Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈԳԴԱՆ ՋԱՆՅԱՆԸ՝ ԻՄ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԾԻՐՈՒՄ

Ganyan.jpgՈւկրաինայի ժուռնալիստների 
ազգային միության անդամ 
ք. Սումի
ՙԽիղճս վսեմություն պահեմ
Եվ ունկնդրեմ ես իմ խղճին,
Զգույշ լինեմ, որ ես բնավ
Չմանրանամ, չմանրանա՛մ՚։
          Բոգդան ՋԱՆՅԱՆ
Հաճախ մենք օգտագործում ենք ՙմարդ, որ իջել է առասպելից՚ դարձվածքը, բայց կոնկրետ չենք պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում նման մարդն իրականում։ Ինձ համար այդպիսի մարդը նյութական ու հոգևոր դրսևորումներով ներկայանում է բանաստեղծ Բոգդան Ջանյանի  կերպարով։ 
Ինչպիսի՛ փորձություններ ու անակնկալներ չի նախապատրաստել ճակատագիրն  այդ մարդու հանդեպ, ինչպիսի՛ դավեր ու ոստայններ չեն հյուսել, ո՞ր մեղքի մեջ չէ, որ նրան մեղադրել են, կպցնելով զանազան ստորացուցիչ պիտակներ, ինչպիսի՛ հալածանքների ասես, որ նա չի ենթարկվել, բայց Ջանյանը միշտ էլ դիմացել է կյանքի հարվածներին, երբեք չի դավաճանել սեփական ես-ին, իր սկզբունքներին, միշտ էլ հավատարիմ է մնացել ազգային արժանապատիվ կյանքով ապրելու իր սուրբ գաղափարին, իր հայրենի երկրամասի սիրուն, որից թանկ նրա համար ոչինչ գոյություն չի ունեցել։ Ես իրավունք ունեմ նման կերպ խոսել մեր սիրելի հայրենակցի մասին, քանի որ անձամբ ականատես եմ եղել նրա մի վարժանքին, որտեղ նա ցուցաբերել է իր ողջ քաղաքացիական արիությունը, մի սխրանքի, որ ի վիճակի են կատարել միայն մեծ կամքի ու ոգու տեր անձինք։
Հետպատերազմյան շրջանի առաջին տարիներին էր։ Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական թատրոնի դահլիճում հրավիրվել էր կուսակցական ակտիվի ժողով, որտեղ քննարկվում էր գաղափարախոսական կյանքին վերաբերող հարց։ Զեկուցողը՝ մարզկոմի պրոպագանդայի գծով քարտուղարը, դրությունը այդ բնագավառում բնութագրեց ոչ բարվոք ու գլխավոր հարվածն ուղղեց մարզի մտավորականության ու առանձնապես գրողների դեմ։ Զգացվում էր, որ նախապատրաստվում էր մի անխուսափելի ջարդ, որի զոհն այս անգամ պիտի դառնային մեր գրողները։ 
Եվ ահա զեկուցումն արդեն ավարտված է, սկսվում է մտքերի փոխանակումը։ Առաջինը ամբիոն է բարձրանում անբարետես արտաքինի տեր մի անձնավորություն, որ մասնագետի հավակնությամբ սկսում է վերլուծել Ջանյանի այդ շրջանում հրապարակված բանաստեղծությունները՝ տալով նրանց բռնազբոսիկ, ցածրաստիճան սուբյեկտիվ գնահատականներ։ Այդ հռետորը, որ Ղարաբաղի մտավորականության լայն խավերին հայտնի էր իր սրբապղծությամբ, այդժամ արդեն հերթական լուտանք էր թափում մարզի եզակի, աչքի ընկնող բանաստեղծի հասցեին, ցեխոտում նրա անունը։ Հիշողությանս մեջ հատկապես դրոշմվել է այն բնութագիրը, որ նա տվեց ՙՀացի համար՚ բանաստեղծությանը։ Ճոճելով իր տափակ, զարմանալի փոքր գլուխը, զրպարտիչը ձգտում էր լսողների մեջ ստեղծել այն տպավորությունը, թե իբր հեղինակն այդ բանաստեղծությամբ խեղաթյուրում է խորհրդային իրականությունը ու դիտավորյալ բանաստեղծության մեջ շոշափելով հացի թեման, փորձում է գյուղացիների շրջանում սերմանել դժգոհություն ու անհնազանդություն։
- Չի ստացվի,¬ անամոթաբար հայտարարեց հռետորը,¬ հացի պրոբլեմը մեր երկրում վաղուց ու անշրջադարձ կերպով լուծված է, ու Ջանյանը, որպես խորհրդային գրող,  պարտավոր է իր ստեղծագործություններում գովերգել սոցիալիստական  գյուղի աշխատավորության ուրախ ու երջանիկ կյանքը։ 
Եվ դա այն դեպքում, երբ երկրում, իրոք, կտրոններ գոյություն ունեին, մի կտոր հացի համար ժամերով պետք է երկար ու ձիգ հերթի կանգնել։ Նշված բանաստեղծությունը ոչ այլ ինչ էր, քան հեղինակի սրտացավ ու սրտաբաց զրույցը հայրենի երկրագործների հետ, որտեղ նա աներկմտորեն արտահայտել է իր հարգալից վերաբերմունքը նրանց տքնաջան աշխատանքի նկատմամբ։ Ու այսքանը միայն, և ուրիշ ոչինչ։ Բայց դա ի՞նչ նշանակություն ուներ զրպարտչի համար, չէ՞ որ պատվերն արդեն ստացված էր։
Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի հոգեվիճակ էր ապրում Ջանյանն այդ ժամերին։ Դրությունը քիչ է ասել, թե դրամատիկական էր, այն ողբերգական էր, քանի որ հայտնի է, թե ինչ է նշանակում սկսնակ մի գրողի համար նման ձևով հասարակական պարսավանքի ենթարկվելը, և ինչպիսին են լինելու դրա հետևանքները։ 
Այնուամենայնիվ, բանաստեղծը չկորցրեց իրեն։ Չնայած անտանելի հոգեբանական ճնշմանն ու խեղդող մթնոլորտին (այդպես էլ չհաջողվեց մեղանչական խոսքեր կորզել սրանից)։ Ջանյանն իրեն պահում էր որպես իսկական մտավորական, խոսում էր անկաշկանդ ու միայն գրական հայերենով, ձգտում էր քննարկումը դնել տրամաբանական առողջ հողի վրա, կենդանի փաստերով ապացուցել իր պոետական խոսքի անարատությունը։ Բայց ո՞վ էր նրան լսողը։ Դահլիճը կարծես  քարացել էր կամ քար էր ձևանում։ 
Ես դեռ երիտասարդ էի, խորապես չէի ըմբռնում կատարվածի ամբողջ իմաստը, բայց հոգով ու սրտով զգում էի, որ տեղի է ունեցել մի հրեշավոր անարդարություն, որ պարզապես  հոշոտում են մի առաքինի մարդու ու հայրենասերի, հաշվեհարդար են տեսնում նրա հետ։ Ահա թե ինչու ցնցված այդ դիվային դատից, ես ժողովն ավարտվելուց հետո անմիջապես տուն չգնացի, այլ բարձրացա թատրոնի շենքի երկրորդ հարկ, ուր գտնվում էր գրողների միության մարզային բաժանմունքի սենյակը, որտեղ էլ գտա Ջանյանին՝ շրջապատված իր գրչակից ընկերներով։ Նա իր սրտի մաղձն էր թափում իր համախոհների մոտ, այրվում, խորովվում, տապակվում էր հասցված անարդարացի հարվածներից։ 
Իր ՙՉկայացած հանդիպում՚ հոդվածում, որ Ջանյանը հրապարակել է ՙԽորհրդային Ղարաբաղ՚ թերթում դեռևս 1989թ., խոսելով Լեոնիդ Հուրունցի քաղաքացիական սխրանքի մասին՝ գրել է. ՙՀուրունցի արածը այդ տարիներին, իրոք, սխրանք էր,  իսկ հիմա ի՞նչ, հիմա գրեթե բոլորս կարող ենք արտահայտել մեր մտածածը։ Իսկ այդ ժամանակ դա անել ոչ միայն դժվար էր, այլև վտանգավոր։ Եվ Հուրունցը՝ վտանգելով իր կյանքը, գրական ճակատագիրը, համառորեն գրում էր, բողոքում, ճչում։ Ավաղ, լսող չկար՚։ 
Միանգամայն արդարացի գնահատական մեր սիրելի հոգևոր ուսուցչին, որը, սակայն, ամբողջապես վերաբերում է նաև իրեն՝ Ջանյանին։ Մենք անսահմանորեն շնորհակալ ենք մեր այդ երկու երախտավորներին, մարդկային առաքինության այդ իսկական ասպետներին՝ քաղաքացիական ու հայրենասիրական այն անգնահատելի դասերի համար, որ նրանք տվել են մեր երիտասարդությանը`  հարստացնելով նրանց հոգևոր կյանքը։ Այդ դասերը երբեք չեն ջնջվի մեր ժողովրդի հիշողությունից։ 
 
 
Վազգեն ԲԱԼԱՅԱՆ