[ARM]     [RUS]     [ENG]

ՊԲ-ի 2020 թվականի պատրաստության պլանի համաձայն, հունիսի 22-ից 26-ը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, անց է կացվել հերթական մասշտաբային ուսումնամարտական միջոցառումը, որտեղ իրենց արտացոլումն են գտել այն բոլոր նորամուծությունները, որոնք բանակի հրամանատարության կողմից ներդրվել էին մեր երկրի ռազմապաշտպանական համակարգում՝ զորքերի մարտունակության բարձրացման, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության խորացման և հակառակորդին հակազդելու մեխանիզմների կատարելագործման համալիր գործընթացների համատեքստում:

 Մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժությունները մեկնարկել են մարտական պատրաստականության համալիր գործընթացներով, որոնց շրջանակներում մասնակից բոլոր զորամասերը, կառավարման և ապահովման մարմինները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների, իրականացրել տագնապով վերկաց, և պայմանական հակառակորդի ինտենսիվ կրակային ազդեցության պայմաններում, խստորեն պահպանելով անվտանգության կանոնները, կատարել ռազմերթ, զբաղեցրել նախորոշված և ստեղծված իրադրությամբ պայմանավորված մարտական կիրառման շրջանները, անցել հետագա խնդիրների կատարմանը:

       Զորքերի տեղաշարժերին զուգահեռ, վերջիններիս գործողությունները առավել համակարգված կազմակերպելու նպատակով, մարտավարական բոլոր օղակներում ծավալվում են ղեկավարման կետեր, որտեղ մշակվում է ամբողջ օպերատիվ տեղեկատվական հոսքը, կատարվում են հաշվարկներ, գնահատվում ստեղծված իրադրությունը, սահմանվում պայմանական մարտի մտահղացումները, պարզաբանվում խնդիրները, ընդունվում որոշումներ, ըստ վերադասության խնդիրներ առաջադրվում ենթակա ստորաբաժանումներին:           

      Մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլի խաղարկմանը, ՛՛Տիգրանակերտ՛՛ զորավարժարանում հետևում էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ՊԲ այցելած, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ:

         Հանկարծակի հարձակման անցած հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով ՊԲ-ի առաջապահ ուժերը վարում են պաշտպանողական մարտական գործողություններ, որից հետո անցնում հակահարձակման ու հետ շպրտելով պայմանական հակառակորդին, վարում հարձակողական գործողություններ և փայլուն կատարելով առաջադրված մարտական խնդիրները, պաշտպանության անցնում առավել նպաստավոր բնագծերում: Պայմանական գործողությունների ամբողջ ընթացքում լավագույնս դրսևորվում են ՊԲ-ի հատուկ նշանակության և հետախուզական ուժերը, իրականացվում է ինժեներական համակողմանի ապահովում, կապի և ավտոմատ կառավարման համակարգերը, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների հետ միասին ապահովում են անընդհատ ու անխափան ղեկավարում: Հրետանային ու ՀՕՊ, տանկային ու մոտոհրաձգային ստորաբաժանումները համազորային ուժերի հետ համագործակցված, կարողանում են լիարժեք կերպով կյանքի կոչել վերադաս հրամանատարության կողմից սահմանված որոշումները: Ինչպես մարտական հրաձգության փուլում, այնպես էլ դրան նախորդած նախապատրաստական ժամանակահատվածում, գործնական պայմաններում կիրառվել ու ընդհանուր դրական արդյունքին էականորեն նպաստել են այն նորագույն տեխնիկական միջոցներն ու արդի զինատեսակները, որոնք համալրել էին ՊԲ-ի զորամասերը՝ վերջին ժամանակահատվածում:

       Զորավարժության շրջանակներում, շոշափվող ուսումնամարտական խնդիրները ամբողջ ծավալով ուսուցանվող կազմին փոխանցելու նպատակով, ծավալվել էին մի շարք ուսումնական կետեր, որտեղ ցուցադրվել են կրակային դիրքերի կահավորման ու քողարկման կարգը, գումարտակի ցուցադրական մարտավարական զորավարժության ժամանակ մշակվող փաստաթղթերը, զորավարժության մտահղացման ներկայացումը, խմբային զենքերի կրակային դիրքերի ինժեներական կահավորումը, գումարտակի հրամանատարի աշխատանքի առանձնահատկությունները մարտը կազմակերպելիս, նռնականետային դասակի կիրառումը մարտական գործողությունների ժամանակ, ձեռքի հակատանկային նռնականետերի և ականանետերի կիրառման կարգը, կենցաղի և սննդի կազմակերպումը, ստորաբաժանման տեղաբաշխումը հաստիքային միջոցներով, դիպուկահարի կրակային դիրքի ընտրությունը, քողարկումն ու կիրառումը պաշտպանությունում, հատուկ նշանակության խմբի կազմով մարտական հրաձգության վարումը:

      Ներկայացվել են նաև ստորաբաժանումներում առկա նշանոցներն ու կիրառման առանձնահատկությունները, կապի միջոցներն ու դրանց մարտավարատեխնիկական բնութագրերը, և առհասարակ այն բոլոր մարտավարական ու տեխնիկական բաղադրիչները, որոնք տեղ ունեն նման բնույթի միջոցառումների կազմակերպման ու անցկացման ժամանակ: Ցուցադրական կետերում մատուցվող նյութին ծանոթանալու նպատակով, հրավիրվել էին նաև միավորումների և զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները:        

      Զորախաղերի ամբողջ ընթացքում իրականացվել է հստակ ու անխափան ղեկավարում, առանձին զորամասերը, ստորաբաժանումները, զորատեսակներն ու ապահովման մարմինները գործել են ներդաշնակ ու փոխգործակցված, հրամանատարական բոլոր օղակներում որոշումները ընդունվել են ստեղծված ու արագորեն փոփոխության ենթարկվող իրավիճակային զարգացումներին համահունչ, իսկ պայմանական մարտական գործողությունների անմիջական դերակատարները՝ պայմանագրային ու ժամկետային զինծառայողները, դրսևորելով մարտական վարպետության ու բարոյամարտական բարձր որակական հատկանիշներ, գերազանց պատրաստության մակարդակով կյանքի են կոչել, ըստ վերադասության իրենց փոխանցված մարտական առաջադրանքները:

         Մարտավարական զորավարժությունները հերթական առաջընթաց քայլը արձանագրելով ՊԲ-ի մարտունակության առումով եկան վերահաստատելու, որ Արցախի հանրապետության զինված ուժերը շարունակում են մնալ տարածաշրջանի անվտանգային միջավայրի առանցքային ու որոշիչ գործոնները և ունեն համակողմանի պատրաստության անհրաժեշտ մակարդակ՝ մեր երկրի խաղաղ կենսագործունեությունը խաթարելուն միտված ցանկացած բնույթի մարտահրավեր, ժամանակին չեզոքացնելու համար:

 

 

 

 

Media