[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՐԵՆԻ ՄԱՍՈՎ ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Գյուղնախարար Ժ. Միրզոյանի մամուլի ասուլիսը

Ապրիլի 9-ին ԱՀ գյուղնախարար Ժիրայր Միրզոյանը հանդիպում է ունեցել լրագրողների հետ.  մամուլի ասուլիսը նվիրված էր պանդեմիայի պայմաններում  գյուղոլորտի գործունեությանը, երևան եկած նոր մարտահրավերներին դիմակայելու՝ գերատեսչության քայլերին,  մասնավորապես՝ պարենային  ապահովությանը:

 

Ներկա իրողություններում առողջապահական խնդիրներին  զուգահեռ աշխարհի առջև ծառացել է նաև  սննդամթերքի ինքնաբավության հարցը և  պետական կառավարման համակարգի գերակայություններից է  դարձել նաև Արցախի համար: Այստեղ էլ հակաճգնաժամային քայլերի անհրաժեշտություն է առաջանալու, և դրանց մի մասը իրագործելու խնդիրը կոչված է կատարել գյուղատնտեսության նախարարությունը: 

«Ակնհայտ է, որ համավարակը էապես վատթարացնելու է տնտեսական ու ֆինանսական բոլոր համակարգերը, և  մենք ստիպված ենք լինելու մեր աշխատանքներում կատարել որոշակի վերանայումներ,- ասել է Ժիրայր Միրզոյանը:- Տևական ժամանակ լինելու է այդպես, քանի դեռ չեն վերացել համավարակն ու դրա հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամերը»:

Գյուղնախարարը նշել է, որ դեռևս 2018 թվականին,   երբ  ընդունվել է  գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը,  կառավարության գլխավոր նպատակներից մեկը  եղել է պարենային ապահովության և անվտանգության հարցը: Պետական քաղաքականության համար այն դարձել է գերակայություն, և հայեցակարգից բխող գրեթե բոլոր ծրագրերը միտված են եղել առաջին հերթին պարենային ինքնաբավության խնդրի լուծմանը: Անցած երկու տարվա ընթացքում, ըստ Ժ. Միրզոյանի,  հաջողվել է պարենային զամբյուղում հիմնական ապրանքատեսակների գծով հասնել ինքնաբավության, իսկ որոշ  ապրանքատեսակների՝ մասնավորապես՝ ցորենի, յուղատու և ընդեղեն մշակաբույսերի, որոշ պտուղների մասով արտադրել 2 և ավելի անգամ, քան սպառվում է Արցախում:

Թե ինչպիսին կլինի հետկորոնավիրուսային աշխարհը, ինչպիսին կլինեն ֆինանսական ու տնտեսական հարաբերությունները, թերևս ոչ ոք ասել չի կարող, և նման  պայմաններում  Արցախը  ստիպված է  պարենային ինքնաբավության շեմը չդարձնել նշաձող, այլ  ունեցած հողային ռեսուրսներն ու ամբողջ գյուղատնտեսական պոտենցիալն օգտագործել՝ առավել շատ արտադրանք  ստանալու համար:

Ցանքս է իրականացվել ավելի քան 93 հազար հեկտարի վրա, և  հացազգի մշակաբույսերից բացի,  ցանվել են նաև այլ կուլտուրաներ՝ եգիպտացորեն, ոլոռ, հնդկաձավար, կտավատ, ընդ որում՝ ներքին  պահանջները  կրկնակի, եռակի  անգամ գերազանցող չափով: Այս տարի բերքի տակ ունենք ավելի քան 71 հազար հեկտար աշնանացան ցորեն և գարի: Բանջարեղենի ցանքատարածքները նույնպես աճելու են, ունենալու ենք աննախադեպ քանակի գարնանացան. պլանավորվում է պետական աջակցության շնորհիվ ցանել մոտ 21 հազար հեկտար: Նախարարն ասել է նաև, որ օգտագործելու են ունեցած բոլոր ռեսուրսները՝ արտադրելու համար ավելի շատ գյուղատնտեսական մթերք:

«Արցախի  համար այս ցուցանիշներն աննախադեպ են  և, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, եթե հաջողվի  զերծ մնալ բնակլիմայական աղետներից, կարծում եմ՝ մեծ հնարավորություն ենք ունենալու նույնիսկ ՀՀ արտահանել բազմաթիվ տարբեր մշակաբույսերի բերք»,- ասել է գյուղնախարարը:

Անասնաբուծական մթերքների արտադրությունն Արցախում նույնպես մոտ է ինքնաբավության մակարդակին:

Պարենային ապահովության հետ կապված, ոլորտի պատասխանատուն  որևէ հիմք  չի տեսնում և հավաստիացնում է, որ Արցախում  առկա ռեսուրսներն ու հնարավորությունները լիովին բավարար  են և  ազգաբնակչության մոտ պիտի բացառվի պարենային ապահովության հետ կապված խուճապային տրամադրության ցանկացած դրսևորում: Չափից մեծ գնումներ կատարելու և սննդամթերք կուտակելու որևէ առիթ, նրա հավաստիացմամբ,  չկա:

Նախարարը  որոշ ապրանքատեսակների մասով  շուկայում գրանցված  գնաճը համարում է  չհիմնավորված. գնաճը  ենթադրելի է, այն տեղի է ունեցել խուճապի հետևանքով, քանի որ գնագոյացման գործընթացում արժեքի փոփոխություն տեղի չի ունեցել, և պաշարների առումով ևս որևէ դեֆիցիտ չկա: Խնդիրը պետք է լուծվի տնտեսական մրցակցության պաշտպանության կանոններին համապատասխան:

Ժ. Միրզոյանի դիտարկմամբ, 2020թ. գյուղատնտեսական տարվա համար  բարենպաստ մեկնարկային պայմաններ կան. տարվա սկզբին մտահոգություններ եղան, որ բնակլիմայական պայմանները չորային կլինեն, բայց վերջին ամիսների տեղումների քանակը լավատեսություն է ներշնչել: Վերջին օրերին հանրապետությունում գրանցված տեղումները գյուղատնտեսության ոլորտում էապես բարելավելու են իրավիճակը, մինչ այդ առկա էր ջրային ռեսուրսների կուտակման խնդիր:

Ցածր ջերմաստիճանը   նույնպես  որևէ էական վնաս գյուղոլորտին չի տվել:  Բարձրադիր գոտում ցրտահարվել են ծառերը, սակայն դաշտավարական մշակաբույսերին էական վնասներ չեն հասցվել:

Գյուղոլորտի պատասխանատուների մտահոգություններն  առավելապես պայմանավորված են կարկուտով, որն ամեն տարի լուրջ վնասներ է հասցնում. ձեռնարկվող միջոցառումներն առայժմ անարդյունավետ   են  գնահատվում, և գերատեսչությունը նոր, առավել արդյունավետ  միջոցների փնտրտուքների մեջ է: 

Ելնելով հակաճգնաժամային միջոցառումների իրականացման  անհրաժեշտությունից, գերատեսչությունը մշակվել է հինգ կետից բաղկացած լրացուցիչ աջակցությունների ցանկ:  

Ջեռուցման համակարգ չունեցող ջերմոցներին 2020 թվականից կտրամադրվի 2 մլն դրամ դրամաշնորհ, իսկ ջեռուցման համակարգ ունեցող ջերմոցներին տրամադրվող 2 մլն դրամը կդարձվի 4 մլն դրամ: Բանջարեղեն և կարտոֆիլ մշակելու համար 1 հա-ի դիմաց հողօգտագործողներին անհատույց տրամադրվող պետական աջակցության չափը (համապատասխանաբար՝ 200 և 150 հազ. ՀՀ դրամ) կմեծացվի՝ կազմելով 300 հազ. դրամ՝ ծրագրի մեջ ներառելով նաև լոբու մշակությունը:

 Բարձրադիր գոտիներում պտղատու այգիների հիմնման նպատակով ձեռք կբերվեն և հողօգտագործողներին անվճար կտրամադրվեն խառը պտղատեսակների տնկիներ (0.5-10 հա-ի համար): Բանջարեղենի և միամյա մշակաբույսերի մշակության նպատակով ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների տեղադրման համար համակարգի 100 տոկոսի չափով անտոկոս փոխառության փոխարեն, ծրագրից օգտվող հողօգտագործողներին համակարգի արժեքի 50 տոկոսը կտրամադրվի դրամաշնորհի տեսքով: Ոռոգման կաթիլային համակարգով բազմամյա տնկարկների մշակության համար անհատույց ֆինանսական միջոցներ (համակարգի արժեքի 70 տոկոսի չափով) կտրամադրվի նաև 0.5-ի հա չափով հողատարածքների համար:

Ասուլիսին ներկա էր նաև ԱՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը,  ով  հանդես է եկել  կորոնավիրուսի  համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում  իրականացված անհրաժեշտ միջոցառումների մասին: Նա տեղեկացրել է, որ ոլորտի պատասխանատուները սննդամթերքի շուկայում վերահսկողություն են իրականացնում. հետևում ցուցումների կատարմանը:

Ա. Ներսիսյանի խոսքով, ծառայությունը, առողջապահության նախարարության աշխատակիցների հետ համատեղ, մշակել է նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների ուղեցույցներ՝ հանրային սննդի օբյեկտների, արտադրամասերի և պարենային իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների պատասխանատուների համար: Ուղեցույցները  բաժանվել են հանրապետության սննդի շուկայում գործունեություն ծավալող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին: Զուգահեռաբար տրվել են նաև մեթոդական ցուցումներ: Վերահսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից կատարվող աշխատանքի ընթացքի նկատմամբ: Ստուգայցեր են կազմակերպվում նաև գյուղատնտեսական նշանակության շուկաներում:

Ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ ծառայությունն աշխատում է օպերատիվ ռեժիմով: Ստեղծվել են օպերատիվ արձագանքման խմբեր, որոնք աշխատում են շուրջօրյա ռեժիմով: Ծառայությունում գործում է 50-99 կարճ համարով թեժ գիծ, որին քաղաքացիները կարող են զանգահարել՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում որևէ խնդիր արձանագրելու դեպքում:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, Սուրբ  Զատկի տոնին  ընդառաջ, ծառայության կողմից ձվամթերքի շուկայում ստուգայցեր կկկազմակերպվեն, քանի որ այդ ժամանակահատվածում  ձվամթերքի պահանջարկով պայմանավորված   ռիսկեր են գոյանում: Ծառայության համապատասխան ստորաբաժանման մասնագետները անասնաբուժական կայանի աշխատակիցների հետ միասին հսկողություն են իրականացնում ձվամթերքի շուկայում ոչ միայն մակնշման, այլ նաև թարմությունը ճշտելու նպատակով: Դրան զուգընթաց՝ վերահսկողություն է իրականացվում նաև առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների շուկայում: