[ARM]     [RUS]     [ENG]

Չարժե ծուլանալու պատճառով բաց թողնել կյանքը բարելավելու հնարավորությունը

Վան Նովիկով

 Գործարար ծրագրերն ու ձեռնարկատիրական գործունեության  վերաբերյալ  պատկերացումները  ոչ միշտ են  առանցքվում  համախումբ աշխատանքի տրամաբանությանն  ու ոգուն  նվիրված  աշխատակիցների շուրջ:  

Արցախցի երիտասարդ  ձեռներեց Արթուր Մարտիրոսյանի փորձը ցույց է տալիս, որ ցանկացած գործ  սկսելու և հաջողելու համար ազնիվ,  վստահելի գործընկերներ ու աշխատակիցներ ունենալը ելակետային պայման է:   ործունեության տարիների ընթացքում Արթուրին հաջողվել է`  համախոհ գործընկերների հետ   մի շարք  ընդգրկուն  գործարար նախաձեռնություններ կյանքի կոչել  մեծամասամբ  սրճարանային բիզնեսի ու արագ  սննդի  ոլորտներում:  Նրա խոսքով` ի սկզբանե գործը եկամտաբեր ու հաջող էր ընթանում, իսկ ընդլայնելու և զարգանալու համար գրեթե բոլոր օբյեկտիվ նախապայմանները կային, բացի  պահանջվող չափանիշների համապատասխանող  աշխատակիցներից: Որոշեց փակել սրճարանն ու ժենգյալով հաց թխելու կետը: Մինչդեռ, նշաձողն  էլ բավականին համեստ ու բնական  է`  աշխատասիրություն, ազնվություն և  համախումբ աշխատելու  պատրաստակամություն:

 -Թիմային աշխատանքը  գործի շարժիչ ուժն է:  Եթե մեկն աշխատանքն  ազնվորեն,  հնարավորինս  նվիրված ու անթերի է կատարում, ապա գործընկերները ընդօրինակելու  ազդակներ են ունենում:  Հակառակ պարագայում  գործը չի զարգանալու,- համոզված է երիտասարդ ձեռներեցը:

Ներկայում  Արթուրը համատեղում է միանգամից 3 գործարար նախաձեռնություն` հացի, պիցցայի ու  ժենգյալով հացի  փուռ  և խորովածանոց:  Արտադրանքն իրացնում են և՜ տեղում,  և՜   առաքում են: Զրուցակցիս խոսքով`   պահանջարկ-առաջարկի   շուկան բավականին հագեցած է, ուստի իրենց տեղն ունենալու համար  մրցակցում են հիմնականում  բարձր որակով:

- Աշխատանքին նվիրված,  վստահելի անձնակազմ,  իսկ աշխատավայրում` ներդաշնակ մթնոլորտ ունենալով,  կարելի է մի  քանի  նախաձեռնություն   հաջողությամբ համատեղել:  Երբ հանգամանքերի բերումով ստիպված եմ լինում  բացակայել,   չեմ մտահոգվում`  վստահ լինելով, որ  մեր բարեխիղճ  աշխատողները  գործն  առաջ են տանելու  բնականոն հունով:  Ներկա պահին  պահանջարկ-առաջարկ  ու կայուն եկամուտ ունենալու համար    համատեղելը կարևոր եմ համարում:  Օրինակ, եթե տվյալ օրը հացի պահանջարկը պակասում  է, ապա  խորովածը, պիցցան  կամ ժենգյալով հացն է համեմատաբար շատ  իրացվում`   հավասարակշռելով  օրվա  եկամուտը,- մանրամասնում է զրուցակիցս ու  աներկբա ավելացնում.- հիմա <<աչքս ուտում է>>   ամենամեծ գործն էլ սկսելու համար, սակայն  վստահելի աշխատող  գտնելն է  դժվար:

Գործարար մտահղացումները   կյանքի  կոչելու ճանապարհին Արթուրն առաջնորդվում է             <<Փոքրից սկսիր,  որ հասնես մեծին>> տրամաբանությամբ: Ներդրումներն էլ   մաս -մաս կուտակած աշխատավարձից են ու   ստացված եկամուտից:  Պարտք մնալ  չի սիրում, ուստի վարկով գործ սկսելու  կամ ընդլայնելու մոտեցմանը  կտրական է վերաբերում:

-Անգամ զրո եկամտի պարագայում կարևոր է որպեսզի ոչ մեկին պարտք չմնաս: Երբ գիտես,  որ  չարչարանքով ստացած  եկամտիցդ պիտի վարկ մարես կամ  առավել ևս`   տոկոսադրույք վճարես,  եռանդդ կորցնում ես:

  Ընդհանրապես,    Արթուրը ցանկացած գործարար ձեռնարկման նախապայման է համարում  համարձակությունը, ճիշտ ու հեռատես հաշվարկները,  աշխատուժի առկայությունը:

  Ֆինանսական միջոցներն ու հնարավորություններն էլ նախապայմանների  երկրորդական հորիզոնականում  չեն, այդուհանդերձ,  ինչպես ընդունված է կարծել,  աստղաբաշխական թվերն այս հարցում  պարտադիր պայման չեն: 

-Մինչ սկսելը` պահանջվող ֆինանսական ներդրումները  ձեռք եմ բերել հիմնականում    խնայողության շնորհիվ,  բացի այդ, արդեն իսկ  ստացվող եկամուտները  շռայլելու փոխարեն   ներդնում եմ գործում:   Յուրաքանչյուր ծրագիր իրագործելուց  առաջ պետք է ճիշտ հաշվարկես`   որքան ֆինանսական ներդրում  է պահանջվում: Պարտադիր չէ, որ դրանք մեծ թվեր լինեն, սակայն պետք է պահուստային միջոցներ ունենալ `  ապահովելու ներդրումների շարունակականությունը:   Չպետք է բացառել նաև ռիսկային գործոնները,  որոնք հնարավորինս չեզոքացնելու  համար պետք է  հավասարակշռող գործիքակազմ մշակել ու կիրառել,-ասում է երիտասարդ գործարարը`  հավելելով,  որ գործարարությունը  բնավորությամբ համարձակ ու անկոտրում  ոգով մարդու  կենսակերպ է: 

-Պահ է լինում,  երբ 1 կամ 10 օր գործդ լավ չի ընթանում,  և   պատասխանատվությանդ  զգացումն ու ոգու ամրությունը փորձության են ենթարկում միմյանց:  Չընկճվելու համար  պետք է հեռուն նայել:  Ժամանակավոր անհաջողությունները դեռ չեն նշանակում, որ պիտի գործը կիսատ թողնեմ: Անցնում է որոշ ժամանակ, և սթափ հաշվարկների,  հետևողականության   ու վճռականության շնորհիվ գործը կայուն ընթացք է ստանում:  

Հեռատեսությունը  երիտասարդ ձեռներեցի  աշխարհայացքի թերևս ամենացայտուն  ուղեծիրն է,  որն ակնհայտ էր մեր զրույցի հենց սկզբից: Դժվարությունները հաղթահարելու հարցում նրան եռանդ ու ներշնչանք է հաղորդում այն համոզմունքը, որ իր ստեղծածի  շնորհիվ  զավակները  բարեկեցիկ են ապրելու:

-  Իմ աշխատավարձը բավարարում է մեր ընտանիքին: Բնականաբար, պարտքեր  չունեմ: Այդուհանդերձ,  ժամանակի հետ ընտանիքի պահանջմունքերն աճում են`   ի տարբերություն   աշխատավարձի:  Երիտասարդն,  ով ընտանիք ունի,  պետք է մտածի անհրաժեշտ միջոցներ ստեղծելու մասին`  ապագայում իր երեխաների հոգսերը հնարավորինս թեթևացնելու համար: Դրա համար, մինչ այս էլ, երբեք ձեռքս ծալած չեմ նստել.  ընկույզ, վառելափայտ եմ վաճառել, անասնապահությամբ զբաղվել: Առաջիկայում  նպատակ ունեմ նաև այգեգործությամբ զբաղվել` հիմնելով  ընկույզի, արքայանարնջի ու խնձորի այգիներ,-բարեկեցիկ  ապագային հասնելու իր տեսլականն   այսպես է ուրվագծում Արթուրը: 

-  Փուռը նոր ենք ստեղծել,  սակայն նախնական արդյունքը հույս է ներշնչում,  որ ավելի լավ է լինելու: Շուկան գնալով մեծանում է, ուստի նախատեսում ենք, որ աստիճանաբար  նաև աշխատատեղերն են ավելանալու:  Մինչ այդ, որպես հաջողության ելակետ, այստեղ ստեղծել ենք մեր ուրույն աշխատանքային աշխարհը`  համերաշխությամբ, սիրով,  ջանասիրությամբ գործին լծված անձնակազմով, ինչպես նաև  <<Մեկը ` բոլորի,  բոլորը   մեկի համար>>   աշխատաոճով,- ասում է զրուցակիցս, իսկ վերջում,  որպես    իր կենսաբանաձև,  ընդհանրացնում.  <<Չարժե  ծուլանալու պատճառով բաց թողնել   կյանքը   բարելավելու հնարավորությունը>>: