Log in

ՙԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՄ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՚

- Պարոն պետնախարար, Դուք բավականին երիտասարդ հասակում զբաղեցրիք երկրի բարձրագույն պաշտոններից մեկը։ Ի՞նչ զգացողությամբ եք ընդունել այդ պաշտոնը, և փոխվե՞լ է, արդյոք, այդ զգացողությունն արդեն կես տարի աշխատելուց հետո։ 

 - Չեմ կարծում, թե շատ երիտասարդ տարիքում եմ ստանձնել այս պաշտոնը, 35-40 տարեկան գործիչը կառավարման համակարգում գործունեության ծավալելու տեսանկյունից բավական հասուն մոտեցումներ կարող է ցուցաբերել: Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ ինձանից երիտասարդ մի քանի նախարարներ արդեն ունենք կառավարությունում։ 

Ինչ վերաբերում է զգացողությանը, միանշանակ, պատասխանատվության բարձր զգացումով, և թող պաթետիկ չհնչի` երկրիս, ժողովրդիս ծառայելու ցանկությամբ։ Պետք է ասեմ, որ այդ զգացողությունն այս ամիսների ընթացքում չի փոխվել։
- Ձեր կարծիքով, տարիքը նպաստո՞ղ գործոն է աշխատանքի մեջ՝ նման բարձր պաշտոն զբաղեցնելու դեպքում։ Հե՞շտ է հանձնարարականներ տալ կամ դիտողություններ անել ենթականերին, եթե նրանք Ձեզանից տարիքով մեծ են կամ` փորձառու։
- Աշխատունակության առումով դրական է, փորձի առումով` որոշակիորեն բացասական։ Հանձնարարություն տալու կամ գործընկերներիս հետ հարաբերվելու տեսանկյունից, տարիքով պայմանավորված, որևէ խնդիր չկա: Ընդհանուր առմամբ, առանձին ոլորտներում փորձի պակասը կարող է ավելի շատ կաշկանդել կամ վստահություն տալ, քան տարիքը, այնպես որ, չեմ կարծում, թե աշխատանքի մեջ տարիքը որոշակի դեր է խաղում։
- Ձեր ենթակաների հետ խի՞ստ եք: Աշխատանքային ինչպիսի՞ հարաբերություններն են ընդունելի Ձեզ համար։
- Գերադասում եմ գործընկերային հարաբերությունները: Այդպես եմ փորձում կառուցել նաև կառավարության անդամների հետ իմ շփումները:
- Դուք բավականին զուսպ ու հավասարակշռված եք աշխատանքում: Ինչպիսի՞ն եք տանը, խի՞ստ հայր եք։
- Զուսպ լինելը չի նշանակում, որ մտահոգ կամ ներամփոփ մարդ եմ: Տանն անցկացրած իմ ամեն րոպեն փորձում եմ լիարժեք օգտագործել, քանի որ վերջին շրջանում զբաղվածության պատճառով շատ քիչ եմ լինում ընտանիքում: Ձգտում եմ շփվել ընտանիքիս հետ, օգտակար լինել իմ խորհուրդներով, ինչ-որ նոր բան սովորեցնել, պատմել: Հազվադեպ եմ խսապահանջ հայրիկի դերում հանդես գալիս, քանի որ դրա կարիքն առանձնապես չի զգացվում:
- Ամանորն ընտանեկան տոն է։ Ձեր ընտանիքում այն դիմավորելու ի՞նչ ավանդույթներ կան։
- Ամանորյա տոներին ավանդաբար հավաքվում ենք ծնողներիս տանը՝ արցախյան սեղանի շուրջ:
- Եվ վերջում` Ձեր ամանորյա շնորհավորանքը մեր ընթերցողներին...
- Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ մեր հայրենակիցներին և մաղթում, որ հաջողությունը մեզ ուղեկցի գալիք տարում: Երջանկություն թևածի բոլորիս ընտանիքներում և խաղաղություն` մեր երկրում, որպեսզի բոլորիս ջանքերն ուղղված լինեն տնտեսության զարգացմանը, արցախյան ընտանիքների բարեկեցության ապահովմանը:

Սրբուհի ՎԱՆՅԱՆ