Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՆԱՎՈՒՐՑ ԳՅՈՒՂԻ ՉԽԱՄՐՈՂ ԳՈՒՅՆԵՐԸ

999_1.jpgՎերջին տարիներին գրահրատարակչության բնագավառում մի հաճելի երևույթ է նկատվում.  տպագրվում են գրքեր արցախյան գյուղերի մասին, որոնք տվյալ բնակավայրի յուրօրինակ հանրագիտարան են: Այդ  շարքը համալրվեց ևս մեկով` ՙԲանաձոր՚ գրքով, նվիրված Հադրութի շրջանի Բանազուր, իսկ 1993 թվականից` Բանաձոր անվանված գյուղին, նրա  պատմությանը` մինչև 1991 թվականի  չարաբաստիկ մայիսի 15-ը, երբ ազերի և ռուս օմոնականների  կողմից գյուղը բռնատեղահանվեց:
Հեղինակը բանաձորցի ուսուցչուհի, այժմ երևանաբնակ Սվետլանա Ղուլյանն  է (Ղուլունց): Սկզբից ասենք, որ  գրքի 300 օրինակ տպաքանակի մի մասը նա ուղարկել է Արցախ` հասցեագրելով մի շարք գերատեսչությունների և անհատների, և տարել հայրենի գյուղ՝ բաժանելով գյուղի բոլոր տոհմերին: Արցախում այդ գրքի ընթերցանությունից ստացած հաճույքը վայելել են շատերը: Իսկ որ գիրքը իսկապես հոգեկան մեծ բավականություն և խորհելու շատ բան է տալիս,  դրանում չպիտի կասկածել: Գրքի առաջաբանում արցախագետ Շահեն Մկրտչյանի կարծիքն է, որից մի հատված մեջբերենք. ՙՀսկայական աշխատանք է կատարվել գյուղը` արցախյան այդ հինավուրց բնակավայրը, իր անվանն ու մարդկանց վայել ներկայացնելու համար: Ե’վ բովանդակությամբ, և’ ասելիքի նորարարությամբ, այն կարևոր նշանակություն ունի հարավային Արցախ-Դիզակի պատմությունը  ընդհանրացնելու համար: Գիրքը իր տեսակի մեջ եզակի է տեղանունների նորովի ստուգաբանությամբ, բազում անհայտ ձեռագրերի ու հուշարձանների նկարագրությամբ, չուսումնասիրված ու չլուսաբանված նյութերով, որոնք առաջին անգամ են շրջանառության մեջ` համարվելով պատմական արժեք՚։ 
Գիրքը սկսվում է գյուղի աշխարհագրական դիրքի, բնական պայմանների նկարագրությամբ: Հենց այստեղից էլ  անգամ անծանոթ մեկը սիրահարվում է բնակավայրին, հենց բանազուրցիներին, որոնցից շատերը ճակատագրի բերումով  ցիրուցան են եղել տարբեր վայրեր` հայրենիքի կարոտը սրտում:  ՙԴյուցազնական Դիզափայտի հարավհայացքի լեռնաբազուկներից մեկի գեղատեսիլ փեշերին է փռված Բանազուր` այսօր արդեն Բանաձոր գյուղը: Բնության զարմանահրաշ մի անկյուն, որի շուրջպար բռնած լեռների մեղեդին դարեր ի վեր ուղեկցել է մարդկանց` ներարկելով նրանց  իր ուժն ու մեղմությունը, հպարտությունն ու բարությունը՚: Այսպիսի նկարագրությունները շատ են և հնարավոր չէ բոլորին անդրադառնալ: Պարզապես բերենք մի երկու օրինակ: Հեղինակը գրում է, որ գյուղի տարածքի բարեխառն, մերձարևադարձային կլիման բարենպաստ պայմաններ է ստեղծում հատկապես թթենու, խաղողենու և կտավատի համար: Այս հանգամանքը շատ լավ են հասկացել մեր նախնիները` դարեր ի վեր աճեցնելով թթենու և խաղողի այգիներ, և կտավատ (փոքրիկ դիտարկում՝ գյուղի ապագա ծրագրերը կազմելիս)։ 1912թ. գյուղում կար 122 հա թթենու և 152 հա խաղողի այգի: Մի առանձին սիրով է պատկերվում գյուղի մեծ հարստությունը` անտառը։ ՙԴրախտային մի փոքրիկ վայր, որտեղ առանց արտաքին աշխարհի հետ շփվելու մարդը կարող է գոյատևել` շնորհիվ անտառի հարուստ բարիքների: Բանազուրցին աչքի լույսի պես պահպանում էր  անտառները: Նախկինում անտառի պահակությունը շուրջօրյա էր: Տոհմերի միջև սահմանված էր հերթապահություն, ամիսը մեկ անտառը հսկում էր գյուղի տոհմերից մեկը: Խորհրդային տարիներին անտառի պահպանման համար առանձնացվեց հատուկ հաստիք: Հիմա գյուղի կանաչ տարածքը աղքատիկ է: Այսօր գյուղը կանգնած է անապատացման վտանգի առջև ու կարիք ունի շատ մեծ ուշադրության, հոգատարության: Մեր ապուպապերի փոխանցածից այսօր, ցավոք, մենք շատ քիչ բան ունենք փոխանցելու մեր սերունդներին՚:
Հեղինակը նշում է գյուղի տեղանունները, անվան ծագման մի քանի վարկածներ, սրբավայրերը, քահրիզները, աղբյուրները: Վերջիններիս մասին գրում է. ՙԵթե գյուղն ունի քահրիզ, առավել ևս քահրիզներ, ապա ավելորդ է փաստարկել նրա հինավուրց լինելը՚: Ու առանձին-առանձին նկարագրում է դրանք, դրանց հետ կապված պատմությունները: 
ՙԱզգ, տոհմ, ազգանուն՚ վերնագրի տակ ներկայացնում է 1828թ. Բանազուրի մարդահամարով կատարված գրանցումներում մարդկանց անուն-ազգանունները, ընտանիքի անդամների թիվը, առանձին` տոհմանունները` Դերունց, Թմրազանց, Չագունց և այլն: Չի անտեսում նաև մականունները, որովհետև ՙգրել բանազուրցու մասին,  շրջանցելով այս թեման, կնշանակեր հային ներկայացնել առանց խաչքարի կամ մանրանկարչության: Բանազուրցու զարգառլու լինելու մասին գիտեին ողջ մարզում: Դրանից զգուշանում էին ղեկավարները: Այս թեմայի տակ հեղինակը ներկայացնում է մի շատ ինքնատիպ և նշանավոր բանազուրցու` Չարըխ Սուրենին:   Իր մականունը նա ինքն է ընտրել, ի  տարբերություն շատերի, մինչև իր կյանքի վերջը հագնելով տրեխ-կոշիկներ: ՙԴրանք սովորական տրեխներ չէին, այլ գեղեցիկ, ինքնատիպ, փափուկ, ոտքն ամուր գրկած կոշիկներ` արվեստի բացառիկ ստեղծագործություն՚,-գրում է հեղինակը, մանրամասնելով, որ նա  այդ կոշիկները պատվիրում էր Շամախու շրջանի Մադրասա գյուղում ապրող միակ վարպետի մոտ` վճարելով վարպետին մեկ տարվա գումարը, որպեսզի իր կոշիկի կրկնօրինակը չհայտնվի ուրիշի ոտքին: Նա հայտնի էր նաև  մարդկային որակներով: Այդ մարդու պատասխանատվության չափն անցնում էր բոլոր նշաձողերը: Եթե ծեծել են բոլոր դռները, և այդ դռները չեն բացվել կամ մերժվել են, ապա բոլորը գիտեն, որ կա մի դուռ, որը միշտ բաց է, ու դա Սուրենի դուռն է: Սուրենը ժողովրդի լեզուն ու խոսափողն էր: Հեղինակը վկայակոչում է  Երվանդ Ղահրամանյանին. ՙԱդրբեջանի սունի և շիա հանրությունների միջև ծագած խոր վեճերը հարթելու կամ հաշտեցնելու համար պիտի միջնորդեր հանրապետությունում հարգված ու ճանաչված մարդ: Այդ մարդը Չարըխ Սուրենն էր՚: 
Հեղինակի խոսքով` նման հետաքրքիր մարդիկ էլի կային գյուղում:
Գրքում պատմական ակնարկ կա  7-րդ դարում արաբների ասպատակությունների և հետագայում տարբեր ցեղերի արշավախմբերի ոտնձգությունների դեմ արցախցիների, Խամսայի մելիքությունների, մասնավորապես, բանազուրցիների պայքարի մասին` հիմնված մեր պատմիչների և կաթողիկոսական դիվաններում պահպանված հիշատակությունների վրա: Այստեղ հատկապես շատերի համար նորություն կարող է լինել Կրախտինոյում` Ջաբրայիլում հիշատակված հայերի, մասնավորապես բանազուրցիների մասին: Հեղինակը գրում է, որ  Գյուլիստանի պայմանագրից հետո Կրախտինոյում` կազմավորվում է ռուսական զինվորական սահմանապահ կետ, որտեղ զորակոչվում էին շրջակա հայկական գյուղերի երիտասարդներ` ծառայելու ռուսական բանակում: Առաջին հերթին զորակոչվում էին հարուստ ընտանիքների երիտասարդները, որոնք կրթություն էին ստացել, տիրապետում էին ռուսերենին, կարողանում էին զենք գործածել: Այդ սղնախներում ծառայում էին նաև բանազուրցի երիտասարդները:  Շատերն ստանում էին սպայական կոչում` շարունակելով ծառայությունը: Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցեցին բանազուրցի շատ երիտասարդներ: Հեղինակը  ցավում է, որ  ստույգ տեղեկություններ չի գտել այդ մասին,  բավարարվել է  նրանց ժառանգների սեղմ տեղեկատվությամբ:  Գրում է, որ 1880թ. Ջաբրայիլում ապրել են հայեր, ռուսներ, թաթարներ: Բանազուրցիները Ջաբրայիլում ունեին գեղեցիկ առանձնատներ: Այս և այլ  փաստարկումներով գիրքը նաև  քաղաքական մեծ արժեք է ներկայացնում: 
Մի առանձին հետաքրքրությամբ է կարդացվում ՙԱրհեստ-արվեստներ՚ բաժինը:  Հեղինակի տվյալներով, 1921թ. գյուղում կար 288 ընտանիք` 1254 բնակչով: ՙԳյուղում կային վարպետներ, որոնք տիրապետում էին այն բոլոր կամ գրեթե բոլոր արհեստ-արվեստներին, որոնք կարող էին ապահովել գյուղի առօրյան: Այսօր դրանք կոչում են ենթակառուցվածքներ՚,-գրում է հեղինակը: Այնուհետև առանձին վերնագրերի տակ ներկայացնում է այդ ճյուղերը և նրանցով զբաղվող մարդկանց: Մենք բավարարվենք դրանցից մի քանիսը թվարկելով, և ամեն ինչ պարզ կլինի: Գյուղում կար սրանոց (ձիթհանք, 4 հատ), ջրաղաց  (6 հատ), կրավերներ (կրի պատրաստման հորեր՝ 4 հատ): Կային հետևյալ արհեստները` կղմինդրագործություն, փալանչիագործություն, բրուտագործություն, ոսկերչություն, ջուլհակագործություն, պղնձագործություն, փայտագործություն, կամուրջաշինություն (Խուդափերինի 2 կամուրջները բանազուրցի վարպետներն  են կառուցել), կաշվեգործություն և այլն: 
Առանձին վերնագրերի տակ ներկայացվում են տարազը, խոսվածքը, ավանդույթներն ու սովորույթները, խոհանոցը, գորգագործությունը և, ընդհանրապես, գործելու արվեստը, աշխատանքային գործիքները: 
 Մի առանձին թեմա է բանազուրյան խաղողագործությունը, Բանազուրի հռչակավոր գինին, որը ըմպել է Պուշկինը` էրզրում կատարած ճանապարհորդության ժամանակ, Լերմոնտովը` Շուշիում:   
20-րդ դարասկզբին Բանազուրի գինին շրջանում առաջինն ունեցավ պիտակ և առաքվում էր Ռուսաստան: Երվանդ Ղարախանյանն այսպիսի հուշ ունի. Բաքվում սովորելու տարիներին` 1938թ.  մեծ հպարտությամբ էր անցնում ՙկպռՑպ ՉՌվՈ ՙըՈվՈջցՐ՚, ՙԾՈՐՑցվՌ՚ գովազդների կողքով, իսկ ռմբակոծված Կիևի մթերային խանութում հայատառ ՙԲանազուռ՚ գինու ջարդված շշերից անգամ ջերմանում էր հոգին: 1898թ. տվյալներով, Դիզակում ամենաշատ խաղողի այգիներ եղել են Բանազուրում` 152 հա: 
Գրքի վերջին հատվածները 1991թ. մայիսի 15-ին Բանաձորի բռնատեղահանմանն են նվիրված:  Այնուհետև առանձին համագյուղացիների պատմածներից հեղինակը բերում է այդ օրերի նկարագրությունը, ցուցակով ներկայացնում  բռնատեղահանված ընտանիքներին: Պատմում է առանձին դրվագներ Արցախյան  հերոսամարտից։ 
Սկզբից մինչև վերջ, նույնիսկ ՙԽոհանոց՚ բաժնում, զգում ես քաղաքական երանգավորումները, մի տեղ ցայտուն, մյուսում՝ հումորով, երրորդում՝ ենթատեքստով, 1980-ականներին ադրբեջանական լեզվի մուտքն արցախյան դպրոց և էլի մի քանի թուրքական տակտիկական քայլեր, շարադրված  արդեն բաց տեքստով:
Գիրքն ընթերցելուց հետո ցանկություն է առաջանում տպավորությունդ կիսել շրջապատիդ հետ, համեմատություն անցկացնել գյուղի հզոր անցյալի և ներկայի միջև, ափսոսալ, միաժամանակ հավատալ, որ այն վերստին կդառնա նախկին շեն բնակավայրը: Եվ շնորհակալական զգացումով ես լցվում հեղինակի` բանազուրցի նախկին ուսուցչուհու, այժմ Հայաստանի պետական պատկերասրահի աշխատող Սվետլանա Ղուլյանի (Ղուլունց) հանդեպ, որ նման գիրք է հրամցրել ընթերցողին: Դա տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, Մատենադարանում, Ազգային գրադարանում, Պետական արխիվի, կաթողիկոսական դիվանի հատորների վրա տարիներով աշխատելու, համագյուղացիների պատմածներն ու հարազատ մոր` Սիրան Բաղդասարյանի, արխիվային նյութերը մանրակրկիտ ուսումնասիրելու արդյունք: 
Կարծում ենք, գիրքն իր աղբյուրագիտական նշանակությամբ կարող է օժանդակ ձեռնարկ հանդիսանալ ինչպես դպրոցում, այնպես էլ բուհում` Արցախի, ինչու չէ՝ նաև Հայաստանի պատմությունն ուսումնասիրելիս: 
Վերջում հավելենք, որ գրքին առանձին հմայք է տալիս նրա արտաքին ձևավորումը, որի հեղինակը դարձյալ ինքը` Ս. Ղուլյանն է: Գրքի մեջ տեղ են գտել նաև նրա բանաստեղծությունները: Ի դեպ, նա 4 գրքի հեղինակ է: Ինչպես տեղեկացանք հեղինակից, շուտով կհրատարակվեն նրա մանկական բանաստեղծությունների ժողովածուն և նկարների ալբոմը:       
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ