ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Հայոց փառապանծ թագավոր Տիգրան Մեծի կողմից հիմնադրված քաղաքը, որ կրում է արքայից արքայի վսեմ անունը, միակն է նրա անունը կրող այն չորս բնակավայրերից, որի տեղը ճշգրտորեն, գիտականորեն պարզված է, և որը 5-6 տարի է՝ ենթարկվում է հնագիտական հետազոտության։
Հետաքրքիր միջոցառում էր նախաձեռնել ԼՂՀ գրողների միությունը՝ Տիգրանակերտում անցկացնել պոեզիայի օր։ Միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին ոչ միայն գրողներ, արվեստագետներ, Հայաստանից ժամանած պատվիրակությունը՝ ՀՀ ԳՄ նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ, այլև հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից և հնավայրի շրջակա գյուղերից պոեզիայի սիրահարներ, ուսանողներ, մտավորականներ։
Խորհրդանշական էր և՜ տարին, և՜ ընտրված վայրը, որ օժտված էր էներգետիկ հզոր դաշտով, որը հպարտություն և արժանապատվություն է ներշնչում։ Եվ այստեղ՝ պարիսպների ներսում, ազատագրված հայոց հինավուրց հողում հայոց բանաստեղծություն է հնչում։
Պոեզիայի օրը բացեց ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը՝ տեղեկություններ տալով պատմական քաղաքի մասին։ Բանախոսն այնուհետև կարդաց իր ՙՏիգրանակերտ՚ բալլադը։
Բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանն իր ելույթում խոսում է ժամանակակից բանաստեղծության ընթացքի և միտումների մասին, ճշմարիտ բանաստեղծության և պոետական դավանանքի մասին, այն մասին, որ պետությունը պետք է կառուցվի հոգևոր-բարոյական հիմքի վրա, որն ապահովում է գրականությունը։ Նա ընդգծեց Հայոց երկու հանրապետությունների գրողների միությունների նախագահների ջանքերը Արցախի գրական ձայնը համահայկական դաշտում լսելի դարձնելու գործում։
Իրենց բանաստեղծությունների արտասանությամբ հանդես եկան Հրանտ Ալեքսանյանը, Արմեն Հովհաննիսյանը, Աշոտ Գաբրիելյանը, Ռոբերտ Եսայանը, Կարեն Անտաշյանը, Տաթև Սողոմոնյանը, Ծովինար Բաղդասարյանը, նաև նրանք, ովքեր իրենց առաջին քայլերն են անում պոեզիայի ոլորտում։
ՙՏիգրանակերտում բանաստեղծությունը հատուկ իմաստ է ձեռք բերում,- իր խոսքում ասաց Վարդան Հակոբյանը։- Հայոց հզոր արքայից արքայի ոգին է թևածում այս պարիսպների ներսում, զինվորների զենքի շաչյունն է լսվում, և մեր հոգևոր աշխարհը վերափոխվում է, բանաստեղծությունն իր մեջ պահում է կախարդական ուժ և իր շուրջը ձևավորում նոր աշխարհ։ Դարեր հետո այս վայրում հնչում է հայերեն բանաստեղծությունը, և մենք կարողանում ենք ասել՝ տերն ենք մեր երկրի։ Ոչինչ այստեղ պատահական չէ, այս քարերը, ծառերը, թփերը... Մեծ առաքելություն է Տիգրան Մեծի հիմնած քաղաքում կանգնել և բանաստեղծություն հնչեցնել։ Մեր քայլերը մեզ պիտի տանեն այնտեղ, ուր մեզ սպասում է... Տիգրան Մեծը։ Հոգևոր Հայաստանի քարտեզը պետք է ձգտի հասնել աշխարհագրականի սահմանին՚։ Ապա Վ.Հակոբյանը արտասանեց իր ՙԻմ օջախը՚ բանաստեղծությունը։
Օրը լցված էր պոեզիայի հմայքով և Տիգրան Մեծի ոգեղեն ներկայությամբ։
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ