Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅԴՔԱՆ ՈՒՐԱԽ, ԱՅԴՔԱՆ ՏԽՈՒՐ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՕՐ

VZ_1.jpgԱմեն անգամ, երբ ավարտական դասարանը հատում է ՙՎերջին զանգի՚ սահմանագիծը, գրեթե նույն զգացումներն են պատում թե՜ աշակերտներին,  թե՜ ուսուցիչներին։ Եվ իսկապես՝ ուսման այդ երկար տարիների ընթացքում երկու, թվում է, չհամատեղվող այս բևեռները (ուրախությունն ու տխրությունը) այնքան  մերձենում, որ հենց  անսովոր այս  օրն ակներև է դարձնում այդ ճշմարտությունը։ 
Վերջին զանգ... Երկար էին պատրաստվում աշակերտներն այդ օրվան՝ իրար հետ վիճելով, միմյանց խորհուրդ տալով, համաձայնության գալով։ Եվ ինչպես 12-րդցիներն են անկեղծորեն վկայում,   անչափ ուրախ են և անչափ տխուր ու հուզված այս անմոռանալի պահին... 
Այո, մեր երեխաները մեծացել են և վաղը նրանք կյանքի հորձանուտը կմտնեն, ամեն մեկը կգնա իր ճանապարհով, բայց ամբողջ կյանքում կհիշեն, թե ինչպիսի ուրախություն ու տխրություն ապրեցին ՙՎերջին զանգի՚ օրը։ Ամբողջ կյանքում նրանք կհիշեն իրենց ուսուցիչներին, նրանց բարեմաղթանքներն ու դիտողությունները, դպրոցում ապրած ամեն մի  օրԸ... 
Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան հ. 8 ավագ դպրոցի առաջին շրջանավարտ 12-րդցիների օրը սկսվեց վերջին դասով։ Յուրահատուկ այս դասին ներկա էին նաև ծնողները։ Երեխաները խոստովանեցին իրենց արած-չարածի, ինչպես և անելիքների մասին, դասղեկ ուսուցիչները խոստովանեցին  երեխաների հանդեպ իրենց մեծ սերը։ Իսկ ծնողները խորին շնորհակալություն հայտնեցին ուսուցիչներին՝ իրենց հոգին ու գիտելիքները երեխաների մեջ սերմանելու համար։ 
Օրը շարունակեց համադպրոցական միջոցառումը, որը տեղի ունեցավ դպրոցի բակում։ Բոլոր 10 դասարանների 240  12-րդցիները՝ ամեն մեկն իր դասարանով հանդերձ, շարվել են բակում, որպեսզի վերջին անգամ հարազատ դարձած դպրոցի անչափ հարազատ հնչող վերջին զանգը լսեն, որպեսզի վերջին անգամ սիրելի ուսուցիչների ու ¬ համադասարանցիների հետ միասին ուրախություն ապրեն՝ դպրոցը բարեհաջող ավարտելու, նոր կյանք մտնելու համար, և տխրեն, քանի որ այդ հեքիաթային շրջանը՝ դպրոց անունով, իրենց համար արդեն ավարտվել է, և վաղը դառնալու է հուշ։ 
Հուզմունքով լի այս օրը, անշուշտ, իրենց շնորհավորական խոսքն ասացին դպրոցի տնօրեն Վ. Սահակյանը, ԼՂՀ կրթության և գիտության նախարարության ԿԳ վարչության պետ Ռ. Մուսայելյանը, ծնողների անունից շնորհակալական խոսքով հանդես  եկավ ԼՂՀ  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որը  շնորհավորելով բոլորին օրվա  կապակցությամբ, մասնավորապես ասաց. ՙԱյսօրվանից սկսվում է ձեր կյանքի նոր շրջանը, մտնում եք կյանքի նոր փուլ և այն, ինչ ստացել եք դպրոցում, որպես գիտելիք, ունակություն և կարողություն, հաջորդ տարիներին դուք զգալու եք, որ դրանք կարևոր են եղել, ձեր ուսուցիչների դիտողություններն ու նկատողությունները տեղին են եղել։ Սրտանց շնորհավորում եմ մեր շրջանավարտներին, որովհետև եթե անգամ կրկնվում է, բայց այս տարի ավանդական այս միջոցառումն ունի մի առանձնահատկություն այս դպրոցի և նման մի քանի այլ կրթօջախների համար։ Դուք ավագ դպրոցի առաջին շրջանավարտներն եք։ Հետևաբար, ավելի պատասխանատու, ավելի լուրջ են լինելու մեր սպասելիքները ձեզանից։ Ուզում եմ բոլոր ծնողների անունից շնորհակալական խոսք ասել մեր բոլոր ուսուցիչներին՝ նրանց համբերատար, համառ ու տքնաջան աշխատանքի համար։ Եվ ուզում եմ վստահություն հայտնել, որ նրանց տված գիտելիքները, իմացությունն անպայման օգտակար են  լինելու  շրջանավարտների համար։ Շնորհակալություն եմ ուզում ուղղել նաև մեր երկրի կրթական համակարգի և՜ հանրապետական, և՜ քաղաքային մակարդակի բոլոր պատասխանատուներին։ Ես ուզում եմ մեր շրջանավարտներին մաղթել, որ արժանի լինեն Արցախն ազատողների սերնդին, արժանի լինեն 2012 թվականի մայիսի 9-ի զորահանդեսում հպարտ անցնող զինվորների սերնդին և որ տարիներ հետո նրանք կարողանան արժանիորեն շարունակել և՜ պետականաշինության, և՜ մեր տնտեսության, և՜ կրթական համակարգի, և՜ մեր երկրի այլ ուղղությունների զարգացման գործը՚։ 
 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ