Log in

Ի ՇԱՀ ՍՊԱՌՈՂԻ

Շուկայում ժամանակ առ ժամանակ անորակ սննդամթերքի առկայությունը խոսում է այն մասին, որ հասարակությունն ապահովագրված չէ նմանօրինակ վտանգներից։ Միաժամանակ սա նաև փաստում է համապատասխան մարմինների թույլ վերահսկողության, ինչպես նաև հասարակական կառույցների և հասարակության անտարբերության մասին:

Սննդամթերք գնելիս շատերն անգամ ուշադրություն չեն դարձնում պահպանման ջերմաստիճանային պայմաններին, տուփի վրա նշված ժամկետին: Թեպետ այստեղ ևս հնարավոր է զեղծարարություն, քանզի երբեմն լղոզված է լինում պիտանիության ժամկետը: Անշուշտ, առավել ռիսկային են ներմուծված ապրանքատեսակները` գեղեցիկ փաթեթավորմամբ, օտարալեզու մակնշմամբ տարատեսակ չիփսերը, թխվածքաբլիթները, շոկոլադե կոնֆետները, կրեմները, մայոնեզը, ձկան պահածոները, որոնք ոչ պիտանի են դառնում նաև պահպանման անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով, ինչպես նաև յոգուրտները, կիսելների խտանյութերը, մանկական այլևայլ սննդամթերք, որոնք, հավելանյութերի մեծ քանակություն պարունակելով, ունեն մինչև 6 ամիս և ավելի պիտանիության ժամկետ։ Կարծում ենք` այս պարագայում անհրաժեշտ է գոնե նախապատվությունը տալ տեղական արտադրանքին:

Չնայած մեր հանրապետությունում գործում է Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ԼՂՀ օրենքը, որը սահմանում է սպառողի կողմից պատշաճ որակի, կյանքի և առողջության համար անվտանգ ապրանքների ձեռքբերման, սպառողի շահերի պաշտպանության իրավունքները, այնուամենայնիվ, գաղտնիք չէ, որ բնակչության զգալի մասն իրազեկման ցածր մակարդակ ունի։ Արցախում սպառողների շահերի պաշտպանության և սննդամթերքի անվտանգության խնդիրներով զբաղվող կառույցը ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է։ Որքանո՞վ է կառույցին հաջողվում կանխել նմանօրինակ դեպքերը, ի՞նչ գործառույթներ է իրականացնում այն։
Ծառայության պետ Արտակ Ներսիսյանի խոսքով՝ կառույցը հիմնականում իրականացնում է վերահսկողական և մեթոդական գործառույթներ։ Վերջինս արվում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար՝ ոլորտի նկատմամբ իրավագիտակցության և գիտելիքների բարձրացման նպատակով, հաշվի առնելով, որ տարիքային առումով նրանք ամենախոցելի խումբն են։ Դրա համար ծառայությունը դասընթացներ է կազմակերպում հանրակրթական դպրոցներում, որոնց ընթացքում նաև տեսահոլովակներ են ցուցադրվում սննդամթերքի որակի վերաբերյալ։ Ասել է թե` սննդամթերքի անվտանգության ոլորտում, մեծ թե փոքր՝ որպես սպառող, որքան տեղեկացված են, այնքան էլ պաշտպանված են։

Իմ զրուցակցի հավաստմամբ՝ հատկապես տոն օրերին վերահսկողությունն ավելի է խստացվում մի շարք ուղղություններում։ Բնականաբար, նախատոնական օրերին մեծանում են պարենային մթերքի առևտրի ծավալները և դրա հետ միասին մեծանում է նաև վտանգավորության աստիճանը, ուստի ապրանքների իրացման առումով խիստ վերահսկողություն է սահմանվում տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա։ Կոնկրետ՝ Ամանորի և Սուրբծննդյան տոների հետ կապված, Ծառայությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով։ Ստեղծվել են օպերատիվ արձագանքման խմբեր, գործում է թեժ գիծը։ Վերահսկողություն է իրականացվում նաև շուկայում իրացվող մթերքների նկատմամբ։ Առանձնահատուկ վերահսկողություն է իրականացվում մսի վաճառակետերում: Ռիսկերից խուսափելու նպատակով սննդի անվտանգության պետական ծառայությունը գործընթացին ներգրավել է նաև ԱՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ Այս առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել գերատեսչության հետ՝ վերահսկողությունը համատեղ իրականացնելու համար։ Փորձն արդեն առկա է և տվել է իր դրական արդյունքը։
Սպառողների շահերի պաշտպանությունն ամբողջական չի լինի, եթե բավարարվենք միայն պետական վերահսկողական մարմինների կողմից իրականացվող աշխատանքներով. նման կարծիք հայտնեց կառույցի ղեկավարը։ ՙԳաղտնիք չէ, որ մեր քաղաքացիական հասարակությունը` նույն ինքը՝ սպառողը, պասիվ և իներտ կեցվածք ունի իր շահերի պաշտպանության հարցում,- ասաց Ա. Ներսիսյանը: - Ինչքան էլ պետությունը փորձի ամեն կերպ պաշտպանել սպառողների իրավունքները, դա հնարավոր չի լինի, եթե սպառողներն իրենք չցանկանան անել դա. նրանք պետք է առաջին հերթին իմանան իրենց իրավունքների մասին: Ապրանքի թերության հետևանքով պատճառված վնասը տուժողի ընտրությամբ ենթակա է հատուցման` վաճառողի կամ ապրանքն արտադրողի կողմից, ինչի մասին երևի թե ոչ բոլորը գիտեն։ Ուստի այդ հարցում կարևոր է ակտիվ հասարակության ձևավորումը՚։
Ծառայության պետի իրազեկմամբ՝ գործընթացին փորձում են ներգրավել հասարակության ներկայացուցիչներին։ Վերջին ամիսներին այս ուղղությամբ որոշակի աշխատանք է տարվել։ Մասնավորապես, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ղեկավարության հետ համաձայնության գալով՝ կարողացան կամավոր հիմունքներով ուսանողների ներգրավել ծառայության տեսչական աշխատանքներում։ Երևույթն ինքնին բացառիկ է այն առումով, որ ուսանողները գործնական փորձուսուցում են անցնում տարբեր հիմնարկներում՝ զուտ տեսություն ուսումնասիրելով, իսկ տվյալ պարագայում նրանց, փաստորեն, տեղափոխեցին երկրորդ փուլ՝ ընդգրկելով գործնական աշխատանքներում, ինչը ողջունելի է։ Ա. Ներսիսյանը գոհ է ուսանողների ակտիվությունից. ըստ պայմանավորվածության՝ առաջիկայում ևս նրանք կընդգրկվեն փոխշահավետ այդ աշխատանքներում։ ՙՈրքան շատ տեղեկացված լինի սպառողը, այնքան պաշտպանված ու պահանջատեր կլինի սննդամթերքի անվտանգության առումով։ Բնականաբար, սպառողների ակտիվությունը խթանում է մեր ծառայության գործունեությունը։ Խթան է հանդիսանում նաև զանգվածային լրատվամիջոցների ակտիվությունը ծառայության գործունեության հանդեպ։ Այսինքն, սա մի գործընթաց է, որի արդյունքում կշահի սպառողը՚,- ասաց Արտակ Ներսիսյանը։
Ծառայության ղեկավարը փաստեց, որ վերջերս գյուղնախարարի հետ եղել են հանրապետության չորս շրջաններում, շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների հետ, ովքեր իրենց լիազորությունների շրջանակում նույնպես անելիքներ ունեն ոլորտում։ Նրանց կողմից ստեղծված հանձնաժողովները կարող են վերահսկողություն իրականացնել սննդամթերքի անվտանգության բնագավառում։ Առաջիկայում նման այցեր նախատեսվում են մյուս շրջաններում ևս։
Ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվում ոլորտում թերություններ հայտնաբերելու դեպքում:
ՙԵթե ստուգումների արդյունքում խնդիր է հայտնաբերվում՝ տվյալ տնտեսվարող սուբյեկտը ենթարկվում է վարչական պատասխանատվության,-ասաց Ա. Ներսիսյանը:-Եթե հիմնավորված դիմում-բողոք է ներկայացվում՝ ոչ պլանային ստուգում է իրականացվում տեղում, և պատասխանատու կողմը նույնպես վարչական պատասխանատվության է ենթարկվում։ Բացի այդ, ստուգումների արդյունքում հայտնաբերված ռիսկային՝ անորակ և ժամկետանց ապրանքը մեր հանձնարարությամբ ոչնչացվում է, անհրաժեշտության դեպքում՝ կասեցվում է արտադրական պրոցեսը։ Դա արվում է ոչ թե ինքնանպատակ, այլ համապատասխան լաբորատոր հետազոտության արդյունքում։ Վստահեցնում ենք՝ ռիսկային ապրանքատեսակը միանշանակ սպառման շուկայում չի մնում, սպեկուլյատիվ եղանակների կիրառումն այս հարցում բացառվում է։ Արվում է ամեն ինչ՝ ռիսկից խուսափելու համար։ Բնակչությունը նույնպես պետք է մեզ այդ հարցում աջակցի։ Բոլոր հիմնախնդիրների լուծումը, նախևառաջ, կախված է սպառողների ինքնագիտակցությունից և իրազեկվածությունից։ Այս առումով մասնավոր ու պետական կառույցների հիմնական գործունեությունը պետք է ուղղվի սպառողների իրավագիտակցության բարձրացմանը, որակյալ ապրանքների և շուկայի ձևավորմանը՚:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ