ՇՈՒՇԻՆ ԴԱՐՁՆԵԼ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՔԱՂԱՔ
Շուշիի շրջխորհրդի հերթական նիստին ներկայացված էին շրջանի փրկարարական ծառայության բաժնի, ՙԼՂՀ պետարխիվ՚ ՊՈԱԿ¬ի Շուշիի տարածքային ներկայացուցչության և ԼՂՀ ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ի Շուշիի մասնաճյուղի մեկ տարվա կատարած աշխատանքների մասին հաշվետվությունները:
Շրջանի փրկարարական ծառայության բաժնի 2011թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ բաժնի հակահրդեհային անվտանգության գծով տեսուչ Վ. Ավանեսյանը: Նա նշեց, որ քաղաքի ՀՓ մասում մարտական հաշվարկում դրված է 3 հրշեջ-մեքենա: Նախապես կազմված ժամանակացույցի համաձայն անձնակազմի հետ անց են կացվում մասնագիտական ուսուցման պարապմունքներ, պարբերաբար կատարվում են հրշեջ-մեքենաների ամենօրյա սպասարկման աշխատանքներ: 2011 թվականին շրջանում տեղի են ունեցել հրդեհների 7 դեպքեր: Բոլոր հրդեհները ժամանակին մարվել են: Դեպքերի վայրում կատարվել են ստուգումներ: Հակահրդեհային անվտանգության կանոնների խախտման, ինչպես նաև կարգադրագրով պահանջված հակահրդեհային միջոցառումները չկատարելու համար 5 քաղաքացի ենթարկվել են վարչական պատասխանատվության: ՀՓ մասից կատարվել են հրշեջ-մեքենաների ելքեր տեխնիկական օգնություն ցույց տալու և տնտեսական նշանակության աշխատանքներ կատարելու նպատակով: Ձմռան ամիսներին բնակչությանը խմելու ջուր է մատակարարվել: Հուլիս ամսին, 20 օր շարունակ, մեկ մարտական հաշվարկ հերթապահություն է կատարել Ամարասի տարածքում:
Նշվեց, որ հրշեջ-տեխնիկական ստուգումներ են իրականացվել 51 պետական և 53 անհատական օբյեկտներում: Հաշվառման է վերցվել 1 պետական և 7 անհատական օբյեկտ: Բոլոր անհատական օբյեկտներն ապահովված են կրակմարիչներով: Պետական օբյեկտների 97 %-ն ապահովված է կրակմարիչներով և հրդեհաշիջման նախնական միջոցներով:
Շուշի քաղաքի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ամռանը գործող ճամբարներում հանգստացողների հետ կազմակերպվել են հանդիպումներ, կատարվել բացատրական աշխատանքներ հակահրդեհային անվտանգության, չպայթած ռազմամթերքների հետ վարվելակերպի կանոնների պահպանման ուղղությամբ: Նոր տարվա նախօրյակին կրթական օջախներում բացատրական աշխատանք է տարվել հրավառությունների ժամանակ օգտագործվող պայթուցիկ նյութերի վտանգավոր հետևանքների կանխարգելման ուղղությամբ:
ԼՂՀ պետական արխիվի Շուշիի տարածքային ներկայացուցչության կողմից ևս հաշվետու ժամանակաշրջանում կատարվել են ինչպես արխիվային փաստաթղթերի վիճակի ստուգում, այնպես էլ գերատեսչական հիմնարկների արխիվային փաստաթղթերի փորձաքննության արժեքավորություն: Տարվա ընթացքում շրջանի հիմնարկ-ձեռնարկություններից ու կազմակերպություններից պետական պահպանության է ընդունվել 101 գործ։
ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ Շուշիի մասնաճյուղի տնօրեն Վ. Բեդյանի զեկուցմամբ հաշվետու տարում մասնաճյուղի կողմից սպառողներին առաքվել և իրացվել է 6410 հազ. ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիա։ Մասնաճյուղում 2011թվականին գրանցվել է 83 նոր բաժանորդ, որից 72-ը՝ անհատական սեկտորի, իսկ 11-ը՝ պետական:
Քաղաքի փողոցային լուսավորության համար տեղադրվել է 40 հատ նոր լուսամփոփ:
Նիստում քննարկվեցին ներքաղաքային այլ հարցեր:
Ամփոփելով նիստի աշխատանքները, շրջվարչակազմի ղեկավար Քաջիկ Խաչատրյանը համապատասխան հանձնարարականներ տվեց պատասխանատու անձանց: Անդրադառնալով Շուշիի ազատագրման 20-ամյակի տոնակատարությանը, նա մի շարք առաջարկություններ ներկայացրեց կառույցների ղեկավարներին՝ Շուշին օրինակելի քաղաք դարձնելու համար։
Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ք. Շուշի