ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱՑՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունում (ԱՎԾ) ներկայացվեց հանրապետության աղքատության մակարդակի և սոցիալական վիճակի վերաբերյալ վիճակագրական-վերլուծական տեղեկատու։ ԱՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ և հայաստանյան համապատասխան կառույցների տեխնիկական և մեթոդաբանական աջակցությամբ հրապարակված ՙԱՀ սոցիալական պատկերը և աղքատությունը՚ վերլուծականը մանրամասն տեղեկացնում է տնային տնտեսությունների և առանձին անհատների բարեկեցության վերաբերյալ հավաքագրված անհրաժեշտ նյութեր, ինչն էլ հնարավորություն է ընձեռում ԱՀ ԱՎԾ-ին հանրությանը ներկայացնել բնակչության եկամուտների, ծախսերի, աղքատության մակարդակի և այլ ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն։ Հետազոտության համար օգտագործվել է 2015թ. մարդահամարի տվյալների բազան։
2018թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը 15 հարցազրուցավարներ հետազոտական աշխատանքներ են կատարել 1620 տնային տնտեսություններում և հավաքագրված տվյալները փոխանցել ԱՎԾ-ի համապատասխան մասնագետներին։ Նշված հրապարակման շնորհանդեսին զեկույցներով հանդես են եկել աշխատանքներում ներգրավված մասնագետները։ ԱՀ ԱՎԾ աշխատակազմի հետազոտությունների և ուսումնասիրությունների բաժնի պետ Լեոնիդ Սողոմոնյանն իր զեկույցում ներկայացրել է կատարված աշխատանքների ընդհանուր պատկերը։ Նրա պարզաբանմամբ` հետազոտություններին ընդգրկված 1620 տնային տնտեսություններից 756-ը քաղաքայինն էին, իսկ 864-ը` գյուղական բնակավայրերից։ Ընդհանրապես 2018թ. հանրապետության բնակչության 78,2%-ը եղել է ոչ աղքատ, 21,8%-ը` աղքատ, որից ծայրահեղ աղքատ՝ 4,9%։ Մասնագետներն աղքատ են գնահատել նրանց, որոնց սպառումը 1 չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, որոնց սպառումը 1 չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից։ Ըստ վերլուծությունների` աղքատության պարենային գծի արժեքը կամ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը 2018թ. գնահատվել է 24 հազ 291 դրամ։ Այն հաշվարկվել է 1 շնչի հաշվով` հիմնվելով 1 օրվա համար սահմանված կալորիականության՝ 2232 կկալ արժեքի վրա։ Անդրադառնալով աղքատության գծի արժեքին` Լ. Սողոմոնյանը նշել է, որ այն 2018-ին գնահատվել է 1 ամսվա համար 1 չափահաս անձի հաշվով 35 հազ 804 դրամ։ Վերջին 5 տարիներին Արցախում աղքատության մակարդակը տատանվել է 21,6 -26,2% միջակայքում։ Դիտարկելով բնակչության կենսամակարդակը քաղաք-գյուղ բաշխվածությամբ` աղքատների մեծ մասը՝ 58,8%-ը, քաղաքաբնակներ են։ 2008-ին ծայրահեղ աղքատ է համարվել գյուղական բնակչության 5%-ը։ 2017թ. համեմատ գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակը իջել է 3,2 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը` 3 տոկոսայինով, սակայն քաղաքային բնակավայրերում այդ ցուցանիշն աճել է 3,4%-ով, ծայրահեղ աղքատությունն էլ` 0,6%-ով։
Զեկուցողը սլայդներով ներկայացրել է հանրապետության բոլոր շրջաններում արված հետազոտության տվյալները։ Աղքատության մակարդակն ավելի բարձր է վերաբնակեցված և կենտրոնական շրջաններում։ Մասնագետները հաշվարկել են նաև եկամտի և սպառման ցուցանիշներով պայմանավորված աղքատության մակարդակը։ Աղքատության հաղթահարման համար ուսումնասիրողները գտնում են, որ անհրաժեշտ է 2,7 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 0,9% կազմող գումար, որպեսզի դրանք համալրեն սոցիալական աջակցության համար նախատեսված միջոցներն այն տրամաբանությամբ, որ այդ աջակցությունը կտրամադրվի միայն աղքատներին։ Միջազգային փորձը փաստում է, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, իսկ աղքատության հաղթահարման համար միջոցները շատ ավելի են պետք։ Սակայն իրականում աղքատության վերացման համար մարդիկ պետք է ապահովված լինեն աշխատանքով, այլ ոչ թե կախված լինեն սոցիալական ծրագրերում ընդգրկվելուց։ Իհարկե, կան որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ բացառություններ, որոնց ուսումնասիրման, հետազոտության և վերացման արդյունքում պետք է կյանքի կոչվեն պետական այլ ծրագրեր, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան աշխատել և արժանավայել ապրել։ Գյուղական վայրերում աղքատության մակարդակի կրճատման գործում մեծ նշանակություն ունի հողի սեփականությունը։ Գյուղատնտեսության եկամտաբեր չլինելը, ֆինանսական միջոցների բացակայությունը, մշակողի ծեր կամ հիվանդ լինելը, ոռոգման ջրի բացակայությունը որոշիչ են դառնում հող չմշակելու համար։ Բազմանդամ տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունն ավելի մեծ է։ Բացի դրանից, լավ կրթություն ունեցող անձանց աղքատ լինելու հավանականությունն ավելի փոքր է։ Համաձայն դիտարկման տվյալների` բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում աղքատության մակարդակն ամենացածրն է։ Տարրական և ցածր կրթություն ունեցողների թե՜ աղքատության և թե՜ ծայրահեղ աղքատության մակարդակն ամենաբարձրն է։
ԱՀ ԱՎԾ անձնակազմի կառավարման, իրավաբանական և մեթոդոլոգիայի առաջին կարգի մասնագետ Անի Հայրապետյանն անդրադարձել է հետազոտվողների եկամուտներին, ծախսերին, սննդամթերքի սպառմանը։ Ամբողջական եկամուտների կառուցվածքում վարձու աշխատանքից եկամուտները կազմել են 62,3% (2017թ.՝ 59,7%), պետական թոշակները և նպաստները` 20,4% (22,7%)։ Կենսաթոշակները, հատկապես թոշակառուների համար, եկամտի կարևոր ու միակ աղբյուրն են հանդիսանում։ Ուստիև, կենսաթոշակի չափը պայմանավորում է այդ խմբի բարեկեցության աստիճանը։ Հետազոտվողների 49,9% էլ հենց կենսաթոշակներն են համարել եկամտի աղբյուր։ Ա. Հայրապետյանի տեղեկատվությամբ` թոշակների և դրամական եկամուտների աջակցության շնորհիվ է բնակչության նշված մասը գոյատևում, և եթե դրանք չլինեն, աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակը 21,8%-ից կբարձրանա և կդառնա 52,2%։
Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության ծրագրի ծրագրավորող Մանուշ Գաբրիելյանն իր հերթին ներկայացրել է բնակչության բնակարանային պայմանների, խմելու ջրի մատչելիության տեղեկատվությունները։ 2018-ի հետազոտության տվյալներով` մեկսենյականոց բնակարանների ծանրաբեռնվածությունը մեծ է եղել։ Դա կախված է և աղքատության մակարդակից։ Քաղաքային տնային տնտեսությունների 99%-ը և գյուղաբնակների 88,8%-ն ունեն կենտրոնացված ջրամատակարարման համակարգ։ Հետազոտության ընթացքում տնային տնտեսությունների որոշ անդամներին առաջադրվել են մի շարք հարցեր, որոնց հիման վրա գնահատվել են կենսամակարդակի առաջնային խնդիրները։ Ըստ կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականի՝ 2018-ին իրենց աղքատ են համարել բնակչության 2,6%-ը։ Ընդ որում, 12%-ի կարծիքով` իրենց կենսամակարդակը միջինից ցածր է, 79,4%-ն ունեցել է միջին կենսամակարդակ, իսկ 6%-ը` միջինից բարձր։ Հարցվածներից ոչ մեկն էլ իրեն հարուստ չի համարել։ Ամսական 1 շնչի հաշվով շատ լավ ապրելու համար հարցվածները նշել են, որ իրենց անհրաժեշտ է 792 հազար 100 դրամ, լավ ապրելու համար` 127 հազար 985 դրամ, իսկ գոյատևելու համար` 47 հազար դրամ։
ԱՀ ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանն իր երախտիքն է հայտնել այս նոր պարբերականի պատրաստման գործում ներդրում ունեցողներին, հարցմանը մասնակցած բոլոր տնային տնտեսություններին և հարցումն իրականացրած հարցազրուցավարներին, տվյալների մշակողներին, ինչպես նաև այս ցուցանիշներով հետաքրքրված բոլոր սպառողներին։ ՙԱռաջին անգամ այս աշխատանքներում ներգրավվել են նաև հարցազրուցավարներ, ինչը երկու նպատակ է հետապնդում. նրանք կտեսնեն իրենց աշխատանքի արդյունքը, որովհետև ճշգրիտ հավաքագրված տվյալները որոշիչ դեր ունեն և դրանք էլ կօգտագործվեն հետագա վիճակագրական վերլուծություններում։ Բացի դրանից, այս տարի մենք փորձել ենք որոշ նորամուծություններ և հավելվածներ ավելացնել այս պարբերականում, որոնք հնարավորություն տվեցին վերլուծել վերջին 5 տարիների հիմնական ցուցանիշները և ներկայացնել հանրությանը՚,-վերջում հավելել է Մ. Մինասյանը։
;