comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՁԵԹԸ ԳՐԱՎՈՒՄ Է ՆՈՐ ՇՈՒԿԱՆԵՐ

ԱՐՑԱԽՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՁԵԹԸ ԳՐԱՎՈՒՄ Է ՆՈՐ ՇՈՒԿԱՆԵՐ

Արցախի ձեթի միակ գործարանը հավակնում է ներկայություն ապահովել չռաֆինացված ձեթերի հայրենիք համարվող Գերմանիայում։ ՙՌեյփսիդ՚ ընկերության հիմնադիր-տնօրեն Նորայր Ստեփանյանի խոսքով՝ լաբորատոր փորձաքննության պատասխանը դրական է, մնում են փաստաթղթային հարցերը:

ՙՄենք Գերմանիա ձեթ արտահանելու խնդիր, կարելի է ասել, չունենք։ Մեր կողմից առաջարկվող ձեթը տարել են լաբորատորիա, և մեր ապրանքն իր գնահատականը ստացել է։ Միակ խնդիրը կապված է էկոհավաստագրի հետ՝ այնտեղ օրենդրական դաշտը խիստ է։ Այս պահին մենք աշխատում ենք այդ ուղղությամբ՚,- տեղեկացրել է Ն. Ստեփանյանը։

Իր տեսակով ու արտադրության ծավալներով հայկական երկու հանրապետություններում միակ գործարանն արդեն չռաֆինացված ձեթ է արտահանում Ռուսաստանի Դաշնություն և Միացյալ Նահանգներ։ Ընկերության հիմնադիրը մեծ հույսերի ունի Արաբական Միացյալ Էմիրությունների և Լիբանանի նոր գործընկերներից, ովքեր նույնպես դրական պատասխան են տվել Արցախում արտադրված ձեթին։ Նորայր Ստեփանյանի համոզմամբ` երկու պարագայում էլ մեծ շուկա է բացվում ընկերության համար: ՙԴուբայում մեզ դրական պատասխան են տվել, և նախատեսում ենք կրկին արտահանել չռաֆինացված ձեթ։ Այս պահին զբաղված ենք այնտեղ ընկերություն ունենալու աշխատանքներով։ Տեղի հարկային օրենքներով դա պարտադիր պահանջ է։ Ինչ վերաբերում է Լիբանանին, պիտի ասեմ, որ մեծ հույսեր ունենք այս համագործակցությունից՝ հատկապես երբ Լիբանանի ներկայացուցիչն անձամբ եկել, տեսել է գործարանն ու համոզվել, որ թողարկում ենք էկոլոգիապես մաքուր արտադրանք՚,-նշել է Ստեփանյանը։
Հակառակ ավելացող նոր շուկաների թվին, ՙՌեյփսիդ՚ ընկերությունը շարունակում է արևածաղիկ ներկրել արտերկրից։ Խնդիրն այն է, որ ձեթի գործարանը տարեկան վերամշակում է մինչև 25 հազար տոննա հատիկ, որից միայն 3 հազար տոննա հատիկն են մթերում Արցախում։ Գործարանի շշալցման արտադրամասի պետ Սասուն Ներսիսյանի տեղեկատվությամբ՝ օրական արտադրում են 8 հազար լիտր ձեթ. ՙԱշխատում ենք մեկ հոսագծով՝ ժամում արտադրելով հազար հատ մեկլիտրանոց շիշ ձեթ։ Ի դեպ, արտադրում ենք ինչպես արևածաղկի, այնպես էլ հլածուկի, սոյայի և կտավատի ձեթեր՚։
Հումքի մթերման վիճակագրությունից ելնելով՝ գործարանի պատասխանատուն վստահ հայտարարում է, որ մինչև 2030 թվականն Արցախում և Հայաստանում աճեցված յուղատու կուլտուրաներն իրացման խնդիր չեն ունենալու։ Նորայր Ստեփանյանն ավելացնում է, որ պատրաստակամ են համագործակցել նաև հայաստանյան հողագործների հետ:
Ներկայում ՙՌեյփսիդ՚ ըներությունն արևածաղկի ձեթ է մատակարարում Պաշտպանության բանակին, նաև իրացնում հայկական շուկայում։ Այստեղ նկատում են, որ, բուժման նպատակներից ելնելով, ավելացել է չռաֆինացված ձեթերի պահանջարկը։ Այս պահին գործարանն ապահովում է 50-ից ավելի աշխատատեղ։ Աշխատակից Ալվինա Գևորգյանի խոսքով՝ Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերի համար այն նաև զբաղվածության խնդիր է լուծում: ՙԳյուղում շատ աշխատատեղ չկա, և այս առումով մեր բախտը բերել է։ Աշխատանքային պայմանները բավարար են՝ կոնկրետ շշալցման արտադրամասում գործավարձային է աշխատավարձը։ Այնպես ենք անում, որ և՜ մեզ հարմար լինի, և՜ գործատունին, նաև հասցնում ենք զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով՚,- ասում է մեր զրուցակիցը։
ՙՌեյփսիդ՚ ընկերությունը նախատեսում է առաջիկայում ավելացնել արտադրության ծավալները, ինչը ենթադրում է նաև նոր աշխատատեղերի ստեղծում։

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

;