comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
240519 ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
[ARM]     [RUS]     [ENG]

240519 ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվում են ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների ոլորտային քննարկումները։ Մայիսի 24-ին տեղի ունեցավ խորհրդարանի սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր գլխադասային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռոմելա Դադայանը։

2018թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ նախ հաշվետվություն ներկայացրեց ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ հաշվետու տարում գերատեսչությունը շարունակել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառի հիմնական և գերակա ուղղություններով պետական քաղաքականության իրականացումը։
Նախարարության ուշադրության կենտրոնում են մնացել մատուցվող ծառայությունների հասցեականության ու մատչելիության բարելավման, համակարգի կառավարման արդյունավետության բարրձրացման, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության հարցերը։
ԱՀ 2018թ. պետական բյուջեի ծախսերի 22,5%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին։ Նշված ոլորտին հաշվետու տարում պետբյուջեով հատկացվել է 22906,6 մլն դրամ, իսկ փաստացի կատարողականը կազմել է 21834,5 մլն դրամ կամ՝ 95%-ը։ 2017թ.համեմատ գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերի փաստացի ծախսերը ավելացել են 925,4 մլն դրամով կամ՝ 4,6%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է 2018թ. իրականացված վերաբնակեցման նպատակով նոր բնակարանաշինության ծրագրով՝ 340,5 մլն դրամ, Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շահառուների թվաքանակի աճով։
ԱՀ առողջապահության նախարարության 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացրեց փոխնախարար Արմեն Խաչատրյանը։ Հաշվետու տարում, ինչպես ասաց զեկուցողը, առողջապահության նախարարությանը հատկացվել է 6.151.8 մլն դրամ, իսկ տարեվերջին ճշտված բյուջեն կազմել է 5.982.7 մլն դրամ, որը համախառն ներքին արդյունքում կազմում է 1,9%, իսկ ԱՀ պետական բյուջեում՝ 5,6%։ Մատուցվել է 5.987.4 մլն դրամի չափով ծառայություն, որի դիմաց առողջապահության նախարարության կողմից ֆինանսավորման գումարը կազմել է 5.914.7 մլն դրամ, ինչը պլանի նկատմամբ կազմում է 98,9%, իսկ մերժված ծառայությունների գումարը կազմել է 6,1մլն դրամ։ Ընդհանուր առմամբ՝ տարեվերջին առկա էր 343,5 մլն դրամի գերակատարում և 233,6 մլն դրամի թերակատարում, որը մասամբ մարելու նպատակով կատարվել է 105,2 մլն դրամի ներծրագրային և արտածրագրային տեղաշարժ։ Ըստ տեղեկատվության՝ համակարգում գործող բուժհատատությունները սահմանված պլանի համաձայն լիարժեք ֆինանսավորվել են։
ՙՓորձի փոխանակման նպատակով հրավիրված և ուղեգրված մասնագետներին տրամադրվող փոխհատուցում՚ ծրագրի շրջանակներում շարունակվել են հետևողական աշխատանքները՝ համակարգը մասնագետներով համալրելու գործընթացում։ Բուժհաստատությունները համալրվել են ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ-ից հրավիրված մասնագետներով։ Ընդհանուր առմամբ՝ 2018թ. աշխատանքի է ուղեգրվել 19 բժիշկ։
2018թ. պետպատվերի շրջանականերում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ընդունվել 22 շրջանավարտ։ ԱՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ կլինիկական օրդինատուրա է ընդունվել 17 բժիշկ՝ հետդիպլոմային մասնագիտացում ստանալու նպատակով, իսկ կլինօրդինատուրան ավարտած մասնագետներից 6-ն աշխատանքի է անցել համակարգում։
Փոխնախարարը ներկայացրեց բժշկական ապրանքների, սարքերի ու սարքավորումների, արտահիվանդանոցային ծառայությունների, ընդհանուր բժշկական և մասնագիտացված ծառայությունների ուղղությամբ իրականացված աշխատանքները։
Հետևողական աշխատանքների շնորհիվ, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության ու տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ, ինչպես պետական աջակցոթյամբ, այնպես էլ բարեգործական հիմունքներով, համակարգի բժիշկ-մասնագետները՝ մասնագիտական որակը բարձրացնելու նպատակով պարբերաբար վերապատրաստվում են ՀՀ և արտասահմանյան տարբեր երկրների կլինիկաներում։ Այդ առումով հայաստանյան տարբեր բուժհիմնարկներում վերապատրաստվել է համակարգի 43 բժիշկ և 7 բուժքույր, ընդ որում՝ բժիշկներից 6-ը և մեկ բուժքույր վերապատրաստումն անցել են արտասահմանյան երկրներում, ասաց Ա. Խաչատրյանը։
Համատեղ նիստում լսվեց նաև ԱՀ ազգային վիճակագրության ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի տեղեկատվությունը։ 2018թ. համակարգի պահպանության ծախսերը կազմել են 210 մլն 253 հազար դրամ, բյուջեի կատարողականը՝ 98,1%։ Չի եղել որևէ հայտ, որը չի բավարարվել։ Այն, ինչ չի կատարվել՝ դրանք հիմնականում տնտեսումներ են՝ կապի և համակարգչային ծառայությունների ոլորտում։ Մ. Մինասյանի խոսքով՝ ծառայությունն ունի նաև ծրագիր՝ տնային տնտեսուհիների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության ուղղությամբ, որը տարվա կտրվածքով կազմել է մոտ 31 մլն դրամ. կատարվել է 99,1 %-ով։
Բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկուցողները պատասխանեցին նաև պատգամավորների հարցերին։