Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊՈԵՏԻ ՀԵՏ

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում հետաքրքիր նախագիծ է ձևավորվում` կազմակերպել գրական-գեղարվեստական երեկոներ, հանդիպումներ գրողների հետ, որի նպատակն է կանխել ՙոգու սովը՚, գրքից հեռացած ընթերցողին մոտեցնել գրականությանը, վերականգնել գրող-հասարակություն խզված կապը,  երիտասարդությանը հասանելի դարձնել նոր լույս տեսած գրքերը, հասարակության գրասեր խավին ծանոթացնել գրական գործընթացներին։ 
Առաջին հանդիպումը հոկտեմբերի 22-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում բանաստեղծ Վարդան Հակոբյանի հետ էր, որն սկսվեց Արցախի օրհներգի կատարումով, որի տեքստի հեղինակը հենց ինքն է։
Բանաստեղծի մասին համառոտ խոսք ասաց  երեկոն վարող  Անահիտ Դանիելյանը։ Նա կանգ առավ Վ. Հակոբյանի կենսագրության, ծննդավայրի վրա, որտեղ անցել է նրա մանկությունը, որտեղ ձևավորվել է գրողի պոետիկ ներաշխարհը։
ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը հանգամանորեն կանգ առնելով բանաստեղծի անցած գրական ճանապարհի առանձին փուլերի վրա, ասաց, որ բնությունը շռայլ է գտնվել նրա հանդեպ, և որ նրա պոեզիան ժողովրդի հոգու արտահայտությունն է։
ՙԿա սերունդ, որ ստեղծում է իր ժամանակի դիմագիծը,- ասաց բանախոսը,- և կան անհատներ, որ  ստեղծում են ժամանակը՚։ Վարդանը ասպարեզ եկավ այն ժամանակ, երբ արդեն ճանաչում ունեին Գուրգեն Գաբրիելյանը, Մաքսիմ  Հովհաննիսյանը, Հրաչյա Բեգլարյանը, Արմեն Հովհաննիսյանը, Նվարդ Ավագյանը, և շատ կարճ ժամանակում  առանձնանալով իր սերնդից, ստեղծեց սեփական  դիմագիծը, և նրանից հետո եկողներից շատերը կրում էին նրա ազդեցությունը։ Ժողովածուների վերնագրերի թվարկումը գաղափար են տալիս թեմատիկ և բովանդակային ուղղվածության մասին։ Գրական  երախայրիքը կրում էր ՙՄեղեդի՚ անվանումը, գիրք, որ կարծես հյուսված է ծիածանի գույներից։ Երկրորդ գիրքը լույս տեսավ  մի շրջանում, որը տագնապներով էր լեցուն, և բանաստեղծը սեր և ժպիտ էր պարգևում մարդկանց։ Գրողը խստապահանջ է՝ ինքն իր և իր տողի հանդեպ, և պատահական չէ, որ նա  իրեն չի կրկնում, այլ ամեն գրքով մի նորություն է բերում։ ՙԱրցախա ծուխը՚ տպագրվեց Հայաստանում և արժանացավ հայ մամուլի ուշադրությանը։ ՙՄենարան՚-ով նա գնահատվեց որպես հայ պոեզիայի ճանաչված դեմքերից մեկը։ ՙՔրիստոսի ծաղիկները՚ և ՙՏաճարն Աստծո՚ գրքերը բարձր գնահատեցին գրականագետները, որից երկու տարի հետո լույս տեսան ՙԹևերի հեռուն՚ և ՙՋրի հիշողությունը՚։ Հակոբյանը ներքին կուտակումների բանաստեղծ է։ Բանախոսը կանգ առավ նաև ՙԶատիկը ջրավազանի հատակին՚ պատմական-գեղարվեստական վեպի վրա, որի առանցքում 1905-1923թթ. Արցախում կատարված բարդ և ծանր իրադարձություններն են։ ՙՄարտնչող գրականության պոետ՚,- այսպես անվանեց Ս. Խանյանը, ապա կարդաց Վ. Հակոբյանին նվիրած իր բանաստեղծությունը։
Վ. Հակոբյանի պոեզիայի մասին խոսք ասացին ՙՀայրենյաց պաշտպան՚ թերթի խմբագիր, բանաստեղծ Ռոբերտ Եսայանը, երիտասարդ գրող Վան Նովիկովը, ՙՆարեկացի՚ պետհավատարմագրված համալսարանի դասախոս Զարինե Սառաջյանը։ Նշվեց նրա գրչի բեղուն լինելը, ձեռքը կյանքի զարկերակին պահելը։ Բանաստեղծը կերտել է իր ժամանակը, իր բանաստեղծական մոլորակը, բացահայտել իր երկիրը, հայրենիքը, ստեղծել կենսունակ պոեզիա, որ կդիմանա ժամանակի քննությանը։ Վ. Հակոբյանի բանաստեղծությունները զգացմունքների պոռթկում են, տողն անկեղծ է, ընթերցողը ջանքը, ճիգը չի տեսնում, որը շատ կարևոր ձեռքբերում է։ Նրա արվեստը անմնացորդ նվիրում ու սեր է հայրենիքին ու պոեզիային։ ԼՂՀ ԳՄ նախագահն ուղղորդում է երիտասարդների ստեղծագործական ոգորումները։
Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են այլ լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, վրացերեն, բուլղարերեն... ՙՆարեկացի՚ համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչ Լուսինե Թովմասյանը  թարգմանաբար (ռուսերեն և անգլերեն) կարդաց Վ. Հակոբյանի  բանաստեղծություններից։
Ասմունքով հանդես եկան Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի  դերասանուհի Ռուզան Գասպարյանը, ուսանողներ։
Վ. Հակոբյանն իր խոսքն սկսեց Ռիլկեից մեջբերումով. ՙԵղիր այն բանաստեղծը, որ գալու է քեզանից հետո՚։ Ճշմարտությունը հակասական է, ասաց նա, մինչև գրիչ վերցնելը բոլորը բանաստեղծներ են, գրելուց հետո է կարևոր բանաստեղծ լինել։ Մենք փորձում ենք հասնել բանաստեղծությանը։ 
Իսկ ասված գովեստի խոսքերը հուսադրող են։ Բանաստեղծը պատմեց նաև իր ու մեծն Շիրազի հանդիպումներից։
Գեղանկարիչ Լիանա Քոչարյանն իր գործերից մեկը նվիրեց Վ. Հակոբյանին։
Պոեզիայի երեկոն ավարտվեց  գրքերի նվիրումով և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին կից գործող ՙԱրցախի բալիկներ՚ համույթի ելույթով (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Հարությունյան)։
 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ