[ARM]     [RUS]     [ENG]

՛՛Գոհ եմ քեզանից, Տեր իմ երկնային...՛՛

Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 Մայիսն իր հախուռն   հույզերի,  վարարումների   անկրկնելի   դերակատարությամբ էր հառնում անվանի  բանաստեղծ Արմեն  Հովհաննիսյանի  կյանքում։ Հերթական տարեդարձն իր համար նշանավորվում  էր նաև նոր  գործերով, քանզի իր իսկ խոստովանությամբ՝ <<Այս  խաչը,  որ ես կրում եմ հիմա, Ուրիշը երբեք չի կարող կրել...>>։

Մարդկային  ու գեղագիտական այս սկզբունքն    ստեղծագործական  ավյունի անսպառ  ակունքն էր  մինչև բանաստեղծի  երկրային  կյանքի  ավարտը... Եվ այսօր, նրա  ծննդյան  օրը,  վերջին  բանաստեղծական  ժողովածուի  առթիվ   գրված  այս խոսքն էլ թող հնչի իբրև խոնարհում՝    Ա.Հովհաննիսյանի  հիշատակին։       

 

...Որքան էլ բանաստեղծը անվանի լինի, տեղ ունենալով իր արվեստն ընդունողների հոգևոր-մշակութային կյանքում, այնուհանդերձ, ամեն անդրադարձ նրա ստեղծագործությանը նոր երանգներ տեսնելու ակնկալիք պիտի ունենա՝ նորովի հայացք ձևավորելու համար։

         Այս առումով բանաստեղծ Արմեն Հովհաննիսյանը միշտ էլ հաճելի անակնկալով է ներկայանում իր պոեզիայի երկրպագուներին, բանաստեղծական նոր շարքերով վերստին ավետելով, որ արարման ակունքն իր նոր ցոլանքով  կրկին աստղաշատ է,  ուր նոր հորիզոններ են երևում, դեռևս՝ անհայտ, բայց նշմարվում են բանաստեղծական տողի հոլովույթում։ Այլապես անհնար է, որ շարունակվի ընթերցողի հետ  տասնամյակներ առաջ սկսված պոետիկ զրույցը, որքան՝ քնքշահյուս, նույնիսկ ինչ-որ տեղ հուսահատ հոգու ճիչ  հիշեցնող, նույնքան էլ պինդ երակներով՝ դիմացինին մշտապես դեպի կյանք և դեպի լույս առաջնորդելու ուժով։ 

         Ասել է թե՝ Արմեն Հովհաննիսյանի բանաստեղծական տողը նույնանում է կյանքին, մերթ՝ խավարչտին գիշերվա սարսուռով, մերթ էլ այգաբացի լուսեղեն ճախրանքով։ Եվ եթե բնության մեջ խավարն ու լույսը երբեք չեն հանդիպում իրար,  դատապարտված լինելով  միմյանց ուժին չդիմանալու և միմյանց ոչնչացնելու,  և անգամ երկիր մոլորակն է անուժ  դրանց մեկտեղելու համար, ապա բանաստեղծական տողը երիցս դիմացկուն է։ Այն աներեր է նույնիսկ տիեզերական այդ ծանրության դիմաց, քանզի մարդկությանը հայտնի առաջին իսկ պոետից մինչ այսօր, յուրաքանչյուր բանաստեղծ իր աշխարհը կառուցում է հենց մեծ առճակատումից՝  դրանց մեկտեղումից։ Ավելին՝ բանաստեղծը, դրվատում է խավարին լույսի փոխարկվելու  թաքուն երազանքի համար։ Այդ ամենն էլ  դառնում է հենց այն կենսական ուժը, որն օգնում է  ադամորդուց անբաժան տառապանքին  ջգրու՝ ցավի մեջ անգամ հոգեզմայլ լինել։

Այս անհաշտ՝ դաշնությունը, Արմեն Հովհաննիսյանի պոետական աշխարհի  ընդգրկուն պատկերն է, բանաստեղծության իր մեկնությունը։ Առանց ցավից ելած հոգեզմայլության անհնար է լսել մոգական, հեռավոր մեղեդիները՝ գալիքի դրոշմով, անհնար է հազար ու մեկ անգամ վերադառնալ մանկության նեղ արահետն ու բյուր որոնումներից հետո թանկ ու նվիրական մի նոր շող չհայտնաբերել, անհնար է սեփական քունքի զարկերակի անհանգստությունը նորովի չապրել և ուրախությամբ չճառագել նոր գտած բառի հրե շնչից ու դյութանքից.

 

Կյանքում ոչ ոքի և ոչ մի հարված

Այլ քնքշանք ու գութ և սեր եռակի...

 

         Սա է բարու, գեղեցիկի հենց այն վսեմափայլը, որին հասնելու երազանքի մասին բարձրաձայնում է բանաստեղծը,  սա իր հայացքն է, իր մտասևեռումը, ամեն ինչում բարության ծիլեր տեսնելու ցանկությունը, որով էլ հյուսել է իր մարդերգությունը, միաժամանակ աչքից հեռու չպահելով նրա հոռի որակները, նախատինքով դիմելով անհատականությունը պահող հոգու ոսկեհատիկը կորցնելու համար.

 

Ես ումո՞վ ստուգեմ ինքս ինձ,

Այս խղճուկ, հոգեզուրկ աշխարհում,

Ես ումով իմ կերպը որոշեմ,

Եվ պարզեմ տեսակս մարդկային...

 

Ուրախությունը կարող է տեղ հասնել միայն ցավի միջով անցնելով, ցավի նժարով զգալով իր մեծությունը, մարդու  հողեղեն  շինվածքի  և  զգացմունքի՝ նյութեղեն ու աննյութ էությունը։

 

Դուք չըմպեցիք ցավից մի կում,

Որ քնքշանար Ձեր սիրտը չար...

 

         Բանաստեղծներին միշտ համեմատել եմ անապատում ջուր որոնողների հետ, ովքեր  երկար, շատ երկար, պապակված սրտով ջուր  են  որոնում և գտնելու դեպքում խմում՝  ընդամենը մի կում ու նետվում նորից անապատը՝ ջուր որոնելու...

         Հիրավի, Արմեն Հովհաննիսյանի պոեզիան հենց այդ մի կում ջուրն է, որը գտել է ստեղծագործական յուրօրինակ ճամփորդության արդյունքում.

 

Դու  հեռու  մի  վայր ընտրիր  ինձ  համար,

Որ անգամ քամու  շշուկ  չունենա,

Ուր  անքննելին   քննելու   համար

Ես Տեսանողի  հայացք  ունենամ...

 

 

 

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

ՆՎԻՐՈՒՄՆ ՔՐԻՍՏՈՍԻ

 

Հայտնի է՝ ով  էր դավով քեզ մատնել

Համբույրի պահին այն խորհրդավոր,

Սակայն ուրիշ է իմ վիճակն անել,

Եվ անհայտ է իմ մատնի¯չն ահավոր...

 

Բայց ինչ էլ լինի՝ մեղք չեմ գործելու,

Միայն թե տուր ինձ այնպիսի հնար,

Կամ թե գաղտնիքն՝ այդպե՜ս խաչվելու,

Այդպե՜ս հարություն առնելու համար։

 

* * *

Օգնիր, Քրիստոս, մեղքից զերծ մնամ,

Ձեռքդ դիր ճակտիս, օրհնիր՝ զորանամ,

Մեղքերի հողմն է, տես, ահագնանում,

Տար ինձ մկրտիր քո Հորդանանում

Եվ մեղքերի դեմ ինձ քո խաչը տուր,

Աստծո Որդի՝ մաքրազերծող հուր...

Առաջնորդիր ինձ քո Բեթղեհեմը,-

Թե քեզ ուրանամ... նետի՜ր գեհենը։

                                                                                              նոյեմբեր 2010

* * *

Խաչված ձեռքերս՝ աղերս առ երկինք,

Ապավեն եղիր, բարեգութ Աստված,-

Նրան, ով չունի ե՜ւ տուն, ե՜ւ տանիք,

Եվ ով ապրում է իր տա¯նն օտարված...

 

Հածում են շուրջդ հազար չար ու շառ

Եվ սուրբ անունը Քո՝ չարաշահում,-

Դատավոր եղիր արդար, անաչառ,

Ընչաքաղցների այս խենթ աշխարհում...

                                                                              հուլիս 2009թ.