comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԱՏՈՒՀԱՆ ԴԵՊԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀ. Իսկ ի՞նչ եմ անում ես կյանքից առավել գնահատված այս հողի համար
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏՈՒՀԱՆ ԴԵՊԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀ. Իսկ ի՞նչ եմ անում ես կյանքից առավել գնահատված այս հողի համար

Վան ՆՈՎԻԿՈՎ

 Արագահոս կյանքին համընթաց լինելու մշտական վազքը, շտապողականությունը միշտ չէ, որ երիտասարդ անհատին հնարավորություն են ընձեռում գտնել այն պատուհանը, որը նոր հնարավորությունների հորիզոններ է բացում։

Մարտակերտցի երիտասարդ գյուղատնտես, հաջողակ ձեռներեց Արամ Վերդյանը, ով համահայկական երիտասարդական մրցույթի ՙԵրիտասարդ գյուղատնտես՚ անվանակարգում արժանացել է ՀՀ պետական մրցանակի, գտել է այդ պատուհանը։ Իրենը։
Մի առիթով արցախցի երիտասարդ գյուղատնտեսն այսպես է ձևակերպել իր կենսակերպի ու գործի շարժիչ ուժի էությունը. ՙԻսկ ի՞նչ եմ անում ես կյանքից առավել գնահատված այս հողի համար՚։
Այս բանաձևումն Արամի համար ուղենիշ դարձավ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսական օրերի թելադրանքով.
-Ապրիլյան քառօրյայի հերոսներից շատերը հայրենի հողի պաշտպանությունը գերադասեցին կյանքից առավել։ Երբ լսեցի հանուն հայրենի հողի պաշտպանության Արմենակի, Ռոբերտի ու մյուսների անձնազոհ հերոսամարտերի պատմությունները, այդ ժամանակից ի վեր ինձ չլքեց մեր հողն ու ջուրը շեն պահելու համար պատասխանատվության կոչող հռետորական այս հարցադրումը,-մանրամասնում է Արամն ու շարունակում.
-Փոքր տարիքից երազում էի դատավոր դառնալ, ավելի ուշ` կապի գծով զինվորական։ Չնայած ժամկետային զինվորական ծառայության ընթացքում մասամբ իրականացավ այդ ցանկությունը, սակայն բանակային կյանքին կրկին հաջորդեց սեփական հնարավորությունների ու կոչման որոնումների մի տևական ժամանակահատված։ Ծնողներս ուղղորդում էին դեպի տնտեսագիտություն։ Ցանկանում էի հաշվապահ դառնալ, սակայն դեպքերի ընթացքն ու իրականությունը շատ հաճախ իրենց սրբագրումներն են մտցնում մեր ծրագրերի, նպատակների ու երազանքների մեջ։ Իմ դեպքում իրերի ընթացքը տարավ դեպի ԱրՊՀ ագրարային արտադրության էկոնոմիկայի և կառավարման մասնագիտություն։ Մեկ տարի անց Ստեփանակերտում բացվեց Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղը, որի առաջին ուսանողներից էի նաև ես։
-Բուհական գիտելիքներս լրացնելու նպատակով, ուսումնառությանը զուգահեռ, արդեն 2-րդ կուրսից, մասնակցում էի այլընտրանքային դասընթացների։ Վերապատրաստման դասընթացների եմ ընդգրկվել և սովորել Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որտեղ ամրապնդվեց կիրառական գիտելիքներիս հիմքը։
Արդեն 4-րդ կուրսի ուսանող էի, երբ աշխատանքի անցա։ Մասնավոր հատվածում, թեև այն ագրարային արտադրության բնագավառից չէր։ Առևտրի ոլորտից էր` բավականին աշխատատար ու պատասխանատու գործ, որն ինձ համար համատեղել էր միաժամանակ և՜ հաշվապահի, և՜ տնօրենի պարտականությունները։ Տարիներ հետո հասկացա, որ հենց այդ հագեցած աշխատանքային տարիներն ինձ օգնեցին մասնագիտական կատարելագործման ու կազմակերպական հմտությունների զարգացման գործում։
Հաջողության ճանապարհին համապատասխան գիտելիքների պաշար ունենալուց զատ կարևոր են անձնական որակները՝ հետևողականությունը, նպատակասլացությունը, համարձակ որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ կամքի ուժը:
-Ժամանակի ընթացքում, երբ մշտական աշխատանք գտնելու մասին էի մտածում, գիտակցում էի, որ տնտեսագետի մասնագիտությունը միաձույլ է իմ բնավորությանը,- ասում է նա։ -Այդ առումով ունեցած մտահղացումներս կյանքի կոչելու համար ընտրեցի գյուղատնտեսության բնագավառը։ Մինչ այդ մեր ընտանիքն արդեն իսկ զբաղվում էր հողագործությամբ։ Սակայն գոնե ինձ համար ակնհայտ էր, որ ներկայումս հողի մշակման ավանդական մոտեցումները և արդյունքում նաև ստացված բերքատվության ցուցանիշները շատ հաճախ չեն արդարացնում հողագործի սպասումները։
Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորարար ու գիտելիքահենք մոտեցումներով հողի մշակման տեսլականս կյանքի կոչելու նպատակով հիմնեցի գյուղատնտեսական անհատ ձեռնարկատիրություն, որը կարծես այնքան էլ լայն տարածում չունի այս բնագավառում։ Վերջին տասնամյակում տարեցտարի ցանքաշրջանառության մեջ իրենց տեսակարար կշիռը բարելավող գարնանացան մշակաբույսերի իմ կատարած ցանքսը նախապես կազմում էր մոտ 10 հեկտար, որն աստիճանաբար ընդլայնելով հասցրել եմ շուրջ 60 հա-ի։ Արդյունքում, առաջացան աշխատող լրացուցիչ ձեռքերի անհրաժեշտություն, բնականաբար նաև նոր աշխատատեղեր։
Երիտասարդ գյուղատնտեսը համոզված է, որ այն մշակաբույսերը, որոնք ընդգրկված են իր ցանքաշրջանառության ցանկում, երկրի պարենային անվտանգության ապահովման կարևոր կշիռ ու բաղադրամաս կարող են կազմել՝ դրանց մշակությունը համակարգային դարձնելու դեպքում։
- Ընդհանրապես պարենային անվտանգության ապահովման գործընթացը, իմ կարծիքով, մեծ դերակատարություն ունի մեր երկրի թե պաշտպանունակության բարձրացման և թե տնտեսության զարգացման խթանման համար։ Այդ առումով հույժ կարևորություն ունի տնտեսության ճյուղերի համապատասխան մասնագիտական ներուժի գործոնը։ Յուրաքանչյուր երկրի տնտեսության հիմնաքարը ինժեներներն են, գյուղատնտեսները և այլք, իսկ տնտեսական կենսագործունեության կազմակերպիչները` տնտեսագետները։ Ամենևին չթերագնահատելով այս կամ այն մասնագիտության կարևորությունը երկրի բարգավաճման գործում, այդուհանդերձ, կարծում եմ, որ տնտեսական բանագավառի առաջատար, մասնագիտական ներուժի բացակայության պայմաններում հումանիտար մասնագիտություններին տուրք տալը նման է շենքի 1-ին, 2-րդ հարկերի բացակայության պայմաններում 3-րդ հարկը կառուցելուն,- նկատել է տալիս իմ զրուցակիցը։
Պետության և անհատի բոլոր հաջողությունների մեկնակետն ու գրավականը զարգացած տնտեսությունն է։ Մասնավորապես, գյուղատնտեսական այնպիսի երկրի համար, ինչպիսին մերն է, ներկայում գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մասնագետի, ագրոտնտեսագետների լուրջ պակաս ու պահանջ է զգացվում։ Մինչդեռ այդ ներուժն ունեցող երիտասարդին, ով կարող էր առաջադեմ տեխնոլոգ կամ ժամանակակից առաջատար տեխնոլոգիաներին տիրապետող հաջողակ գյուղատնտես դառնալ, հրապուրում է միջին աշխատավարձով գրասենյակային աշխատանքը։
Ամեն դեպքում մասնագիտություն ընտրելիս պետք է ականջալուր լինել ներքին ձայնին և իրականության պահանջին։ Հաջողության հասնելու համար պետք է լինել համարձակ, համառ, ընդունել ցանկացած նորարարություն և ժամանակին համընթաց քայլել։
Յուրաքանչյուր պատուհան ստեղծագործ աչք է պահանջում ` տեսնելու այն հաջողությունը, որն ստեղծվելու է համառ աշխատանքի ու անձնական որակների շնորհիվ: