ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության հերթական նիստը՝ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ղեկավարությամբ։
Մինչև բուն օրակարգին անցնելը, որտեղ ներկայացված հարցերի փաթեթն առնչվում էր ֆինանսների, էկոնոմիկայի ոլորտներին և նորաստեղծ Քննչական կոմիտեի գործունեության կարգավորմանը, պաշտպանության նախարար Կ. Աբրահամյանը մանրամասներ հաղորդեց հանրապետության տարածքում առաջիկայում նախատեսվող զորավարժությունների վերաբերյալ, ինչն անցկացվում է համապատասխան պատրաստության պլանի։
Զորավարժությունների կազմակերպման առնչությամբ պատկան մարմինները համապատասխան հանձնարարականներ ստացան։
Կառավարության նիստում հաստատվեց ԱՀ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Ֆինանսների նախարար Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ ծրագիրը մշակվել է համաձայն ՙԲյուջետային համակարգի մասին՚ օրենքի և կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ժամանակացույցի։ Հաստատված ծրագիրը հնարավորություն կտա միջնաժամկետ կտրվածքով կառավարել պետական հատվածի ֆինանսական ռեսուրսները` կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային և սոցիալ-տնտեսական քաղաքականության առաջնահերթ գերակայություններին համապատասխան։ Այն նաև հիմք է պետբյուջեի ծրագիրը մշակելու համար և հանդիսանում է այդ ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը։ Նախարարը ներկայացրեց ծրագրով նախատեսված հիմնական եկամուտներն ու ծախսերը, կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշները, նաև տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 9,6%-ով։ Ա. Հարությունյանը նշեց, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված ենթածրագրերն ուղղված են լինելու հանրապետության տարածքում տնտեսական ու գործարար միջավայրի բարելավմանը, պետություն-մասնավոր հատված հարաբերությունների կարգավորմանը։
Բակո Սահակյանը նշել է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրի նկատմամբ վերաբերմունքը վերանայման կարիք ունի, հատկապես միջնաժամկետ ծախսերի կառուցվածքի ձևավորման հետ կապված։ Նախագահը տեղեկացրել է, որ խորհրդակցությունների, հանդիպումների ձևաչափով այս ընթացքում՝ մինչև բյուջեի ակտիվ քննարկման շրջան մտնելը, աշխատանքներ են տարվում համապատասխան մարմինների հետ` առավել խոր դիտարկումների, ուսումնասիրությունների միջոցով առավել արդյունավետ պետբյուջեի ծրագիր մշակելու նպատակով։ 2020թ. բյուջեն, ըստ Բակո Սահակյանի, պետք է ունենա երկու ուղղվածության ընդգծված արտահայտություն՝ բնակարանային շինարարություն և ջրամատակարարում։ Վերջինիս հետ կապված առաջնահերթ է համարվում խմելու ջրով ապահովումը: Նախագահը հայտարարել է, որ լրացուցիչ աշխատանքներ են տարվելու ջրամբարների կառուցման ուղղությամբ։ Նման որոշման ընդունման հիմք է հանդիսացել այս ամառ գրանցված ջրամատակարարման փոքրիկ խափանումը:
Ֆինանսների նախարարը ներկայացրել է Գույքահարկի, Հողի հարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը։ Առաջարկվում է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, փրկադաստիարակչական, եկեղեցական, ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից։ Առաջարկվում է նաև թեմն ազատել մինչև 2019թ. հունվարի 1-ը ունեցած գույքահարկի և հողի հարկի պարտավորություններից։ Սահմանվել են նաև հարկային հաշիվների դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգերը և ոչ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման դեպքերը։ Բացի այդ, ֆինանսների ոլորտին առնչվող կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչվեցին։ Այդ փոփոխությունները պայմանավորված են ոլորտում էլեկտրոնային համակարգի ներդրմամբ։ Նախագահը նշել է, որ ընդհանրության մեջ ողջունվել է այդ համակարգի ներդրումը, քանի որ այն առավել դյուրին, արդյունավետ աշխատելու հնարավորություն է ստեղծել։ Ա. Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն 5-6 տարի է, ինչ Ֆինանսների նախարարությունն անցել է եկամտային հարկի անձնավորված հաշվառման, հենց այդ ժամանակահատվածից էլ սկսվել է հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի ձևավորումը։ 2016թ. հունվարի 1-ից, որպես դրա շարունակություն, ներդրել են հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, որից սկզբնական ժամանակաշրջանում օգտվում էր հարկ վճարողների շուրջ 30%-ը: Այս պահի դրությամբ ևս 40-45% էլեկտրոնային հաշվետվություններ են ներկայացնում նրանք, ում օրենքը թույլ է տալիս կամավոր սկզբունքով միանալ համակարգին։ Արդյունքում հարկ վճարողների ավելի քան 75%-ն օգտվում է հենց էլեկտրոնային համակարգից։ Այս տարվա սկզբից ներդրվել է ևս մեկ ծրագրային մոդուլ. սկսել են կիրառել անձնական քարտի պարտավորությունների ավտոմատ հաշվառման ծրագիր, ինչը թույլ է տալու հետագայում բացառել այն սխալները, որոնք կարող են առաջանալ գործընթացում մարդկային գործոնի առկայության պայմաններում։
Էկոնոմիկայի նախարար Լ. Գրիգորյանը ներկայացրել է առաջարկություն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի անցկացման կարգի վերաբերյալ։ Նոր կարգով կբարձրանա ընդհանուր օգտագործման ավտոբուսային տրանսպորտով և կանոնավոր ուղևորափոխադրումներով զբաղվող կազմակերպությունների ու անհատների ընտրության ժամանակ մրցույթի արդյունքների գնահատման արդյունավետությունը։ Ներկայացվել է նաև մարդատար տաքսի ավտոմոբիլներով ներհանրապետական և միջպետական ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը։
Նախագահը ներկայացրել է իր դիտարկումը ոլորտի խնդիրների կապակցությամբ. օրինապահ հարկատուների կողքին գոյություն ունեն անօրեն գործունեություն ծավալողներ նույնպես, որոնց մասին գիտեն պատկան մարմինները և այս կամ այն, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառով աչք են փակում խնդրի վրա, ինչն արդարացի դժգոհությունների ալիք է բարձրացնում։ Նախագահը համաձայնեց, որ խնդիրը բավականին նուրբ է և որոշում պիտի կայացվի լուրջ ուսումնասիրություններից հետո միայն:
Լ. Գրիգորյանը նշել է, որ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ևս կա ոլորտում, և նախարարությունը մինչև տարեվերջ տաքսի ծառայությունների մասով առաջարկությունների նոր փաթեթ կներկայացնի։