[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՙՏՆՋՐԵ-2015՚ ՓԱՌԱՏՈՆԸ

paraton2.jpgՀունիսի 28-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում մեկնարկեց Պատանի երաժիշտների ՙՏնջրե՚ 4-րդ միջազգային փառատոնը: 
Չենք չափազանցնի, եթե ասենք,  որ ավանդական դարձած փառատոնին անհամբեր սպասում էին թե՜ ունկնդիրները և թե՜ փառատոնի մասնակիցները: Հիշեցնենք. դասական երաժշտության ՙՏնջրե՚ միջազգային փառատոնը կազմակերպվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից և հանրապետության կառավարության հովանու ներքո:
Անդրադառնանք փառատոնի կարճ, բայց բովանդակալից պատմությանը: Այն  առաջին անգամ անցկացվեց 2010 թվականին` 7 երկրներից ժամանած պատանի կատարողների և դասատուների մասնակցությամբ: Փառատոնը մեկնարկեց Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տրված աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մենահամերգով: Երկրորդ  փառատոնին, որ անց է կացվել 2011-ին, մասնակցել են ութ երկրներից երաժիշտներ: Երրորդը (որ անց է կացվել 2013-ին) իր շուրջը հավաքեց 12 երկրներից ժամանած երաժիշտների: Երրորդ փառատոնի առանձնահատկություններից էր համերգներով հանդես գալ ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև հանրապետության շրջաններում` Շուշի, Մարտունի, Քարվաճար քաղաքներում, Տող, Աստղաշեն գյուղական համայնքներում:
Այս` 4-րդ փառատոնը, նույնպես իր շուրջը համախմբեց  Եվրոպայի և Ասիայի երկրներից բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների` Իտալիայից, Ֆինլանդիայից, Լիտվայից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Սլովենիայից, Լեհաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Սինգապուրից և մեծ թվով՝ Հայաստանից ու Արցախից: 
Փառատոնի լավագույն ավանդույթներից է ժամանած բարձրպրոֆեսիոնալ մասնագետների կողմից Արցախի շնորհաշատ պատանի երաժիշտների (ընդ որում, ոչ միայն մասնակիցների) համար վարպետության դասեր անցկացնելը: Նշենք, որ հունիսի 26-27-ը գործընթացն այս արդեն սկսվել է. Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում անց են կացվել ջութակի վարպետության դասեր: Նույն վայրում հունիսի 30-ից մինչև հուլիսի 3-ը կանցկացվեն կլարնետի, ջութակի, դաշնամուրի վարպետության դասեր: 
ՙՏնջրե՚ 4-րդ միջազգային փառատոնը նվիրված է գերմանացի մեծ կոմպոզիտոր Յոհան-Սեբաստիան Բախի ծննդյան 330-ամյակին: Ահա թե ինչու փառատոնի շրջանակներում տրվող համերգների ծրագրերում ընդգրկված են մեծամասամբ Բախի ստեղծագործությունները:
Փառատոնի բացմանը նվիրված համերգին հնչեցին Բախի հանրահայտ ստեղծագործությունները` Բրանդերբուրգյան (ռե մինոր), դաշնամուրի և նվագախմբի համար (ռե մինոր), երկու ջութակների և նվագախմբի համար (ռե մինոր)  կոնցերտները: Հնչեցին նաև այլ` ծանոթ և անծանոթ կոմպոզիտորների ստեղծագործությունները` Յ.Բ.Գ. Ներուդայի Շեփորի և նվագախմբի համար կոնցերտը, Ա. Պասկուլիի Հոբոյի և նվագախմբի համար կոնցերտը` գրված Դոնիցետտիի ՙՖավորիտուհի՚ օպերայի մոտիվներով, Ջ. Ռոսսինիի կլարնետի և նվագախմբի համար ՙԻնտրոդուկցիա, թեմա և վարիացիաներ՚-ը: Բոլոր ստեղծագործություններում էլ համատեղ հանդես էին գալիս Արցախի, Հայաստանի և ժամանած, դասավանդող և ուսումնառող երաժիշտները: Արդյունքում միացյալ ուժերով ստեղծված համադրությունները բարձրպրոֆեսիոնալ կատարումներով ջերմ ընդունելության արժանացան հանդիսատեսի կողմից:
Հունիսի 29-ին, ըստ ավանդույթի, մասնակիցներն ուխտագնացություն են կատարել դեպի փառատոնի խորհրդանիշ` երկու հազար տարեկան տնջրի ծառը` հսկայից ՙօրհնություն՚ ստանալու: Այնտեղից մասնակիցներն ուղղություն վերցրին  դեպի Ճարտար քաղաք, որտեղ երեկոյան համերգ տվեցին համայնքի երաժշտասեր բնակչության համար:
Տեղեկացնենք. հունիսի 30-ին փառատոնի շրջանակներում համերգներ կտրվեն կեսօրին` Մարտակերտում, երեկոյան` Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում: Հուլիսի 1-ին համերգն անց է կացվելու Շուշիում` ԼՂՀ մշակույթի և երիտասրադության հարցերի նախարարության շենքում: Նույն վայրում տեղի կունենա նաև հուլիսի 2-ին տրվելիք համերգը: Իսկ հուլիսի 3-ին և 4-ին (գալա համերգը) կայանալիք համերգներն անց են կացվելու մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատում:
Փառատոնի առօրյայի մասին կարդացեք թերթի առաջիկա համարներում:
 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ