Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐՏԵ՞Ղ ԿԱՅԱՆԵԼ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Արցախի խորհրդանիշը հանդիսացող ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշարձանի հարակից տարածքում ավտոշուկայի կառուցման նախաձեռնությունը հասարակության կողմից միանշանակ չի ընդունվել. հնչել են կարծիքներ, որ դրա տեղը ճիշտ չի ընտրված, և այնտեղ սկսված շինարարական աշխատանքները, որ իրականացվում էին մասնավոր ներդրողի կողմից, դադարեցվել էին: Մինչդեռ և՜ համապատասխան մարմինները, և՜ բնակիչներն ու անձնական օգտագործման ավտոմեքենաների տերերը հասկանում են, որ նման մի վայր Ստեփանակերտը պետք է ունենա: Թե որտեղ` դա արդեն խնդրի մյուս կողմն է:

Վաճառքի դրված տրանսպորտային միջոցների սեփականատերերն իրենց մեքենաները ներկայումս կայանում են քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես` ավտոկայանի հարևանությամբ, Մաշտոց-Հեքիմյան խաչմերուկի մոտ` ՙՄռակած՚ բենզալցակայանի հարակից տարածքում: Մայրաքաղաքի այդ թաղամասի բնակիչներից ու վարորդներից բողոքները, որ ՙՄռակած՚-ի մոտ կայանված ավտոմեքենաների պատճառով անվտանգ երթևեկության համար խոչընդոտներ և խցանումներ են ստեղծվում, հաճախակի են դարձել:
Խնդրի պարզաբանման ակնկալիքով դիմեցինք ԱՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ Իգոր Օհանյանին և Ստեփանակերտի քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանին: Վերջինիս խոսքով` տրանսպորտային միջոցների սեփականատերերն այդ տարածքում մեքենաները կայանում են սեփական նախաձեռնությամբ, որքան ինքն է տեղյակ` այդտեղ այդ նպատակի համար նախատեսված տարածք չկա: Քանի որ այդ տեղամասում տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը արգելող որևէ ճանապարհային նշան չկա, հետևաբար և չկա օրինախախտում այդ մեքենաները կայանող վարորդների կողմից:
Բայց, ինչպես բացատրում են վարորդներն ու բնակիչները, խնդիրներ առաջանում են այն պատճառով, որ կայանված մեքենաների պատճառով տարածքը ծանրաբեռնվում է և անհարմարություններ է ստեղծում հետիոտների ու այլ` տեղաշարժվող տրանսպորտային միջոցների համար: Երբեմն էլ տրանսպորտային միջոցները կայանվում են երթևեկելի մասում կամ խաչմերուկին մոտ: Այս առնչությամբ ՃՈ պետ Ի. Օհանյանը նշեց, որ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից մշտական վերահսկողության տակ են պահվում ոչ միայն այդ հատվածի, այլև մայրաքաղաքի ու հանրապետության մյուս բնակավայրերի համապատասխան ճանապարհահատվածներում կանգառների կանոնների խախտման կամ ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրները: Կոնկրետ այդ տարածքում կայանված տրանսպորտային միջոցների պատճառով խցանումների դեպքեր չեն դիտարկվել։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վերահսկում են վարչական իրավախախտումների բացահայտման ու կանխարգելման գործընթացը, մշտապես համապատասխան աշխատանքներ տանում: ՃՈ պետի խոսքով` նշված հատվածում՝ ՙՄռակած՚ բենզալցակայանի խաչմերուկում, տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումն օրենքով սահմանված կարգին որևէ ձևով չի հակասում։ ՙԳոյություն ունեն ճանապարհային երթևեկության կանոնների սկզբունքային կետեր, թե խաչմերուկից քանի մետր հեռավորության վրա է թույլատրվում կանգառը կամ կայանումը,-ասաց նա:- Գուցե կայանված ճանապարհատրանսպորտային միջոցների պատճառով այդ հատվածում որոշակի ծանրաբեռնվածություն կամ տեսանելիության նվազում դիտվում է` առաջացնելով որոշակի անհարմարություն, բայց իրավիճակը լրիվությամբ վերահսկելի է. ճանապարհային որևէ նշանի կամ գծանշանի խախտում չկա։ Մշտապես հսկողության տակ պահելով այնտեղ կայանված տրանսպորտային միջոցները, վերահսկվում է, որպեսզի դրանք խցանումների կամ վթարային իրավիճակների պատճառ չհանդիսանան։ Իսկ եթե տրանսպորտային միջոցը խոչընդոտում է երթևեկությանը կամ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում ճանապարհին, ապա համապատասխան ծառայությունը վերացնում է այդ խոչընդոտը՚։
Մայրաքաղաքը պետք է ունենա ավտոշուկա` Է. Ավանեսյանն ու Ի. Օհանյանը միակարծիք են: Քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետը տեղեկացրեց, որ դեռևս անցյալ տարի գրություն են ստացել ճանապարհային ոստիկանության կողմից, որ մայրաքաղաքի` ավտոկայանից դեպի Հաղթանակի հրապարակ ու դրանից ցած գտնվող տարածքում կայանված տրանսպորտային միջոցները խոչընդոտում են երթևեկությանը: Այդ իսկ պատճառով առաջարկություն է արվել Ստեփանակերտի քաղաքային համայնքի միջոցների հաշվին մայրաքաղաքում ստեղծել ավտոշուկա. քանի որ վաճառքի ենթակա ավտոմեքենաների սեփականատերերը ստիպված են լինում երկարաժամկետ դրանք կայանել նույն վայրում, դրանով իսկ խանգարելով երթևեկողներին: Անհրաժեշտություն կա այդ աշխատանքը համակարգել` արհեստական խցանումներից, երթևեկության խոչընդոտներից խուսափելու համար։
ՙՄեր կողմից հարցն ուսումնասիրվել է և առաջարկություն արվել, որ խնդրի լուծման մեջ ներգրավվի մասնավոր հատվածը. քաղաքապետարանն ակնկալում էր, որ մասնավոր ներդրումներ կկատարվեն` կյանքի կոչելու Ստեփանակերտում ավտոշուկայի ստեղծման ծրագիրը՚,-տեղեկացրեց Է. Ավանեսյանը, մեր հարցին ի պատասխան նշելով, որ տարածքի ընտրության և տրամադրման վերաբերյալ հարցին ինքը լիազորված չէ պատասխանել, քանի որ դրանով իրենց բաժինը չէ, որ զբաղվում է:
Ինչ վերաբերում է ՙՄռակած՚-ի հարակից տարածքի ծանրաբեռնվածությանը, Է. Ավանեսյանի տեղեկատվությամբ` քաղաքապետարանի և ՃՈ միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այնտեղ համապատասխան ճանապարհային նշաններ տեղադրելու մասին: ՙՓետրվարի 5-ին պայմանագիր ենք կնքել մայրաքաղաքում ճանապարհային նշանների` նորով փոխարինման մասին, և այդ ծրագրի շրջանակներում նշված տարածքում էլ կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ մեքենաների կայանումն ու կանգառը համապատասխան կարգով իրականացնելու համար։ Սա խնդրի մասնակի լուծում է. հարցի վերջնական լուծման համար, անշուշտ, պետք է լինելու մտածել վաճառվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված հարմար տարածք ունենալու մասին: Թե որտեղ, ինչ պայմաններով` քննարկման հարց է: Մենք սերտորեն համագործակցում ենք համապատասխան բոլոր կառույցների, և առաջին հերթին` ճանապարհային ոստիկանության հետ ու հաշվի առնում առաջարկություններն ու դիտողությունները՚,- ասաց Է. Ավանեսյանը:
Ի. Օհանյանն էլ այն կարծիքին է, որ ավտոշուկայի ձևավորումը մայրաքաղաքի համար հրատապ է: Այն զգալիորեն կթեթևացնի երթևեկության ծանրաբեռնվածությունը, կբաձրացնի ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը:
Այն, որ տարեցտարի մայրաքաղաքի փողոցներն ու հանրապետության ճանապարհներն առավել ծանրաբեռնված են դառնում, դժվարացնելով ինչպես ՃՈ աշխատակիցների աշխատանքը, այնպես էլ տրանսպորտային միջոցների ու հետիոտների տեղաշարժը, միանշանակ է: Ի՞նչ աշխատանքներ են տարվում, համագործակցության ի՞նչ մեխանիզմներ են գործում ՃՈ և պետական մյուս կառույցների, ասենք` քաղաքապետարանի ու Քաղաքաշինության նախարարության միջև, այս մասին Ի. Օհանյանն ասաց, որ համագործակցությունը Քաղաքաշինության նախարարության և մյուս կառույցների հետ շատ բարձր մակարդակի վրա է. համագործակցությունը շարունակական է, հսկայական աշխատանք տարվել է, կան քննարկման փուլում գտնվող ծրագրեր: Տեխնիկական կահավորման տեսանկյունից քաղաքապետարանի հետ համագործակցությամբ բավականին աշխատանքներ են իրականացնում:
Մայրաքաղաքի ճանապարհների թողունակության հարցը շատ արդիական է ու մտահոգիչ, խնդրի լուծման վերաբերյալ կան առաջարկություններ։ Այս պահի դրությամբ քննարկվում է կանգառ- գրպանիկների կառուցման հարցը, ինչը հնարավորություն կտա մի շարք փողոցներում տրանսպորտային միջոցներն անվտանգ կանգառ կատարեն և չխոչընդոտեն երթևեկության մյուս մասնակիցների տեղաշարժը։ Քննարկվում են որոշ փողոցների լայնացման, որոշների բարեկարգման հաշվին մայրաքաղաքի կենտրոնական մասը բեռնաթափելու հարցերը։
;