ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ

ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի կազմակերպած միջոցառումների շրջանակում հունիսի երկրորդ տասնօրյակում Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղում և Կովսական քաղաքում կայացավ ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթը, որն անցկացրեց շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը։ 
Մրցույթն ընդգրկում էր մի քանի մարզաձևեր՝ փոխանցումավազք, գնդակի նետում բասկետբոլային զամբյուղ, ՙՀաղթանակ՚ բառի հավաքում, հեռացատկ տեղից, հրաձգություն և այլն։ Յուրաքանչյուր ընտանիք ներկայացնում էր ծնողներ և մեկ երեխա։ 
Մրցույթին մասնակցեցին մարզական ընտանիքներ Այգեհովիտից,  Ուռեկանից(4 ընտանիք), Տիգրանավանից, Սարատակից, Մեղրաձորից (Աղանուսի համայնք)։ Մրցույթի քարտուղար, շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի աշխատակից Արմեն Պետրոսյանը և գլխավոր մրցավար Վլադիկ Միրզոյանը ներկայացրեցին  կանոնները, և սկսվեց բավականին ուրախ ու մրցակցային պայքար։ Ծնող թե մանուկ ձգտում էին վայրկյան առաջ կատարել վարժությունը, դառնալ հաղթող։ Կովսականում մրցույթին մասնակցեցին 5 ընտանիք՝ բոլորն էլ՝ այս քաղաքից։ 
Այստեղ, երբ պետք է սկսվեին խաղերը, տագնապ հնչեց, որ տարածքում հրդեհ է բռնկվել, և քաղաքից շատ տղամարդիկ, այդ թվում նաև մրցույթի մասնակից ընտանիքների հայրերը, մեկնեցին հրդեհի վայր։ Բարեբախտաբար, մեծ չէր վնասը։ Դեպքի վայրում էին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, ով ղեկավարում է նաև հակահրդեհային շտաբը, Կովսականի, Միջնավանի քաղաքային, Վանի  գյուղական համայնքների ղեկավարները, բնակիչներ, մոտակա սահմանապահ ուղեկալի զինվորականները և մեկ հրշեջ մարտական հաշվարկ։ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ Անդրանիկ Գևորգյանը տեղեկացրեց, որ օգնության են եկել Քաշաթաղի շրջան՝ մասնակցելու հակահրդեհային շտաբի աշխատանքներին, և տեղակայված են Կովսականի սարահարթի հենակետում։ Իմանալով հրդեհի մասին՝ մարտական հաշվարկը տեղ է հասել,  և մեկ ժամի ընթացքում միասնաբար հանգցրել են հրդեհը։ Շրջվարչակազմի ղեկավարը գոհ էր հդեհաշիջման մասնակիցներից։ 
Վերադառնանք, սակայն, Կովսական. Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցի բակում՝ հերոսի կիսանդրու մոտ, վերսկսվեց  մրցույթը, որը նույնպես անցավ թեժ պայքարում, լարված և, ամենակարևորը՝ ուրախ ու համերաշխ։ Շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵ բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, ով նույնպես ներկա էր մրցույթներին, տեղեկացրեց, որ արդյունքները կամփոփվեն մրցույթի՝ Բերձորում անցկացնելուց հետո։ 1-3-րդ տեղեր գրաված ընտանիքները կստանան դրամական պարգև, իսկ 1-ին տեղի ընտանիքը կմասնակցի Ստեփանակերտում կայանալիք հանրապետական փուլին։ 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր