Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈԲԵԼՅԱՆԸ ԱՌԻԹ՝ ԽՈՍԵԼՈՒ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ

DSC_3847.jpgՕգոստոսի 22-ն Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի հիմնական շարժառիթը լիբանանահայ ՙԱզդակ՚ թերթի 85-ամյակն էր և իր՝ հուլիսին Բեյրութ կատարած այցելությունը: Միջոցառմանը հրավիրված էին հանրապետության լրատվամիջոցների  և ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ Գ. Բաղդասարյանը շեշտեց, որ սփյուռքում լույս տեսնող թերթերը հայապահպանության կարեւոր գործ են կատարում, այդ պատճառով դրանք մշտապես Հայաստանի և Արցախի լրագրողների ուշադրության կենտրոնում պետք է լինեն: Նա նշեց նաև, որ սփյուռքահայ թերթի հոբելյանին նվիրված միջոցառումը փորձ է՝ դուրս գալու արցախյան տեղեկատվական դաշտի շրջանակներից և արցախյան ԶԼՄ-ների զարգացումը դիտարկել համահայկական տեղեկատվական դաշտի համապատկերի մեջ:  Խորհրդանշական է, որ թերթի  85-ամյակի տոնակատարությունների մեկնարկը տրվում է Արցախում:  ՙՍա պատահական չէ,  այս մասին  պայմանավորվածություն  կա ՙԱզդակ՚  թերթի խմբագիր Շահան Գանտահարյանի հետ, շուտով հոբելյանը կնշվի նաև Երևանում և սփյուռքի ամենախոշոր գաղթօջախներում՚,- ասաց Գ. Բաղդասարյանը:  Բանախոսը նշեց, որ վերջերս Բեյրութ է մեկնել հենց այդ թերթի խմբագրի հրավերով՝  տեղում ծանոթանալու խմբագրակազմին ու նրանց աշխատելաոճին: Գ. Բաղդասարյանի խոսքերով՝ 85-ամյա ՙԱզդակի՚ օրինակով կարելի է հասկանալ, թե ինչ դեր կարող է խաղալ հայության կյանքում տպագիր մամուլն ընդհանրապես: ՙԱզդակը՚ Լիբանանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթն է, բայց վաղուց դուրս է եկել ոչ միայն Լիբանանի, այլև մերձավորարևելյան շրջանակներից և դարձել համահայկական տեղեկատվական դաշտի ամենաընթերցվող պարբերականը:  ՙՙԱզդակն՚ այն քիչ թերթերից է, որը, լինելով կուսակցական, դարձել է տեղեկատվական ամենակարևոր աղբյուրներից մեկը և հավասարաչափ լուսաբանում է ամենատարբեր քաղաքական ուժերի գործունեությունը,  բավականաչափ տեղ  հատկացնում ինչպես հայկական մյուս կուսակցություններին, այնպես էլ կրոնական հարաբերություններին` Առաքելական եկեղեցուն, Կաթողիկե եկեղեցուն եւ Ավետարանչականին,- ասաց Գ. Բաղդասարյանը: - Այն լույս է տեսնում շաբաթական 6 օր, կազմված է 10 էջից, տպագրվում է 3500 տպաքանակով: Կարծում եմ՝ ավելորդ է խոսել, թե  Լիբանանի 150-հազարանոց հայ համայնքի կյանքում ինչ դերակատարություն ունի այդպիսի թերթը՚:  ՙԱզդակը՚ մշտապես անդրադառնում է թե՜ հայաստանյան և թե՜ արցախյան  կարևոր իրադարձություններին, ինչի շնորհիվ դարձել է այն թերթը, որին ամենից հաճախ են  հղումներ անում աշխարհի հայ լրագրողները: Գ. Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ Բեյրութում հանդիպել է գրեթե բոլոր հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ (այնտեղ գործում են նաև ՙԱրարատ՚ և ՙԶարթոնք՚ թերթերը), հանդես եկել դասախոսություններով: Նրա համար հատկապես տպավորիչ էր այն հանգամանքը, որ  ՙԱզդակում՚ գործում է նաեւ ՙՓյունիկ՚ կենտրոնը` որը դարձել է  յուրահատուկ հավաքատեղի` բացառիկ քաղաքական ու մշակութային քննարկումների համար: Սա կարող է օրինակ ծառայել ՀՀ և ԼՂՀ լրատվամիջոցների համար՝ նշեց նա: Գ. Բաղդասարյանը  ներկայացրեց նաև վերջերս ՙՓյունիկ՚ հիմնադրամի աջակցությամբ լույս տեսած ՙԳևորգ Գանտահարյան՝ ամենուն ուսուցիչը՚ գիրքը, որը նվիրված է ՙԱզդակ՚ թերթի խմբագրի հորը՝ նշանավոր ուսուցիչ, վաստակաշատ մանկավարժ, խմբավար, մշակութային եւ հանրային գործիչ Գեւորգ Գանտահարյանին: ՙՍփյուռքում այսօր բավական շատ է խոսվում հայերիս բազմազանության մասին. Շահան Գանտահարյանի հետ մենք բազմիցս զրուցել ենք այդ մասին և եկել այն համոզմունքին, որ մեր բազմազանությունն իսկապես մեր հարստությունը կարող է լինել՝ եթե մենք ծառայում ենք մի նպատակի: Այս իմաստով լավ միտք է ասել Գևորգ Գանտահարյանը՝ ՙՄիասնականությունը միապետություն չէ՚: 
Ասուլիսի ընթացքում  ներկայացվեց նաև տեսաֆիլմ, որն  ՙԱզդակի՚ անցած ճանապարհի համառոտ պատմությունն էր:  Թերթն առաջին անգամ լույս է տեսել1927 թվականի մարտի 25-ին՝  որպես մասնավոր հրատարակություն, սակայն առաջին օրվանից եղել է Դաշնակցության պաշտոնաթերթը: Սկզբում լույս է տեսել երկօրյա, ապա եռօրյա, իսկ տարիներ անց եւ մինչ օրս՝ ամենօրյա պարբերականությամբ: Հակառակ լիբանանյան քաղաքացիական կռիվների՝ ծավալվել է եւ ունեցել ութ, հիմա արդեն՝ 10 էջ: 1994 թվականից թերթն ունի իր տպարանը: Վերջին ժամանակներս ՙԱզդակը՚ լույս է տեսնում նաև արաբերեն տարբերակով: Տարին 2 անգամ` Ամանորին եւ Ապրիլի 24-ին, թողարկվում են ՙԱզդակ՚ բացառիկները: Հայտնի լրագրող Շահան Գանտահարյանի ղեկավարած թերթն այսօր էլ շարունակում է ներկայացնել երկրի հայ համայնքի այսօրվա կյանքը, անդրադառնում համաշխարհային կարևորության քաղաքական և մշակութային իրադարձություններին: 
Օգտագործելով ՙԱզդակի՚ հոբելյանն իբրև առիթ, ներկաները խոսեցին համահայկական տեղեկատվական դաշտի խնդիրների մասին: Նշվեց, որ վերջին տարիներին բազմաթիվ փորձեր են ձեռնարկվել համահայկական լրատվական դաշտի ձևավորման ուղղությամբ: Գ. Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ Ստեփանակերտում կազմակերպված՝ լրագրողների համայկական  5-րդ համաժողովը զուտ խորհրդանշական բնույթ ուներ: ՙՎաղուց ժամանակն է մտածելու այնպիսի ձևաչափի մասին, որը կնպաստի  հայկական լրատվամիջոցների իրական ու ռեալ համագործակցությանը: Մեկ համընդգրկուն նախաձեռնությամբ համահայկական տեղեկատվական դաշտ  ստեղծելն իրատեսական չէ, հնարավոր չէ բոլոր լրագրողներին հավաքել մեկ տանիքի տակ և փորձել համագործակցել՚,-ասաց նա: Ըստ նրա՝ տարբեր լրագրողական կազմակերպություններ կարող են հանդես գալ նախաձեռնություններով, ստեղծելով կոնկրետ ձևաչափեր, որոնց հիման վրա կարող է ձևավորվել համահայկական դաշտ: ԼՂՀ ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանն առաջարկեց հայաստանյան, սփյուռքահայ և արցախյան ԶԼՄ-ների ղեկավարների մասնակցությամբ  կազմակերպել Հայաստան-Արցախ-Սփյուռք թեմայով օնլայն քննարկումներ, ինչը ևս կնպաստի համահայկական լրատվադաշտի կայացմանը։ 
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ