ՇՈՒՇԻՆ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

DSC_2574.jpgՀակոբ Գյուրջյան՚ քանդակի միջազգային երկրորդ սիմպոզիում
Հուլիսի 13-31-ը Շուշիում կայացավ ՙՀակոբ Գյուրջյան՚ քանդակի միջազգային երկրորդ  սիմպոզիումը։ 
Սիմպոզիումին մասնակցեցին թվով 15 քանդակագործներ Արցախից, Հայաստանից, Բելառուսից, Բելգիայից, Ճապոնիայից, Իտալիայից։ Հայոց հինավուրց քաղաքում կառուցվող նոր թանգարանի տարածքը, ուր տեղադրվել էին Շուշիից, Սիսիանից, Հոկտեմբերյանից բերված քարաբեկորները, դարձել էր շուշեցիների և քաղաքն այցելած զբոսաշրջիկների հետաքրքրության վայրը։  
Հուլիսի 31-ին կերպարվեստի թանգարանին կից տարածքն առավել մարդաշատ էր։ Հիրավի, քանդակի այգի. հարթակն այսպես կոչեց իտալացի քանդակագործներից մեկը։ ՙՀակոբ Գյուրջյան՚ քանդակի երկրորդ միջազգային սիմպոզիումի ավարտի հանդիսավոր արարողությունը բացեց միջոցառման նախաձեռնող, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում ապրող մեր հայրենակիցը՝ Վիգեն Ավետիսը։ Մասնակիցներին ու հավաքվածներին ողջունելով՝ նա նշեց, որ երկրորդ միջազգային սիմպոզիումը կայացավ ավելի կազմակերպված, լուրջ, աշխարհագրական ընդգրկումը՝ լայն։ Վիգենն իր երախտագիտությունը հայտնեց DSC_2561.jpgԱրցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիային, հատկապես պրոֆեսորադասախոսական կազմին, որոնց օժանդակությամբ սկիզբ դրվեցին և կայացան երկու շատ կարևոր մշակութային իրադարձություններ, որոնք մեծ ներդրում ունեցան և կունենան  Շուշիի մշակութային կյանքում։ Նման փառատոների  միջոցով  հաղթահարվում են տարածությունները, ստեղծվում է հոգևոր կապ, արվեստի միջոցով հաղթահարվում են դժվարությունները, բացվում են փակ դռները։DSC_2396.jpg
Այնուհետև Վիգեն Ավետիսը կարդաց Հռոմից ստացված նամակը, որ փառատոնին հղել է Ֆրանչեսկո Գալլոն, ով նույնպես փառատոնի նախաձեռնողներից ու օժանդակողներից է, և ափսոսանք է հայտնում, որ չի կարողացել մասնակցել սիմպոզիումին։ ՙԱյն, ինչ իրագործվում է այսօր, անհրաժեշտ է մշակութային պատմության և ժողովուրդների միջև երկխոսության համար,- նշված է ուղերձում,- քանի որ արվեստը, մասնավորապես՝ քանդակագործությունը, պատկանում են բոլորին և սեր են դաստիարակում առ գեղեցիկն ու բարին։ Այս նախաձեռնության մեջ, որը փայլուն կերպով իրագործում եք, համարեք, որ ձեր կողքին եմ, և իմ բացակայությունը միայն ֆիզիկական է, քանի որ հոգով ու մտքով ձեզ հետ եմ։ Իսկ Վիգենին հղում եմ իմ շնորհավորանքներն ու մաղթանքները՚։
ՙՀակոբ Գյուրջյան՚ քանդակի երկրորդ միջազգային սիմպոզիումն այլևս կայացած իրողություն է, վստահ եմ՝ այն արձանագրվելու է ինչպես Շուշիի, այնպես էլ Արցախի մշակութային պատմության մեջ,-ողջույնի խոսքում ասաց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը։¬ Եվ կարևոր է, որ այս իրադարձությունը վերածվեց գեղեցիկ տոնի. բոլոր այս օրերին մարդկանց հոսքը դեպի այս վայրը  չէր դադարում, գալիս էին տեսնելու, շփվելու, ոգեշնչվելու։ Սիմպոզիումի համար հատուկ թեմա չէր ընտրված, բայց ուշադիր դիտելիս քանդակները խորհրդանշում են 3 կարևոր բան՝ հույս, հավատ, սեր։ Պողոս Առաքյալն ասում էր, որ այդ երեքից ամենակարևորը սերն է։ 
Ուրախ ու երջանիկ եմ, որ այս հողը, բնությունը և մարդիկ տրամադրել են քանդակագործներին՝ արարելու այս երեք խորհրդանիշերը՝ հույս, հավատ և սեր։ Ձեր երկրների դրոշները մեր հողում ծածանվել են ի պատիվ ձեզ, և համարում եմ, որ դուք բոլորդ դարձել եք խաղաղության դեսպաններ, խաղաղություն, որն  ամենակարևորն է այս երկրի համար՚։
DSC_2390.jpgՆախարարը երախտագիտություն հայտնեց նախագիծը հովանավորողներին, ապա տեղեկացրեց, որ կերպարվեստի թանգարանի շենքի վրա վերջին աշխատանքներն են կատարվում, և որ հենց այդ օրը կբացվի թանգարանի առաջին ցուցասրահը։ Ն. Աղաբալյանը Հայաստանի կենտրոնական բանկի կողմից տրամադրված ՙՀակոբ Գյուրջյան՚ ոսկե հուշադրամը հանձնեց սիմպոզիումի մտահղացման հեղինակ և նախաձեռնող Վիգեն Ավետիսին և հուշանվերներ ու շնորհակալագրեր՝ բոլոր մասնակիցներին։
Սիմպոզիումի մասնակիցների մոտ հետաքրքիր մտահղացում է ծնվել. վերցնել մի թաղամաս և վերականգնել ու ձևավորել հին Շուշիին հարիր ոճով։ Առաջարկությունը ներկայացրեց գեղանկարիչ-քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանը՝ ընդգծելով, որ այս գործընթացը մասնագիտական մոտեցում է պահանջում։ DSC_2394.jpg
Ելույթ ունեցան սիմպոզիումի բոլոր մասնակիցները՝ նշելով քաղաքի ու արցախցիների հյուրասիրությունը, ջերմ մթնոլորտը, հրաշք բնությունը, որ Շուշին հզոր էներգետիկ ուժ ունի, որից ոգեշնչվել են, մաղթեցին, որ սիմպոզիումը շարունակական լինի։ 
Իտալացի քանդակագործներից մեկը տաղավարում պատահական հայտնված ոչխարի մեջ տեսավ աստվածաշնչյան խորհուրդ. գառնուկը խաղաղության խորհրդանիշ է, իսկ իտալացու քանդակը խորհրդանշում էր ընտանիքի սրբության և խաղաղության գաղափարը։ 
- Արվեստի հանդեպ սերը մտերմացրել է սիմպոզիումի մասնակիցներին, և այս շփումը երկուստեք շատ բան տվեց քանդակագործներին,-ասաց քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը։ 
DSC_2375.jpgՍիմպոզիումի ավարտի հանդիսավոր արարողությանը խոսք եղավ նաև իտալական Լուկան և Շուշին քույր- քաղաքներ դարձնելու մասին։
Շուշիի արվեստի կենտրոնի տնօրեն Նարեկ Հարությունյանը իր ողջույնի խոսքում ասաց, որ իրենք, քաղաքը կարոտով կսպասեն քանդակագործներին, որոնք իրենց ներշնչանքը, հոգու մի մասնիկը թողեցին քանդակների մեջ, Շուշիում։
Հավաքվածների համար անակնկալ էր ճապոնուհու՝ Կումիկո Սուզուկիի ելույթը հայկական տարազով, ապա  արցախյան ժենգյալով հաց թխելը։
Տարբեր ազգության ներկայացուցիչներն արցախցիների հետ ՙԹամզարա՚ շուրջպարի մեջ մտան։
Քանդակի միջազգային սիմպոզիումը վկայում է Շուշի քաղաքի մշակութային վերելքի մասին, որին կնպաստի մոտ օրերս ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տեղափոխվելը հայոց հինավուրց քաղաք։
Քանդակի միջազգային  երկրորդ սիմպոզիումը, որ հավակնում է դառնալ ավանդական, հարթակ էր մշակութային երկխոսության, բարեկամության, տարբեր մշակույթների առնչության։
 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ