ՎԱԿՈՒՆԻՍ ԳԵՏ ԲԱՑ ԹՈՂՆՎԵՑ ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ՄԱՆՐԱՁՈՒԿ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախի Հանրապետության կենսաբազմազանության համակարգում կենսապաշարները` մասնավորապես ձուկը, կարևոր տեղ են զբաղեցնում բնակչության սննդաբաժնում։
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մարդկային գործոնի ազդեցության ներքո կտրուկ նվազել են ջրային պաշարներն ու ձկների գլխաքանակը։ Այդ իսկ պատճառով հանրապետության Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ, որոնք բացառիկ կարևորություն ունեն էկոհամակարգի վերականգնման համար։
Ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների փորձը, միայն ձեռնարկված միջոցառումները բավարար չեն էկոհամակարգը վերականգնելու համար։ Անհրաժեշտ են կոնկրետ միջոցառումներ բնապահպանական խնդիրների լուծման, այդ թվում` գետերում ձկնատեսակների բնական պաշարների վերականգնման ուղղությամբ՝ դրանցում ընդգրկելով հասարակայնության լայն շերտերին։
Ինչպես տեղեկացրին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության իրավաբանական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ օրերս նման նախաձեռնությամբ գերատեսչության բնապահպանական և ընդերքի պետական տեսչությանը դիմեց հայաստանաբնակ, ծննդով Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից Վրեժ Օսիպյանը։ Նրա նախաձեռնությամբ և տեսչության աջակցությամբ Քաշաթաղի շրջանի Չորմանք համայքի տարածքով հոսող Վակունիս գետ բաց թողնվեց 5000 հատ իշխան, կարմրախայտ և սիգա տեսակի մանրաձուկ:
ՙԱմեն մարդ պետք է գիտակցի, որ հայրենի բնության պահպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է։ Այս առումով ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը ողջունում և շնորհակալություն է հայտնում նման նախաձեռնության համար։ Մեզ համար կարևոր են հասարակության յուրաքանչյուր անդամի ակտիվ մասնակցությունն ու առաջարկը՝ երկրում բնապահպանության և բնական ռեսուրսների կառավարման ոլորտներում առկա խնդիրները լուծելու համար՚,- ասաց ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության բնապահպանական և ընդերքի պետական տեսչության պետ Սևակ Ստեփանյանը։