comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Խորհրդակցություն՝ նվիրված հացահատիկի բերքահավաքի ընթացքին ու գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին
[ARM]     [RUS]     [ENG]

Խորհրդակցություն՝ նվիրված հացահատիկի բերքահավաքի ընթացքին ու գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

 Հուլիսի 18-ին հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Տիգրանակերտում՝ քննարկելու հացահատիկի բերքահավաքի ընթացքը, կորուստների պատճառն ու ոռոգման համակարգում առկա խնդիրները։ Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության մի խումբ անդամներ, շրջվարչակազմերի ղեկավարները, գյուղոլորտի հանրապետական ու շրջանային պատասխանատուները։

Ներկայացնելով հացահատիկի հնձի ընթացքը՝ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ասել է, որ այս տարվա բերքի տակ ունեն 67 հազար 778 հեկտար դաշտ, որից հձվել է 61 հազար 200 հեկտարը։ Ոլորտի թիվ 1 պատասխանատուի խոսքով՝ 6 հազարից ավելի հեկտար ցանքս տուժել է հրդեհի, կարկտի և այլ պատճառներով։ Նախագահ Բակո Սահակյանը Գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է շարունակել ջանքերը բերքահավաքը հնարավորինս անկորուստ ավարտելու ուղղությամբ: ՙԳյուղատնտեսության ոլորտում աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով շարունակել աջակցություն ցուցաբերել տնտեսվարող սուբյեկտներին՝ նպաստելով բարձրարժեք գյուղատնտեսության զարգացմանը, ապահովել հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը հնարավորինս սեղմ ժամկետներում, կազմակերպված՝ ըստ հաստատված ժամանակացույցի, թույլ չտալ չհիմնավորված կորուստներ՚,-ընդգծել է երկրի ղեկավարը։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանը ներկայացրել է արձանագրված հրդեհների վիճակագրությունը։ Վերջին 1,5 ամսվա ընթացքում գրանցված հրդեհներից 463-ը գյուղատնտեսական նշանակության տարածքում էին։ Նրանք, ովքեր շարունակում են այրել հնձված դաշտերն ու հրդեհի պատճառ դառնում շրջակայքի համար, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Սա նախագահ Սահակյանի հանձնարարականն է: ՙԲերքը հավաքում են, հետո՝ դաշտը վառում։ Անգամ չեն հետաքրքրվում, թե հարևան հողագործը հունձն ավարտե՞լ է, թե՞ ոչ։ Ե՞րբ ենք վերջնականապես հրաժարվելու այս երևույթից՚-հարցրել է հանրապետության ղեկավարն ու նշել պատկան մարմինների անելիքը։
Ընդլայնված խորհրդակցությանը գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես են եկել նաև շրջվարչակազմերի ղեկավարները։ Ոռոգման ջրի բաշխման հարցում նախագահ Սահակյանն ստանում է հանրության դժգոհությունը։ Խնդիրը սուր է հատկապես Ասկերանի և Մարտունու շրջաններում։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ արտոնյալներ չպետք է լինեն։ Հակառակ պարագայում պարտաճանաչ հարկատուն տուժում է արդարության պակասից: ՙԻնչու՞ ենք հանդուրժում, ի՞նչ է պատահել մեզ հետ։ Ովքե՞ր են այդ մարդիկ, որ ահաբեկում են մեզ, ովքե՞ր են այդ մարդիկ, որ մենք ի վիճակի չենք նրանց կարգի հրավիրել։ Ընդհանրապես, ոռոգման համակարգի, ջրի բաշխման հետ կապված խնդիր ունենք։ Մենք պարտավոր ենք այդպիսի քաղաքացիներին կարգի հրավիրել՚.-նշել է Բակո Սահակյանը։
Բնական աղետներից վնասներ կրած հողագործներին աջակցելու առաջարկ են արել շրջվարչակազմերի ղեկավարները։ Բակո Սահակյանը հայտարարել է. պետությունը նրանց միայնակ չի թողնելու։ Կանխիկ գումարի փոխարեն Գյուղնախարարությունը կաջակցի գործնական եղանակով. ՙԴուք կարող եք տեղերում հայտարարել՝ բացառված է, որ մենք այդ մարդկանց թողենք նեղության մեջ։ Չի լինելու այդպիսի բան։ Ինչպես բոլոր այս տարիների ընթացքում չի եղել, չի լինելու նաև այս շրջանում։ Բոլոր նրանք, ովքեր կրել են վնասներ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, այդ մարդկանց մենք օգնություն ենք ցուցաբերելու։ Բացառվում է, որ այդ օգնությունից կօգտվեն բոլոր նրանք, ովքեր անբարեխիղճ են եղել, որոնց վրպումների պատճառով հրդեհներ են բռնկվել՚։
Խորհրդակցության ավարտին աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը ներկայացրել է բնակարանային ապահովման ծրագրի ընթացքը, ըստ որի պետությունը բնակարանով կապահովի այն ընտանիքներին, որոնց նկատմամբ պարտավորություն ունի։
Քննարկված հարցերի վերաբերյալ նախագահ Բակո Սահակյանը հանձնարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին։