Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ՙԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ՚. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

altՀանրապետության էներգետիկ անկախությունն ապահովելու, էներգապահանջարկը տեղական ռեսուրսներով բավարարելու նկատառումներով ԼՂՀ կառավարությունը վերջին տարիներին ակտիվ ներդրումային քաղաքականություն է իրականացնում էներգետիկայի բնագավառում: Ինչպես հայտնի է, ոլորտը հայտարարվել է գերակա ուղղություն և խոստանում է դառնալ տնտեսության զարգացման կառևոր նախադրյալներից մեկը: ՙ
Արցախէներգո՚ ՓԲԸ տնօրեն Տիգրան ԾԱՏՐՅԱՆԻ  հետ  մեր հարցազրույցը ընկերության առաջիկա ծրագրերի ու խնդիրների մասին է: 
-Պրն Ծատրյան, ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ տնօրենի պաշտոնում Դուք աշխատում եք արդեն մեկ տարի: Կխնդրեինք ամփոփ ներկայացնել այդ ընթացքում կատարված  աշխատանքները:
- 2011թ. ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ի կողմից կատարվել են մի շարք ծրագրեր` կապված հանրապետությունում  կառուցվող նոր հէկերն ընդհանուր էներգահամակարգին միացնելու, Քաշաթաղի շրջանում 110/35/10 կիլովոլտ լարման  ՙԱղավնո՚ տրանսֆորմատորային ենթակայանի կառուցման, նույն շրջանում գյուղական չորս բնակավայրերի էլեկտրիֆիկացման,  Ստեփանակերտի  օդանավակայանի երկրորդ էլեկտրասնուցման գծի անցկացման և օդանավակայանի շահագործման, 110 կիլովոլտ լարման Ստեփանակերտ-Վանք օդային գծի ուղղության փոխման, ինչպես նաև 10/0,4 կիլովոլտ լարման տրանսֆորմատորային ենթակայանների կառուցման հետ: Նշված աշխատանքների մեծ մասն ավարտին է հասցվել 2011 թվականին, իսկ մնացածը կավարտվի ընթացիկ տարում: 
ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ի կարևորագույն  խնդիրը էլեկտրաէներգիայի հուսալի և անվտանգ մատակարումն է, որի ապահովմանն էին ուղղված 2011թ. կատարված աշխատանքները: Բացի այդ, ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ում յուրաքանչյուր տարվա համար կազմվում է ընթացիկ շահագործման ծրագիր, ըստ որի  վերանորոգվում և վերազինվում են օդային գծերն ու տրանսֆորմատորային ենթակայանները` պայմանավորված էլեկտրաէներգիայի սպառման ծավալների կտրուկ  աճով: Կարևորագույն խնդիրներից է նաև էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցումը:
- Հետաքրքիր է, շա՞տ են էներգիայի կորուստները, և դրանք ինչո՞վ են հիմնականում  պայմանավորված: Հաճա՞խ են հայտնաբերվում  էլեկտրաէներգիայի գողության դեպքեր:
- Ընդհանրապես, էլեկտրական ցանցերում  կորուստներն անխուսափելի են: 2011թ. էլեկտրական էներգիայի մուտքը  հանրապետության էներգահամակարգ  կազմել է մոտ 260 մլն կՎտ/ժամ, որը, նախորդ տարվա ցուցանիշների համեմատ, ավելացել է 26 մլն կՎտ/ժամով: Ուշադրություն դարձնենք մեկ կարևոր հանգամանքի վրա. թեև էլեկտրաէներգիայի սպառումն աճել է 11%-ով, սակայն կորուստները նվազել են 1,5%-ի չափով: Ներկայումս ընկերությունն իր հնարավորության սահմաններում կատարում է ցանցի վերազինում և վերանորոգում` բնական կորուստները  հնարավորինս նվազագույնի հասցնելու համար: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի գողությանըª ցավոք, նման դեպքեր երբեմն տեղի են ունենում,  թեև  վերջին տարիներին դրանց քանակն անհամեմատ նվազել է: 
- Ի՞նչ փուլում է էլեկտրոնային հաշվիչերի տեղադրման գործընթացը: Բնակչության շրջանում մտահոգություն կաª կապված այն բանի հետ, որ նրանք, ովքեր չունեն էլեկտրոնային հաշվիչներ, ավելի շատ են վճարում էլեկտրաէներգիայի դիմաց: Այդպե՞ս է դա, և ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: 
- ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ 40000 բաժանորդներից 9800 բաժանորդների մոտ տեղադրվել են երկսակագնային էլեկտրոնային հաշվիչներ: Քանի որ ինդուկցիոն հաշվիչների փոխարինումը երկսակագնային էլեկտրոնային հաշվիչներով կապված է ֆինանսական մեծ միջոցների հետ, ապա ներկայումս տեղադրման աշխատանքները դանդաղեցված են: Մենք նախատեսում ենք այդ գործընթացը լրիվությամբ  ավարտել առաջիկա 4-5 տարիների ընթացքում: Ինչ  վերաբերում է վճարումներին, ապա յուրաքանչյուրը վճարում է իր հաշվիչի ցուցմունքներին համապատասխան: Իրավիճակը կշտկվի  ծրագիրն ամբողջությամբ ավարտելուց հետո: 
- Չնայած կատարվող աշխատանքներին, հոսանքի խափանումներ հաճախ են լինում: Ինչո՞վ է այն պայմանավորված, և ե՞րբ ենք վերջապես հասնելու նրան, որ  երկիրն ունենա կայուն էներգամատակարարում:
- Էլեկտրաէներգիայի խափանումները հիմնականում լինում են ձմռանը` կապված առատ ձյան  և էլեկտրական լարերի սառույցապատման հետ: Պատճառ են հանդիսանում նաև հնամաշ  էլեկտրատեղակայանքներն ու օդային գծերը: Մենք ամեն ինչ անում ենք վթարները կանխելու կամ խափանումները հնարավորինս կարճ ժամկետում վերացնելու համար: Կայուն հոսանք, կարծում եմ, կունենանք հէկերի կառուցման ծրագրի ավարտից ու նոր բարձրլարման օդային գծի կառուցումից հետո: Իսկ դա, ինչպես գիտեք, երկարաժամկետ ծրագիր է և քիչ գումարներ և աշխատանք չի պահանջում:
- Հաճախ կարելի է բողոքներ լսել, որ առանց զգուշացնելու հոսանքն անջատելու պատճառով շարքից դուրս է գալիս կենցաղային և էլեկտրոնային տեխնիկան: ՙԱրցախէներգոն՚ ո՞ր դեպքերում է պատասխանատվություն վերցնում իր վրա և փոխհատուցում վնասը:
- Նախ նշեմ, որ  եթե  էլեկտրաէներգիայի անջատումը  կրում է պլանային բնույթ, ապա առանց զգուշացման դա չի կատարվում: Ինչ վերաբերում է վթարային  անջատումներին, ապա ընկերությունը  չի փոխհատուցում վնասը, եթե այն կապված է բնական աղետների հետ: Իսկ եթե ապացուցվում է ընկերության մեղքը, ապա  ընկերությունը  փոխհատուցում է բաժանորդների վնասը:
- ԼՂՀ¬ն, կարծեմ, միայն մեկ բարձրլարման հոսանքագծից է սնվում, և անհրաժեշտություն է առաջացել 2-րդ հոսանքագիծ անցկացնելը: Ընկերությունը մոտակա պլաններում ունի՞ այն կառուցելու ծրագիր: Եվ ընդհանրապես, վերջին տարիներին հանրապետության տարածքում էլեկտրաբեռնավորվածության մակարդակը զգալիորեն աճել է, ինչը, գաղտնիք չէ, լուրջ խնդիրներ է առաջացնում: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:
- Այո, ԼՂ Հանրապետությունը  Հայաստանի Հանրապետության էներգահամակարգին  միացված է 110 կՎոլտ լարման մեկ օդային գծով` Սյունիքի մարզի Շինուհայր ենթակայանից: Ինչ վերաբերում է երկրորդ  գծին, ապա դրա անհրաժեշտությունն առաջացել է դեռ վաղուց, և առաջիկա տարիներին նախատեսվում է կառուցել նոր բարձրլարման օդային գիծ` ՀՀ Գեղարքունիքի  մարզից մինչև  Մարտակերտի շրջան, որը կապահովի էլեկրաէներգիայի բաշխման օղակաձև համակարգը, բարձրացնելով ընդհանուր էներգահամակարգի անվտանգության և հուսալիության մակարդակը: ԼՂՀ էներգահամակարգի բեռնվածքների 60%-ը սպառում է Ստեփանակերտ քաղաքը 110/35/10 կՎ ՙՍտեփանակերտ՚ տրանսֆորմատորային ենթակայանից, որից էլեկտրական սնուցում են ստանում նաև Ասկերանի մասնաճյուղի երեք 35/10 կՎ տրանսֆորմատորային ենթակայանները: 110/35/10 կՎ ՙՍտեփանակերտ՚ տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված է 25 ՄՎԱ երկու տրանսֆորմատոր, որոնց ակտիվ բեռնավորվածությունն անցել է նորմատիվային չափաքանակից և ունի աճողական բնույթ: 
Իրավիճակից դուրս գալու համար Ստեփանակերտի Հայկավան թաղամասում ընթացիկ տարում կկառուցվի 2x25 ՄՎԱ 110/35/10 կՎ նոր տրանսֆորմատորային ենթակայան, որը կարող է իր վրա վերցնել էլեկտրաբեռնավորվածության զգալի մասըª 10 կՎ օդային գծերով:     
Կառուցելով Հայկավանի 110/35/10 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանը, մենք կունենանք Ստեփանակերտ քաղաքի առավել հուսալի օղակաձև էներգահամակարգ: Դրա  առավելությունը, ինչպես նշեցի, կայանում է նրանում, որ որևիցե գծային անջատման դեպքում էներգահամակարգի սնուցումն իրականացվում է երկրորդ 110 կՎ օդային գծի միջոցով, որն ապահովում է համակարգի բնական աշխատանքը, այսինքնª կատարվում է երկողմ 110 կՎ օդային գծերի փոխադարձ փոխարինում:    
Բացի այդ, 35/10 կՎ ՙՍտեփանակերտ՚ տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված 6.3 ՄՎԱ հզորությամբ երկրորդ տրանսֆորմատորը կարողության անբավարարության հետևանքով ի վիճակի չէ իր վրա վերցնել ենթակայանի բեռնավորվածությունը առաջին տրանսֆորմատորի հարկադրական անջատման դեպքում: Այդ իսկ պատճառով նախատեսվում է 6.3 ՄՎԱ 35/10 կՎ տրանսֆորմատորը փոխարինել 16 ՄՎԱ-ով:
Նշված աշխատանքները գտնվում են նախագծման փուլում և կավարտվեն մինչև տարեվերջ:
- Ծրագիր կար ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ վարչական շենքի տարածքում գտնվող ենթակայանը տեղափոխել մեկ այլ վայր: Նման գործընթաց սպասվո՞ւմ է մոտակա տարիներին:
- Նախատեսվում է Ստեփանակերտի 110/35/10 կՎոլտ լարման տրանսֆորմատորային ենթակայանը  տեղափոխել Աջափնյակ թաղամաս: Քանի որ տեղափոխման գործընթացը կապված է մեծ ծախսերի հետ, այն իրականացվելու  է փուլ առ փուլ:  Ներկա դրությամբ կատարվում են նախագծային աշխատանքներ:
- Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ ԼՂՀ-ն էներգիա ներմուծող երկրից կվերածվի այն արտահանող երկրի: Որքանո՞վ է դա իրատեսական:
- Կարծում եմ, դա լրիվությամբ իրատեսական է, և հնարավոր կլինի այդ մտահղացումն իրագործել նույն հէկերի կառուցումով: Չնայած, իմ կարծիքով, ներկա և տարեցտարի աճող էներգապահանջարկը տեղական ռեսուրսների հաշվին բավարարելն էլ փոքր ձեռքբերում չի լինի:  
- Ինչպիսի՞ն է ընկերությունում կադրային քաղաքականությունը, ապահովվա՞ծ եք մասնագետներով:
- Ընկերությունում աշխատում են մի շարք արհեստավարժ և փորձառու մասնագետներ: Կադրային քաղաքականության հիմքը համակարգը երիտասարդ կադրերով համալրելն է, որը թույլ կտա թարմացնել կառույցի կադրային բազան, իսկ ավագ սերնդի ներկայացուցիչները հնարավորություն կունենան իրենց հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդ գործընկերներին:  
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ