ՄԵՂՈՒՆԵՐԻ ԹՈՒՅՆՆ ՈՒ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Սլավա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մեղվաբույծ
Ինչպես հայտնի է, մեղուները բնությանը, մարդուն ու կենդանական աշխարհին անգնահատելի օգուտներ են տալիս, բայց որոշակի պայմաններում կարող են վնաս հասցնել կենդանիներին ու բնակչությանը։ Հատկանշական մի փաստ. 80-ական թվականներին հիվանդությամբ վարակված մեղվաընտանիքների անկման պատճառով Հայաստանը զրկվել է 250-300 հազար տոննա ծիրանի բերքից, իսկ 2005 թվականին կոլապսի պատճառով ոչնչացվել են հարյուր հազարավոր մեղվաընտանիքներ, ինչի հետևանքով աշխարհում տնտեսական վնասը մեկ տարում կազմել է 250 միլիարդ եվրո: Նման դեպքեր, որ տնտեսությանն ահռելի վնաս են հասցնում, շա՛տ-շատ են:
Այժմ մեղվի խայթոցի ու նրա հետևանքների մասին։ Վիճակագրական տվյալների համաձայն` մեղվի խայթից տարեկան տուժում է 500 000 մարդ, 250-ը` մահացու ելքով։ Պատահարները հիմնականում լինում են անզգուշության ու անտեղյակության դեպքում։ Օրինակ, չի կարելի մեղվին ձեռքերի կտրուկ շարժումներով փորձել հեռացնել, ինչն ավելի է գրգռում նրան: Մեղվին սպանելով` ևս մեծ սխալ ենք գործում։ Երբ սպանում կամ ճզմում ենք մեղվին, նրանից արձակվում է հատուկ հոտ, որի պատճառով մոտակայքում գտնվող մեղուները, զգալով վտանգը, կտրուկ սկսում են հարձակվել այդ ուղղությամբ` արձակելով աղետի` իրենց հատուկ հոտը. այդ ուղղությամբ կարող են շարժվել տասնյակ, հարյուրավոր գազազած մեղուներ: Հետևանքների մասին դատեք ինքներդ: Վտանգն ավելի մեծ է, եթե դեպքը տեղի է ունենում մեղվաբնին կամ մեղվանոցին մոտ տարածքում: Ուստի չի կարելի անտեղի ռիսկի դիմել, ավելի լավ է տարածքը շրջանցել հեռվից, իսկ եթե որևէ պատճառով մեղուն խայթել է, պետք չէ խուճապի մատնվել ու բարդացնել իրավիճակը։ Իսկույն հանելով խայթը` պետք է դնել սառը թրջոցներ, լվանալ մաքուր ջրով կամ քսել էթիլային սպիրտ, մեղր, սոդա, կտրած սոխի հյութ։ Քսուկների տեսքով կարելի է օգտագործել կարտոֆիլի կամ վարունգի հյութը: Հատկապես ալերգիկներին խորհուրդ է տրվում կիրառել սուպրաստին, դիազոլին, ադրենալին, դիմեդրոլ դեղերը։ Խայթոցից տուժածները պետք է սառը, քաղցր ուտելիք` ասենք, պաղպաղակ և ըմպելիքներ օգտագործեն: Մեղվի խայթոցի նկատմամբ շատ զգայուն են հատկապես կանայք ու երեխաները։ Խայթոցից տուժածին չպետք է մենակ թողնել, հատկապես ալերգիա ունեցողներին, մինչև շտապօգնության միջամտությունը։ Եթե վնասվել են բերանի, լեզվի կամ վզի հատվածները և տուժողի մոտ արձանագրվում է ջերմության բարձրացում, անընդհատ մեծացող, ուռչող ու կարմրող մարմնով, գիտակցության կորստով, սրտխառնոցով, դողով, շնչահեղձության ու այլ ծանր նշաններով, անհապաղ անհրաժեշտ է պառկեցնել ու հետևել սրտի աշխատանքին ու շնչառությանը, հարկ եղած դեպքում միջամտել` մերսելով սիրտն ու արհեստական շնչառություն տալ, մինչև դեպքի վայր կհասնի շտապօգնությունը։ Կծած տեղը երբեք չճզմել, չսեղմել, չքսել հող, ցեխ կամ կեղտաջուր, չօգտագործել նաև ալկոհոլ, այլապես հիվանդի վիճակն ավելի կբարդանա։ Հատկապես ալերգիկները պետք է պարտադիր ունենան տեղեկանքի գրքույկ` բուժող բժշկի հեռախոսահամարով, որպեսզի վտանգի դեպքում օգնություն ցուցաբերողները կարողանան ճիշտ կողմնորոշվել: Պարտադիր է, որ ալերգիկները ձեռքի տակ ունենան անհրաժեշտ դեղամիջոցները:
Մեղվի թույնը պարունակում է շուրջ 240 անուն նյութ, որոնք հանդիսանում են անփոխարինելի, հրաշալի միջոց։ Այնպես որ, մեղվի թույնի օգտագործումը մեծ տարածում ունի բժշկության մեջ: Հատկապես ԱՄՆ-ում տարեկան մեղվի թույնից ստացված դեղամիջոցներով բուժվում է 65 000 մարդ։ Շատ երկրներում կիրառում են ԱՊԻԻ թերապիա, որը մատչելի է և հրաշալի արդյունքներ է տալիս: ՀՀ-ում 2018թ. սկսել են կիրառել այն: Մեղվի թույնը գրագետ օգտագործելով կարելի է ազատվել բազմաթիվ չբուժվող այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են սիրտ-անոթային, հորմոնային, սեռական բնույթի հիվանդությունները: Այն կարող է կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նպաստել դիմադրողականության բարձրացմանը և այլն: Առանց մասնագետի չի թույլատրվում ինքնակամ բուժումներ անել մեղվի թույնով կամ խայթով: