[ARM]     [RUS]     [ENG]

Քաղաքաշինություն՝ թագավարակի պայմաններում. կառուցե՞լ թե՞՝ ոչ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Կորոնավիրուսային  համավարակի պատճառով  Արցախում բոլոր գերատեսչությունները ստիպված են եղել վերանայել իրենց քաղաքականությունը, ծրագրերը, առաջնահերթությունները:

Ինչպիսի՞ն է իրավիճակը քաղաքաշինության ոլորտում, փոխվե՞լ են, արդյոք,  մինչկորոնավիրուսային առաջնահերթությունները, հսկայածավալ շինարարությունը, որ նախանշված էր իրականացնել ընթացիկ տարվա մեջ, կկասեցվի՞, թե՞ կընթանա ըստ պլանի: Այս և այլ հարցերի  պատասխանել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

-Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ, աննախադեպ իրավիճակ է տիրում՝ կապված  համավարակի  և արդեն շատ երկրներում նրա տարածվելու հետ:   Այս պահի դրությամբ մեր ծրագրերի շրջանակը շատ չենք փոփոխել: Ճիշտ է,  նոր օբյեկտների մասսայական շինարարություն դեռ չենք սկսել,  աշխատում ենք փոխանցվող  և մի քանի  անհետաձգելի նոր օբյեկտներում:  Որոշակի հապաղումը պայմանավորված է ինչպես թագավարակի,  այնպես էլ, ըստ եռամսյակների, բյուջետային բաշխվածության գործոնով: Պետք է ասել, որ դա  մեզ չի խանգարում, որ  առաջին, երկրորդ եռամսյակում կայացնենք նոր օբյեկտների կառուցման մրցույթները, բնականաբար, այնտեղ նշելով  և՜ գնման, և՜ վճարման ժամանակացույցերը: Այսինքն՝ կարող ենք մրցույթները կայացնել առաջին եռամսյակում, աշխատանքերը սկսել երկրորդում, երրորդում  կամ չորրորդում:

Սակայն,  հաշվի առնելով տիրող իրավիճակը,  լուրջ քայլեր չենք ձեռնարկում նոր օբյեկտներ սկսելու առումով, չիմանալով, թե  ինչ է սպասվում առաջիկայում. կարող է  ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ շինարարության մեջ  ներգրավված ռեսուրսները   վերաբաշխվեն այլ առաջնահերթությունների միջև:

 Բացի այդ,   ինչպես գիտեք, Արցախում ավարտվել են ընտրական գործընթացները՝ ընտրվել է նոր նախագահ,  պետք է ձևավորվի Ազգային ժողով,  նոր կառավարություն,  ինչն իր հերթին  բյուջետային ծրագրերի նոր վերադասավորումների կարող է բերել:  Այս գործընթացները ավարտվելուց հետո  կմտնենք  կյանքի և գործունեության բնականոն հուն՝ անկախ նրանից, ավարտված կլինի՞  համավարակը, թե՞ դեռ կշարունակվի: Այդժամ, իրավիճակից ելնելով, կուրվագծվեն  հետագա անելիքները:  

 Այս պահի դրությամբ բոլոր փոխանցվող օբյեկտներում աշխատանքներն ընթանում են, ֆինանսավորման գործընթացը ևս կազմակերպվում է  բնականոն եղանակով,   նախատեսված գումարները փոխանցվում են  ըստ ժամանակացույցի, և  դրան  խոչընդոտող հանգամանքներ  չկան:

-Կորոնավիրուսի պատճառով ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարվել, մեզ մոտ՝ արտակարգ իրավիճակ, որոնք ենթադրում են որոշակի սահմանափակումներ: Այդ ամենը բացասական ազդեցություն չի՞ ունենում ոլորտի գործունեության վրա:

- Անհնար է, որ չազդի: Այս պահին որոշակի  խնդիրներ կան զուտ  ապրանքների  ներմուծման մասով, քանի որ Հայաստանում ինչ որ տեղ դժվարացել է  շինանյութերի ներմուծումը և  համապատասխան խմբաքանակներ չեն ապահովվում:  Հաշվի առնելով, որ ընթացիկ տարվա շինարարությունը դեռ  մեծ թափով չենք սկսել, Արցախում առկա շինանյութերի քանակը դեռևս  բավականացնում է:  Բայց նման իրավիճակի երկար շարունակվելու դեպքում, այստեղ ևս խնդիրներ են առաջանալու:

Քանի որ Արցախում, շինարարության բնագավառում Սյունիքից, Վայոց ձորից մեծ քանակությամբ աշխատուժ է ներգրավված,  ՀՀ- ում արտակարգ դրության և մեզ մոտ արտակարգ իրավիճակով պայմանավորված տեղաշարժի  սահմանափակման,  մեկուսացման կամ ինքնամեկուսացման որոշումները  բացասաբար են անդրադառնում շինարարական պրոցեսների վրա:

-Մեր դիտարկումներով,  շինանյութերի շուկայում որոշ ապրանքատեսակների թանկացումներ են արձանագրվել, չնայած  բեռնափոխադրումների   սահմանափակում չկա:  Ձեր մեկնաբանությունը:

-Այո, կա նման տենդենց: Դրանք այն  նյութերն են, որոնց մի մասը ներմուծվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից. ինչպես նշել եմ՝  խմբաքանակի կրճատումներ, այնուամենայնիվ, եղել են, ինչից  ելնելով շուկայում որոշակի դեֆիցիտ է առաջացել, ինչն էլ բերել է նման իրավիճակի:  Բայց մեր՝ պետական տեղեկագրում շինանյութերի ոչ մի թանկացում չի նախատեսվել: Ինձ թվում է, դա ժամանակավոր  է, և մոտ ապագայում  գները կկարգավորվեն: 

-Կներկայացնե՞ք, թե այս պահին ինչ աշխատանքներ են  իրականացվում  հանրապետության տարածքում Քաղաքաշինության նախարարության կողմից:

- Բնակավայրերի ջրամատակարարման ծրագրերն  առաջնահերթությունների շարքում են: Այս պահին դրանք  ընթանում են Իվանյան համայնքում,  ծրագիրն առաջիկայում  կսկսվի  Խնածախում:   Ասկերան քաղաքի  ջրատարի   վերջին հատվածը ևս կկառուցվի այս տարի:  Նախատեսում ենք  սկսել նաև Հաթերքի ներքին ջրատար ցանցի կառուցումը (արտաքին ցանցն արդեն պատրաստ է), Միջնավանի, Չլդրանի,  Նոր Վերինշենի, Դադիվանքի,  Զուարի բնակիչները ևս կունենան խմելու մշտական ջուր:   Սրանք այն ծրագրերն են, որոնք, ըստ պլանի, իրականացվում են և, կարծում եմ, չեն հետաձգվի, եթե նույնիսկ խնդիրներ առաջանան, քանի որ ջրամատակարարումը կենցաղային ամենահրատապ խնդիրներից է:

Փողոցների բարեկարգման աշխատանքներ են ընթանում Ստեփանակերտում և շրջաններում: Զգալի աշխատանքեր ենք կատարելու մայրաքաղաքում. այս տարի կավարտենք նոր Արմենավան թաղամասի, Ժամացույցների գործարանի հարակից տարածքի՝ Մ. Շահինյան, Առուշանով, Փաշաև փողոցների  բարեկարգումը: Մարտակերտ քաղաքի մուտքի ճանապարհն ենք ավարտելու, նաև՝ Մարտակերտում  տեղակայված զորամաս տանող ճանապարհը, որը ևս շատ կարևոր է:

Բարեգործական ծրագրերով սկսվել է Հադրութ քաղաքի հանդիսությունների տան շինարարությունը. սա նպատակային ծրագիր է, իրականացվում է  <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի խողովակներով:

-Թագավարակով պայմանավորված՝ բարեգործական ծրագրերի նվազման դինամիկա կա՞, թե՞ չէ:

-Բարեգործական ծրագրերի ծավալներն, ընդհանուր առմամբ, գնալով փոքրանում են: Վերը նշված՝ Հաթերքի, Միջնավանի,  Չլդրանի, Դադիվանքի ջրատար ներքին ցանցերի կառուցումը հենց  բարեգործական ծրագրերի շրջանակներում է իրականացվում՝ <<Հայաստան>> հիմնադրամի խողովակներով:   Դրանց  մրցույթներն արդեն կայացած են, պայմանագրերը՝ կնքված:  Հիմնադրամի ծրագրով Թաղասեռի, Մարաղայի մանկապարտեզներն ենք կառուցում:

-Քաղաքաշինության նախարարությունն ունի ռազմավարական ճանապարհների բարեկարգման, դպրոցների կառուցման ու վերակառուցման  նախագծեր: Սստեղծված պայմաններում դրանց  կենսագործումը իրատեսակա՞ն եք համարում:

- Կան ռազմավարական նշանակության մի քանի նախագծեր: Առաջիկայում պարզ կլինի, թե ինչ ժամանակացույցով ենք դրանք իրագործելու:  Ռազմավարական ճանապարհներից մեկի՝ Հադրութ- Կապան  136 կմ մայրուղու   կառուցումը նախատեսվում է Մեխակավան համայնքի զարգացման ծրագրի շրջանակներում: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից նախագծերը մշակվում են,  կազմվում է Մեխակավան  համայնքի ընդհանուր հատակագիծը: Այդ նախագծերը կազմելու համար նախապատրաստական նյութերի հավաքագրում է կատարվում համապատասխան կառույցների միջոցով :

Այս տարի  դպրոցաշինության ծրագրեր ևս ունենք, բայց  դրանց շինարարությունը  դեռ   կհապաղի,  մինչև կողմորոշվենք իրավիճակում:

Կորոնավիրուսի ի հայտ գալով որոշ  չնախատեսված  աշխատանքեր ենք սկսել. այս պահին ընթանում է  Շուշիի հիվանդանոցի մի  մասնաշենքի կապիտալ վերանորոգումը, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատվերով կապիտալ վերանորոգում ենք պետական պահուստի   նոր պահեստ, հանրապետության շրջաններում, սահմանված տեղերում  տեղադրել ենք հսկիչ կետեր՝ հիվանդության կանխարգելման  միջոցառման շրջանակներում: