ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ` ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
ք. Մարտունի
Օրերս Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի մոտ տեղի ունեցավ նիստ՝ ԱՀ վիճակագրական պետական խորհրդի անդամ, գյուղատնտեսական համատարած հաշվառման (այսուհետ՝ ԳՀՀ) աշխատանքները համակարգող Արմեն Սողոմոնյանի, ԱՀ ԱՎԾ հետազոտությունների ուսումնասիրությունների բաժնի պետ Լեոնիդ Սողոմոնյանի, ԱՀ ԱՎԾ ԳՀՀ վարչության կազմակերպական աշխատանքների բաժնի պետ Սամվել Հարությունյանի, գլխավոր մասնագետի և այլ պատասխանատուների, ինչպես նաև գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքները շրջանում համակարգող հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։ Նիստի ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր։
Դեռևս 2010թ. ԱՀ Ազգային ժողովն ընդունել է ՙԳյուղատնտեսական համատարած հաշվառման մասին՚ ԼՂՀ օրենքը, որով կարգավորվել են երկրի տնտեսության համար չափազանց կարևոր աշխատանքների կազմակերպման և անցկացման հարաբերությունները։
2019թ. ապրիլի 19-ին N-276 որոշման համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020թ. հոկտեմբերի 11-31-ը ներառյալ անց է կացվելու գյուղատնտեսական համատարած հաշվառում։
Այս ուղղությամբ արդեն գործնական աշխատանքներ են տարվում։ Մենք հանդիպեցինք և զրուցեցինք վերոնշյալ պաշտոնյաների հետ։ Մեր զրույցն այս ուղղությամբ ընթացիկ և իրականացվելիք աշխատանքների շուրջ էր:
Պատասխանատուները գործընթացի վերաբերյալ տվեցին ամբողջական ու սեղմ տեղեկատվություն:
Վերը նշված օրենքով, ԱՀ կառավարության որոշումներով, ԱՀ ՎՊ խորհրդի որոշումներով և իրավական այլ ակտերի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 11-31-ը ԱՀ–ում նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական համատարած հաշվառում, որին կնախորդի փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-31-ը Ասկերան, Նորագյուղ և Հերհեր համայնքներում` ԳՀՀ մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքները, նյութերի մեքենայական մշակման ծրագրերն ու գործընթացները փորձարկելու նպատակով։ Իսկ համաձայն ԱՀ ՎՊԽ 2019թ. մայիսի 23-ի թիվ 9 որոշման՝ ԳՀՀ նախապատրաստման, անցկացման և ամփոփման աշխատանքների կազմակերպման նպատակով 2019թ. հուլիսի 1-ից ստեղծվել է ԱՀ ԱՎԾ ԳՀՀ վարչությունը։ Ս.թ. հուլիսի 1-ից արդեն գործում է ԳՀՀ վարչության կազմակերպական աշխատանքների բաժինը, որն էլ կիրականացնի փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառում՝ ԱՀ ԱՎԾ համապատասխան մասնագետների մասնակցությամբ։
Գյուղատնտեսությունն Արցախի տնտեսության կարևորագույն ոլորտներից է, ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Բնագավառի դերը մեծ է երկրի պարենային անվտանգության ապահովման, գյուղի զարգացման գործում։
Համաձայն գործող միջազգային մեթոդաբանության՝ գյուղատնտեսական համատարած հաշվառումն իրենից ներկայացնում է գյուղատնտեսության կառուցվածքի վերաբերյալ համընդգրկուն տվյալների` գյուղատնտեսական նշանակության հողերի, անասնագլխաքանակի, գյուղատնտեսական տեխնիկայի և գյուղատնտեսական նշանակության շինությունների, առկա ներուժի (մարդկային, նյութական) և դրանց օգտագործման վերաբերյալ վիճակագրական գործառույթ (հավաքագրում, մշակում և տարածում)։ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից սահմանած ուղեցույցերի համաձայն՝ ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավոր են առնվազն 10 տարին մեկ անցկացնել ԳՀՀ։ Այն Արցախի Հանրապետությունում նախատեսվող առաջին համատարած հաշվառումն է, ՀՀ- ում այն անց է կացվել 2014թ.։
Գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացումը կարևորվում է այն տեսանկյունից, որ վերջինիս իրագործման արդյունքում հավաքագրված վիճակագրական տվյալներն օգտագործվելու են աղքատության և պարենային անվտանգության դիտազննման, գյուղատնտեսության ծրագրավորման և այդ ոլորտում քաղաքականության մշակման, գենդերային վիճակագրության վարման, ընթացիկ վիճակագրության որակի բարելավման, սպառողներին առավել ընդգրկուն տեղեկատվության տրամադրման և այլ բնագավառներում մոնիթորինգային ցուցանիշների համակարգերի ձևավորման համար։
ԳՀՀ հնարավորություն կընձեռի`
-Բարելավել գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ վիճակագրությունը,
-ձևավորել գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների ամբողջական համակարգ,
-ձևավորել գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների վիճակագրական ռեգիստրներ,
-կատարելագործել վիճակագրության ընտրանքային գործիքները և ապահովել դրանց համապատասխանությունը գործող միջազգային չափանիշներին և չափորոշիչներին,
-բացահայտել գյուղատնտեսության ենթակառուցվածքների փոփոխությունների միտումները,
-հստակեցնել գյուղատնտեսության` որպես ձեռնարկատիրության (տնտեսական գործունեության տեսակի) առավել մանրամասն կազմն ու կառուցվածքը։
ԳՀՀ-ն ճիշտ կազմակերպելու և հաշվառման ամբողջականությունն ապահովելու համար ԱՀ ԱՎԾ տարածքային բաժինները կազմում են ԳՀՀ նախապատրաստման և անցկացման 5 բաժիններից բաղկացած կազմպլան։ ԳՀՀ նպատակների ու խնդիրների անցկացման կարգի և ժամկետների մասին բնակչությանը և գործարարությանը պարբերաբար իրազեկելու նպատակով ծավալվելու են լայն բացատրական աշխատանքներ։
Համաձայն Օրենքի 5-րդ հոդվածի` գյուղատնտեսական հաշվառումը գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար կրում է պարտադիր բնույթ, ովքեր պարտավոր են ամբողջական և սպառիչ պատասխաններ տալ հաշվառման հարցաշարի բոլոր հարցերին։
Ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ անհատական տվյալներին տիրապետող լիազոր մարմնի աշխատակիցներին արգելվում է այլ անձանց հաղորդել գյուղատնտեսական համատարած հաշվառման լրացված փաստաթղթերի բովանդակությունը։
Գյուղատնտեսական համատարած հաշվառման սկզբնական նյութերը (այդ թվում՝ տվյալները) դատական, դատաքննչական և այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել։
Նշենք, որ Գյուղատնտեսական համատարած հաշվառման հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելը, ոչ ամբողջական, սխալ տվյալներ ներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն` Արցախի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով։