[ARM]     [RUS]     [ENG]

Երվանդ Կարապետյան. Մուլտոն

1996թ. Բերձորում ծանոթացա քանդակագործ Ռաֆիկ Կարապետյանի հետ: Արդեն ծերունի՝ փարթամ բեղ-մորուքով վարպետը բազալտե քարից արծիվ էր քանդակում:

Սա դարձավ 4 տարի առաջ ազատագրված և վերստին հայացած Բերձորի՝ Քաշաթաղի շրջկենտրոնի առաջին հուշակոթողը՝ նվիրված Արցախյան գոյամարտի նահատակ հայոց քաջորդիներին: Արծիվ-հուշակոթողն այսօր էլ կանգուն է Բերձորի մուտքի մոտ՝ Շուշիի կողմից եկող ճանապարհի աջակողմում:

Ծերունի քանդակագործը վիշտ ուներ սրտում՝ մեծ վիշտ ու հպարտություն: Կրտսեր որդին՝ Երվանդը, ով կրում էր պապի անունը, Շուշիի ազատագրական ջոկատներից մեկի կազմում էր և մարտիրոսվեց քաղաքի մատույցներում, մայիսի 8-ին: Հաջորդ տուֆակերտ խաչքարը, որը քանդակեց վարպետ Ռաֆիկը, այժմ կանգուն է Բերձորի Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրի աստիճանավանդակի վերջում՝ մուտքի ձախ կողմում: Նվիրված է Շուշիի ազատագրման համար մարտիրոսված քաջորդիներին, որոնց շարքում էր իր կրտսեր որդին: Որդու նահատակվելու տեղում՝ Շուշիի հայտնի տանկից քիչ հեռու՝ արևմտյան կողմում մեկ այլ խաչքար է դրված, դարձյալ վարպետ Ռաֆիկի նախաձեռնությամբ և աշխատանքի շնորհիվ: Երևանում՝ Նոր նորքի 6-րդ զանգվածում է Երվանդեց շենքը, բակում հայրը դարձյալ հուշարձան է հիմնել:

Որդու կարոտը սրտում՝ Բերձորում, իր ձեռքով կառուցած տանը, հանկարծամահ եղավ վարպետ Ռաֆիկը և մնաց որպես բարի ու հայրենասեր հայ մարդ իրեն ճանաչողների սրտում: Երվանդը նահատակվեց 24-ը չլրացած: Ծնվել է 1968թ. հունիսի 20-ին: 1975թ. հաճախել է թիվ 16 դպրոցը, ավարտել է Նոր նորքի թիվ 163 միջնակարգը, որից հետո՝ 1986-88թթ. ծառայել է խորհրդային բանակում, վերադարձել և դարձել հայրենիքի զինվոր: Դեկտեմբերյան երկրաշարժի օրերին աղետի գոտում էր, այնուհետև անդամագրվեց Հայոց ազատագրական և պաշտպանական ջոկատներին: Մինչ նահատակությունը՝ ռազմական տարբեր խմբերի կազմում մասնակցել է ՀՀ և Արցախի պաշտպանական մարտերին տարբեր վայրերում: Եղել է Մոնթեի ջոկատում, մասնակցել մարտունու շրջանի ազատագրական, պաշտպանական մարտերին: Սիրում էր լինել ամենաթեժ կետերում։Այսպես եղավ նաև մասնակցությունը Շուշիի ազատագրական մարտին, որն էլ Երվանդի վերջին հերոսացումն էր: Մարտի մասնակիցների վկայությամբ՝ բարձրանալով ժայռը Ստեփանակերտի կողմից, հայտնվել են թշնամու ջոկատի դիմաց: Միմյանց պաշտպանելով՝ 8 հոգիանոց ջոկատի տղաները փորձել են առաջանալ: Վիրավորվում է մարտիկներից մեկը, Երվանդը մարտն իր վրա է վերցնում, որ վիրավորին դուրս հանեն: Երվանդը պահում էր ջոկատի անվտանգ գոտի անցնելը, սակայն թշնամու նշանառուի արձակած գնդակը խոցում է հերոսին… Ընկերներին ասել էր. «Եթե ինձ մի բան պատահի, զենքս կհանձնեք մորս»: Հետմահու արժանացել է ՀՀ Արիություն մեդալի:

Տարիներ առաջ Երևանում այցելեցի վարպետ Ռաֆիկի տուն, որտեղ հասակ էր առել Երվանդը: Մայրը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ավագ բուժքույր, ենթասպա Ռոզա Ավետիսյանը, խոսելով որդու մասին, ասաց. «Որդիս չարաճճի էր, բայց այնքան գաղտնապահ. միայն աչքերի թախիծն էր մատնում ներքին անհանգստությունը:  Պատերազմի առաջին օրերից երազում էր զենք ունենալ: Մանկան պես երջանկացել էր, երբ առաջին անգամ զենքը ձեռքն էր վերցրել»:  Ավագ եղբայրը՝ Մարգարը, նույնպես ազատամարտիկ է առաջին օրերից, և  Երվանդը` փոքրամարմին Ճուտոն, հետևեց եղբորը: 1992 թ. «Հայրենասեր» ջոկատի կազմում էր: Սակայն չհասցրեց տեսնել Շուշիում բարձրացող Հայոց փառքի դրոշը: Գաղտնապահ էր Ճուտոն, աշխատում էր քիչ հոգս պատճառել մորը: Վիրավոր է եղել, սակայն ամիսներ անց ընկերներից է մայրն այդ մասին իմացել: Որդեկորույս մայրն ամեն շաբաթ այցելում է Եռաբլուր՝ որդու շիրիմին: Երևանի թիվ 163 դպրոցի սաները հաճախ են լինում հերոսի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհում: 

 

   Զոհրաբ Ըռքոյան