Չարժե ծուլանալու պատճառով բաց թողնել կյանքը բարելավելու հնարավորությունը
Վան Նովիկով
Գործարար ծրագրերն ու ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ պատկերացումները ոչ միշտ են առանցքվում համախումբ աշխատանքի տրամաբանությանն ու ոգուն նվիրված աշխատակիցների շուրջ:
Արցախցի երիտասարդ ձեռներեց Արթուր Մարտիրոսյանի փորձը ցույց է տալիս, որ ցանկացած գործ սկսելու և հաջողելու համար ազնիվ, վստահելի գործընկերներ ու աշխատակիցներ ունենալը ելակետային պայման է: ործունեության տարիների ընթացքում Արթուրին հաջողվել է` համախոհ գործընկերների հետ մի շարք ընդգրկուն գործարար նախաձեռնություններ կյանքի կոչել մեծամասամբ սրճարանային բիզնեսի ու արագ սննդի ոլորտներում: Նրա խոսքով` ի սկզբանե գործը եկամտաբեր ու հաջող էր ընթանում, իսկ ընդլայնելու և զարգանալու համար գրեթե բոլոր օբյեկտիվ նախապայմանները կային, բացի պահանջվող չափանիշների համապատասխանող աշխատակիցներից: Որոշեց փակել սրճարանն ու ժենգյալով հաց թխելու կետը: Մինչդեռ, նշաձողն էլ բավականին համեստ ու բնական է` աշխատասիրություն, ազնվություն և համախումբ աշխատելու պատրաստակամություն:
-Թիմային աշխատանքը գործի շարժիչ ուժն է: Եթե մեկն աշխատանքն ազնվորեն, հնարավորինս նվիրված ու անթերի է կատարում, ապա գործընկերները ընդօրինակելու ազդակներ են ունենում: Հակառակ պարագայում գործը չի զարգանալու,- համոզված է երիտասարդ ձեռներեցը:
Ներկայում Արթուրը համատեղում է միանգամից 3 գործարար նախաձեռնություն` հացի, պիցցայի ու ժենգյալով հացի փուռ և խորովածանոց: Արտադրանքն իրացնում են և՜ տեղում, և՜ առաքում են: Զրուցակցիս խոսքով` պահանջարկ-առաջարկի շուկան բավականին հագեցած է, ուստի իրենց տեղն ունենալու համար մրցակցում են հիմնականում բարձր որակով:
- Աշխատանքին նվիրված, վստահելի անձնակազմ, իսկ աշխատավայրում` ներդաշնակ մթնոլորտ ունենալով, կարելի է մի քանի նախաձեռնություն հաջողությամբ համատեղել: Երբ հանգամանքերի բերումով ստիպված եմ լինում բացակայել, չեմ մտահոգվում` վստահ լինելով, որ մեր բարեխիղճ աշխատողները գործն առաջ են տանելու բնականոն հունով: Ներկա պահին պահանջարկ-առաջարկ ու կայուն եկամուտ ունենալու համար համատեղելը կարևոր եմ համարում: Օրինակ, եթե տվյալ օրը հացի պահանջարկը պակասում է, ապա խորովածը, պիցցան կամ ժենգյալով հացն է համեմատաբար շատ իրացվում` հավասարակշռելով օրվա եկամուտը,- մանրամասնում է զրուցակիցս ու աներկբա ավելացնում.- հիմա <<աչքս ուտում է>> ամենամեծ գործն էլ սկսելու համար, սակայն վստահելի աշխատող գտնելն է դժվար:
Գործարար մտահղացումները կյանքի կոչելու ճանապարհին Արթուրն առաջնորդվում է <<Փոքրից սկսիր, որ հասնես մեծին>> տրամաբանությամբ: Ներդրումներն էլ մաս -մաս կուտակած աշխատավարձից են ու ստացված եկամուտից: Պարտք մնալ չի սիրում, ուստի վարկով գործ սկսելու կամ ընդլայնելու մոտեցմանը կտրական է վերաբերում:
-Անգամ զրո եկամտի պարագայում կարևոր է որպեսզի ոչ մեկին պարտք չմնաս: Երբ գիտես, որ չարչարանքով ստացած եկամտիցդ պիտի վարկ մարես կամ առավել ևս` տոկոսադրույք վճարես, եռանդդ կորցնում ես:
Ընդհանրապես, Արթուրը ցանկացած գործարար ձեռնարկման նախապայման է համարում համարձակությունը, ճիշտ ու հեռատես հաշվարկները, աշխատուժի առկայությունը:
Ֆինանսական միջոցներն ու հնարավորություններն էլ նախապայմանների երկրորդական հորիզոնականում չեն, այդուհանդերձ, ինչպես ընդունված է կարծել, աստղաբաշխական թվերն այս հարցում պարտադիր պայման չեն:
-Մինչ սկսելը` պահանջվող ֆինանսական ներդրումները ձեռք եմ բերել հիմնականում խնայողության շնորհիվ, բացի այդ, արդեն իսկ ստացվող եկամուտները շռայլելու փոխարեն ներդնում եմ գործում: Յուրաքանչյուր ծրագիր իրագործելուց առաջ պետք է ճիշտ հաշվարկես` որքան ֆինանսական ներդրում է պահանջվում: Պարտադիր չէ, որ դրանք մեծ թվեր լինեն, սակայն պետք է պահուստային միջոցներ ունենալ ` ապահովելու ներդրումների շարունակականությունը: Չպետք է բացառել նաև ռիսկային գործոնները, որոնք հնարավորինս չեզոքացնելու համար պետք է հավասարակշռող գործիքակազմ մշակել ու կիրառել,-ասում է երիտասարդ գործարարը` հավելելով, որ գործարարությունը բնավորությամբ համարձակ ու անկոտրում ոգով մարդու կենսակերպ է:
-Պահ է լինում, երբ 1 կամ 10 օր գործդ լավ չի ընթանում, և պատասխանատվությանդ զգացումն ու ոգու ամրությունը փորձության են ենթարկում միմյանց: Չընկճվելու համար պետք է հեռուն նայել: Ժամանակավոր անհաջողությունները դեռ չեն նշանակում, որ պիտի գործը կիսատ թողնեմ: Անցնում է որոշ ժամանակ, և սթափ հաշվարկների, հետևողականության ու վճռականության շնորհիվ գործը կայուն ընթացք է ստանում:
Հեռատեսությունը երիտասարդ ձեռներեցի աշխարհայացքի թերևս ամենացայտուն ուղեծիրն է, որն ակնհայտ էր մեր զրույցի հենց սկզբից: Դժվարությունները հաղթահարելու հարցում նրան եռանդ ու ներշնչանք է հաղորդում այն համոզմունքը, որ իր ստեղծածի շնորհիվ զավակները բարեկեցիկ են ապրելու:
- Իմ աշխատավարձը բավարարում է մեր ընտանիքին: Բնականաբար, պարտքեր չունեմ: Այդուհանդերձ, ժամանակի հետ ընտանիքի պահանջմունքերն աճում են` ի տարբերություն աշխատավարձի: Երիտասարդն, ով ընտանիք ունի, պետք է մտածի անհրաժեշտ միջոցներ ստեղծելու մասին` ապագայում իր երեխաների հոգսերը հնարավորինս թեթևացնելու համար: Դրա համար, մինչ այս էլ, երբեք ձեռքս ծալած չեմ նստել. ընկույզ, վառելափայտ եմ վաճառել, անասնապահությամբ զբաղվել: Առաջիկայում նպատակ ունեմ նաև այգեգործությամբ զբաղվել` հիմնելով ընկույզի, արքայանարնջի ու խնձորի այգիներ,-բարեկեցիկ ապագային հասնելու իր տեսլականն այսպես է ուրվագծում Արթուրը:
- Փուռը նոր ենք ստեղծել, սակայն նախնական արդյունքը հույս է ներշնչում, որ ավելի լավ է լինելու: Շուկան գնալով մեծանում է, ուստի նախատեսում ենք, որ աստիճանաբար նաև աշխատատեղերն են ավելանալու: Մինչ այդ, որպես հաջողության ելակետ, այստեղ ստեղծել ենք մեր ուրույն աշխատանքային աշխարհը` համերաշխությամբ, սիրով, ջանասիրությամբ գործին լծված անձնակազմով, ինչպես նաև <<Մեկը ` բոլորի, բոլորը մեկի համար>> աշխատաոճով,- ասում է զրուցակիցս, իսկ վերջում, որպես իր կենսաբանաձև, ընդհանրացնում. <<Չարժե ծուլանալու պատճառով բաց թողնել կյանքը բարելավելու հնարավորությունը>>: