ՏԱՐԵՑՏԱՐԻ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՙՄետաքսկոմբինատ՚ ՍՊԸ-ում գործող ՙՍանդերք՚ ընկերությունը թեթև արդյունաբերության ոլորտի այն եզակի ընկերություններից է, որոնք արտադրության` սկզբնական հումքից մինչև վերջնական արտադրանք ավարտուն ամբողջություն են ապահովում։ Անդրադառնալով արտադրամասի գոծունեությանն ու ծավալներին՝ ընկերության տնօրեն Կարեն ՉԻՐԿԻՆԸ մանրամասնեց, որ այստեղ արտադրվում է մի քանի տեսակի բամբակյա կտորողեն, որն օգտագործվում է անկողնային պարագաների, մասնավորապես՝ ծածկոցների, սավանների, վերմակածրարների, սրբիչների ու բարձերի երեսների արտադրության համար: Նշենք, որ ՙՍանդերքն՚ այն արտադրամասն է, որտեղ երկրորդ շնչառություն են ստացել նախկին ՙՂարմետաքսկոմբինատի՚ հաստոցները: Չորս տասնյակի չափ հաստոցները վերանորոգվել ու վերագործարկվել են, և ժամանակ առ ժամանակ դրանք միայն նոր պահեստամասերի խնդիր են ունենում:
2013թ. ստեղծված ընկերությունում գործում են գործվածքի և կար ու ձևի արտադրամասեր: Ընկերության տնօրենի խոսքով՝ անհրաժեշտ հումքը ներկրվում է հիմնականում Միջին Ասիայից՝ Ուզբեկստանից: Ժամանակին մեր հանրապետությունում բամբակ աճեցնելու մասին խոսակցություններ կային, ինչը արտադրությանը նոր որակ ու ծավալներ հաղորդելու լուրջ նախադրյալ կարող էր լինել, սակայն առայժմ դրանք գործի վերածելու ուղղությամբ քայլեր չեն արվել: Ընկերությունն այսօր 35 աշխատող ունի, կարի արտադրամասում աշխատավարձ ստանում են գործավարձային հիմունքներով, այնպես որ՝ 80-90 հազար կազմող աշխատավարձը կարող է զգալիորեն աճել: Ըստ տնօրենի՝ փորձառու կար անող ունեն, ով մինչև 150 հազար աշխատավարձ է ստանում: Կտորի ստացման արտադրամասում աշխատավարձը ևս բարձր է:
Նախորդ տարիների համեմատ՝ ընկերությունում ավելացել են կտորեղենի արտադրման ծավալները, ինչը հիմնականում պայմանավորված է պատվերների աճով: ՙՄեր հիմնական պատվիրատուն ԼՂՀ Պաշտպանության բանակն է, սակայն վերջին տարում աշխուժություն կա նաև բանվորական արտահագուստի պատվերների ուղղությամբ: Նախարարություններից և տարբեր կազմակերպություններից ավելի հաճախ են սկսել պատվիրել հագուստ ու ձեռնոցներ: Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք ապացուցել, որ գործվածքի մեջ օգտաործելով բացառապես բամբակ, ձեռնարկության արտադրանքը դարձրել ենք ամենաորակյալը, որը լիովին կարող է փոխարինել մինչև վերջերս ՊԲ կարիքների համար Թուրքիայից ներկրվող համապատասխան գործվածքը: Համազգեստ ու արտահագուստ կարողներ մեր հանրապետությունում շատ կան, սակայն ՙՍանդերքը՚ եզակի է, որովհետև մեզ մոտ այդ ամենը կարվում է սեփական արտադրության կտորից՚,-ասում է ընկերության ղեկավարը: Նա նաև նշում է, որ վերջին տարիներին կարողացել են ընդլայնել արտադրանքի իրացման շուկան. հայաստանյան որոշ ընկերությունների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում կտորեղենի մի մասն այսօր իրացվում է ՀՀ-ում: Մշտական պատվիրատուների շարքում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը: Ընկերությունում են արտադրվում ձեռնարկության ֆիլտրների բարձրորակ կտորն ու հանքերում աշխատող բանվորական աշխատուժին անհրաժեշտ որոշ պարագաներ: Իհարկե, արտադրամասի վիճակը նախանձելի կլիներ, եթե ունենային նաև ներկատուն: Այդ նպատակով անգամ մի քանի տարի առաջ ընկերության երկու աշխատակիցներ գործուղվել են Չինաստան՝՝ ուսումնասիրելու տեքստիլ արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների փորձը: Նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել չինացի մասնագետների հետ, հետագայում, սակայն, դժվարություններ են առաջացել, և այսօր էլ գործարանի կտորեղենը ներկվում է Գյումրիում:
Ընկերությունում մեծ ուշադրություն է դարձվում մասնագետների պատրաստման ու կատարելագործման խնդրին. ՙՍանդերքի՚ երկու աշխատակիցներ ընդունվել և հեռակա սովորում են Մոսկվայի թեթև արդյունաբերության համալսարանում: Նրանցից մեկը երիտասարդ ինժեներ-տեխնոլոգ Արմեն Խաչատրյանն է, ով մեզ ծանոթացնում է մեկ այլ՝ բրդյա թելի արտադրությամբ զբաղվող ՙՖորեստ՚ ընկերության գործունեության առանձնահատկություններին: Սա ՙՄետաքսկոմբինատի՚ առաջին ընկերություններից էր, սկսել է գործել 2013-ից, սակայն սեփականատեր մասնավոր ընկերությունը շատ չանցած դադարեցրել է գործունեությունը: Թույլ չտալով, որպեսզի շուրջ երեք տասնակի հասնող աշխատողները հայտնվեն գործազուրկի կարգավիճակում, ՙՄետաքսկոմբինատի՚ ղեկավարությունը որոշել է շարունակել արտադրամասի գործունեությունը: Ներկայում այստեղ աշխատողների թիվը մեծ չէ՝ շուրջ քսան հոգի: Ա. Խաչատրյանի խոսքով` բրդի վերամշակման արտադրամասը հումքի միայն աննշան մասն է ձեռքբերում տեղում, ամբողջ տարվա համար անհրաժեշտ բուրդը ներկրվում է դարձյալ միջինասիական երկրներից: Նաև հանրապետությունում ոչխարաբուծության զարգացմանը նպաստելու համար մեկնարկած այս ծրագիրը փաստորեն վերապահումով կարելի է հաջողված համարել: Ա. Խաչատրյանի խոսքով` հիմնականում մսի համար ոչխարաբուծությամբ զբաղվող մենատնտեսները նախընտրում են բուրդը դեն նետել, քան լվանալ ու հանձնել արտադրամասին: Բացի այդ, տեղական ոչխարի բուրդը հիմնականում հարմար է բրդյա գուլպաների արտադրության համար: ՙՖորեստի՚ պատվիրատուներից մեկը հարևանությամբ է գործում, դա ՙՂարաբաղ կարպետ՚ ընկերությունն է: Վերջին տարիներին նաև հայաստանյան շուկայում են առանձնացել իրենց արտադրանքով. մշտական պատվիրատուների շարքում են ՙՄերգելյան կարպետ՚ ընկերությունը, ՙՄետաքսի ճանապարհ՚ կրթամշակութային կազմակերպությունը և ՙԹուֆենկյան՚ հիմնադրամը: