                Իսկ վերամբարձը կրկին սկսեց խաղացնել կնճիթը, կոխել քարերի արանքը, նախշեր պոկոտել․․․ Վարդանը իր ազատագրած տարածքը թողնելու մտադրություն չուներ․․․ կնճիթը ծակեց պատը․․․ ամբոխը քրքջում էր․․․

      ․․․Հայր մեր․․․

      ․․․տրակտորները պտտվում էին շենքի գլխով՝ թակարդն ընկած արջի գլխով պտտվող շների նման․․․ շենքը թառանչ էր քաշում․․․ մեղա՛․․․ մեղա՜․․․

        Քաղաքի  ամենամեծ քերծի տակ իր ոչխարներն արածացնող թուրքին տեղեկացրին, որ հայ միլիցիոները նույնպես մտել է ներս ու դուրս չի գալիս, այսինքն՝ շենքի ներսում արդեն ոչ թե մեկ, այլ երկու էրմանի կա, դրա պատճառով էլ աշխատանքները անորոշ ժամանակով դադարեցվել են․․․ և կուսակցական մարմինները ձեռնարկում են համապատասխան միջոցներ՝ հայերին այնտեղից դուրս շպրտելու և նրանց դեմ քրեական գործ հարուցելու համար։

         ․․․ Ամբոխի մեջ իր սև, փայլփլուն կոստյումով, ճռճռան կոշիկներով, կարմիր փողկապով ու ճերմակ ցիլինդրով հայտնվեց հենց ինքը՝ ղեկավարը, ամենամեծ թուրքը․

-Հընգեր Փողոսյան, հընգեր Փողոսյան․․․

Կոմունիստների մեծին թվում էր, իր ձայնը լսելուն պես հայը դուրս է թռչելու շենքից, ընկնելու է իր ոտքերը, ներողություն է խնդրելու հասարակական կարգը խախտելու, հարգարժան մարդկանց անհանգստացնելու, բանվոր դասակարգին գլխացավանքի մեջ գցելու համար։ Կոմունիստ առաջնորդը համարյա համոզված էր, որ հավաքվածներն անպայման տեսնելու են իր առաջ, փոշու մեջ թփրտացող էրմանի մտավորականին, ժողովուրդների բարեկամության էդ թշնամուն և երկրպագելու են իրեն, իրեն համարելու են նոր մուհամեդ, նոր մարգարե․․․

               Ամբոխն ուղղակի քարացել էր, մեռել, ամբոխն իր մեծ չոբանին երբեք նման վիճակում չէր տեսել ու չէր էլ կարող պատկերացնել։ Եվ այդ ամբոխը չէր հասցրել ուշքի գալ, երբ փոշու մի հսկայական, մի թարմ կլոնձ եկավ ու․․․ թըրըմփ․․․ ուղիղ՝ մեծ կոմունիստի գլխին․․․Կոստյումը դարձավ հարյուր տարվա հագած․․․ և այդ խեղճության  ու պատժի խորքերից լսվեց աղաղակ-ծկլթոցը՝ քանդել, հիմնահատակ անել, տրորել, կոտորել․․․

              Կնճիթը կրկին դանդաղ բարձրացավ պատից, հետո իջավ, պատուհանից մտավ ներս ու դուրս եկավ պատի ու տանիքի մի հսկայական շերտ հախռած․․․ Ղազանչեցոցի գմբեթի տակ նստած փոքրիկ Նորեկ Գասպարյանի աչքից ընկած արցունքի կաթիլը եկեղեցու պատերն ի վար, փողոցն ի վար, քարերն ի վար եկավ, եկավ, եկավ լճացավ մեծ կոմունիստի փոշոտ կոշիկներ տակ, և մեծ կոմունիստը թրմփաց քարերի վրա, փոշու մեջ․․․

               Քեռի Վարդանը փլվող պատերի անընդհատ լայնացող ճեղքից տեսավ  եկեղեցու գմբեթի տակ նստած Նորեկ Գասպարյանին ու ձեռքով ողջունեց՝ հասկացնելով, որ լացել պետք չէ, որ լացը տղամարդու բան չէ, և ընդամենը մի քանի տարեկան Նորեկ Գասպարյանի արցունքի եկրորդ կաթիլը, որ պատրաստվում էր կիսաքանդ պատը շաղ տալ փոշու մեջ փլված մեծ չոբանի գլխին, մնաց ու ծաղկեց Ամենափրկչի գմբեթի խոտերի մեջ։ Քեռի Վարդանը ժպտաց՝ առույգորեն բարձրացնելով բութ մատը։

                Մեծ կումունիստը ծլկեց։ Ամբոխը փլված պատի ետևում տեսավ քեռի Վարդանի գլուխը և ծլնգաց․

-Էրմանի․․․ էրմանի՜․․․

Ինչքան քարերն ընկնում էին, այնքան ամբողջանում էր Վարդանը, ուզում եմ ասել՝ արդեն երևում էին ուսերը, ձեռքերը․․․ կողքին էլ՝ հայ միլիցիոները, նույնպես ծնկաչոք․․․ Հայր մեր․․․

              Այդպես վաթսունականներին քանդվեց Շուշիի ամենահին եկեղեցիներից մեկը՝ Ագուլեցոցը, Նորեկ Գասպարյանի աչքի առաջ․․․ Եվ այդ օրվանից մենք որոշեցինք երբեք չթողնել Ղազանչեցոցի գմբեթի մեր ստորոտը, մեր տարածքը, որոշեցինք՝ ինչ էլ լինի, դուրս չգալ եկեղեցուց։ Մենք համոզված էինք, որ Ագուլեցոցը քանդվեց, որովհետև քեռի Վարդանը համարյա մենակ էր․․․ իսկ մենք շատ էինք,  մի ութ-տաս հոգի, դանակ էլ ունեինք, մի թաքցրած նագան էլ, հայրս էլ, եթե պահանջվի, եթե մեզ շատ նեղեին, հաստատ, մեզ օգնության հասնողն է․․․

           Հա, մի բան էլ. քեռի Վարդանից ես սովորեցի, ավելի ճիշտ կլիներ ասել՝ այդ օրը ես համոզվեցի, որ լացով ու արցունքներով աշխարհում ոչինչ չես կարող փոխել, ոչ էլ՝ դաժանությամբ ու անընդհատ սպանելով․․․ ինձ ուրիշ բան էր հարկավոր, բայց թե ինչ՝ ես ամենևին էլ չգիտեի․․․

 Շուշի սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց ...