[ARM]     [RUS]     [ENG]

՛՛ԱՌԱՆՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱՅԱՆԱԼ՛՛

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 

՛՛Երվանդ Աբրահամյանի մասին պիտի խոսեմ հանդարտ և, մանավանդ, ստույգ…՛՛

Մաքսիմ Հովհաննիսյան

Բազմավաստակ գյուղատնտես, 87-ամյա Երվանդ Աբրահամյանը հարգված ու սիրված  է ոչ միայն Մեծ Թաղերում, այլև ողջ Հադրութի շրջանում։  Ինչո՞վ բացատրել նման վերաբերմունքը։ Անկասկած, տարբեր բնագավառներից նրա խոր գիտելիքների իմացության, իր գործի և մարդկանց հանդեպ բարիացակամ և սրտացավ վերաբերմունքի, կյանքում և ապրելակերպում ազնիվ ու հասարակ պահվածքի, մարդկային ու մասնագիտական այլ արժանիքների համար։

Երվանդ Աբրահամյանն իր կնոջ՝ Նինա Աբրահամյանի հետ համատեղ հեղինակել են մի քանի մասնագիտական գրքեր՝ <<Արցախյան դեղաբույսերը>>, <<Մենք և մեր բնաշխարհը>>։ Ծննդով տումեցի՝ նա ողջ գիտակից կյաքն ապրել է Մեծ Թաղերում։ Տարիներ առաջ նա հեղինակեց <<Մեծ Թաղեր>> պատմական գիրքը։

Չնայած պատկառելի տարիքին, կողակցի՝ Նինայի հետ, մինչ այսօր տնամերձ հողամասում աճեցնում է զանազան բանջարաբոստանային կուլտուրաներ, իսկ  այգում աճում են բազմաթիվ խնամված բրատու ծառեր£ Ամեն ինչ, բացի ցորենից, նա ստանում է  սեփական հողամասից։ Համոզված է, որ մարդ արարածը հենց այդպես էլ պետք է ապրի՝ անհրաժեշտ մթերքը ստանա սեփական ձեռքերով աճեցրածից։

Տարեց զույգը հյուրընկալ իր տանը անթաքույց ուրախությամբ ընդունեց մեզ։ Առաջարկեցին սեփական բաղադրությամբ պատրաստած սոյայով թեյը, սոյայի կաթից ստացած մածնից պատրաստած սպասը /թանավը/։ Հետո ըմպեցինք դեղաբույսերով թրմված թեյ՝ մասուրի մեղրով և ձմերուկի հյութից պատրաստած դոշաբով։

Դեռ այցի բուն թեմային չհասած, տարեց վարպետը՝ իրեն բնորոշ սրտացավությամբ, բոլորին հուզող թեմային անդրադարձավ. <<Հենց հեռուստացույցը միացնում ես, բոլորը նոր կորոնավիրուսի մասին են խոսում։ Բացատրում են, թե մարդ ինչպես պիտի պահի իրեն։ Բայց ոչ մեկը չի խոսում, թե ինչ կարելի է ընդունել ներս, որպեսզի կանխի վարակն ու չհիվանդանա>>։ Բնականաբար, նրան խնդրեցի խորհուրդներ տալ՝ չարաբաստիկ վիրուսով չվարակվելու համար։ Բազմափորձ գյուղատնտեսը երեք խորհուրդ տվեց, ինչի մասին էլ կարևոր եմ համարում կիսվել ընթերցողի հետ։

Ամեն օր կանաչ սխտորի մի թև պետք է ծամել ծամոնի պես, հյութը դանդաղ կուլ տալ, փորձելով որոշ ժամանակ պահել կոկորդում, մնացած զանգվածը թքել։ Սխտոր ուտելն էլ է օգտավետ, համաձայնում է մասնագետը, բայց դանդաղ ծամելն ու մի քանի ռոպեների ընթացքում կոկորդը ողողելը լրիվ այլ ազդեցություն է ունենում.  կոկոդում հավաքվող մանրեները հրաշալիորեն մանրեազերվծում են։ Եթե սեփական այգի ունեք, և այնտեղ բուսնում է ծիծեռնակախոտը, ապա օրը մեկ տերև նմանապես ծամելը նույն մանրեազերծման գործ է կատարում։ Հաջորդ խորհուրդը. օրվա ընթացքում քանի անգամ թեյ եք խմում՝ 1-2 թեյի գդալ խնձորի քացախով և մեղրով։ Այս երեք խորհուրդին հետևելը, համոզված է նա, հնարավորություն կտա թե հեռու մնալ վիրուսից, թե վարակվելու դեպքում շուտ ազատվել դրանից։

Արցախում գյուղատնտեսության զարգացման մասին խոսելիս, Երվանդ Աբրահամյանը խորին համոզմունքով ասում է. <<Խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը զարգացած գյուղատնտեսություն ուներ։ Ինչպես այն ժամանակ, այնպեսլ էլ հիմա Արցախը զարգացած գյուղատնտեսությամբ պետք է առաջ գնա։ Առանց գյուղատնտեսության ինտենսիվ զարգացման երկիրը չի կարող կայանալ>>։

Ճիշտ է, համաձայնում է նա, Խորհրդային իշխանության ժամանակ հեշտ էր հողը մշակել, քանի որ գործում էին կոլեկտիվ տնտեսություններ, այսինքն՝ հողերը միասնական ուժերով էին մշակվում։ Հիմա հողը բաժանվել է գյուղացիների միջև, և յուրաքանչուրն իր ուժերի ներածին չափով է մշակում այն։ Այստեղից էլ, համոզված է բազմավաստակ գյուղատնտեսը, առաջացել են շատ խնդիրներ։ <<Այն ընտանիքները, որոնք շատ թե քիչ ապահով էին, ինչ-որ գյուղտեխնիկա, աշխատուժ ունեին,- բացատրում է նա,- կարողացան ոտքի կանգնել, հողը լավ մշակել ու լավ բերք ստանալ։ Սակայն փոքր հողամասերի տերը, չունենալով այդ հնարավորությունները,  զանազան դժվարությունների առաջ կանգնեցին։ Չեմ թվարկում դրանք, բոլորս էլ գիտենք։ Բայց ուզում եմ հորդորել նրանց՝ միանալ իրար հետ, թեկուզ փոքր, բայց կոոպերացիաներ ստեղծել և միասնական ուժերով հող մշակել։ Երկար տարիներ տարբեր կոլեկտիվ տնտեսություններում գյուղատնտես եմ աշխատել, հարուստ փորձ ունեմ։ Հող մշակելը մեկ մարդու գործ չէ։ Հողը սիրում է միասնական, կազմակերպված աշխատանք։ Այդպես  մարդիկ և հարուստ բերք կարող են ստանալ, և իրար հանդեպ առավել բարյացակամ, հանդուրժող լինել։ Վերջին 20-25 տարիների ընթացքում հաճախ եմ լսում ու ցավ ապրում, թե ինչպես են մի գյուղի, թեկուզ և հարևան գյուղերի, բնակիչները հողը ջրելու, մշակելու, բերքը հավաքելու պատճառով թշնամաբար տրամադրվում իրար հանդեպ, անգամ դիտավորյալ վնաս են  պատճառում։

Տարեց գյուղատնտեսը խորին ցավով է խոսում գյուղատնտեսության արդի խնդիրների մասին, բայց և լավատեսությամբ է նայում ապագային։ <<Իմ միակ կոչը, հորդորը հետևյալն է,- լուսավորված հայացքով ասում է նա,- իմ սիրելի ու հարգելի գյուղացիներ, միացրեք ձեր ջանքերը, դեռ ուշ չէ, միասնական ուժերով մշակեք հողը, և այն հարյուրապատիկ վարձահատույց կլինի>>։

Մենք էլ բարձր տրամադրությամբ հեռացանք Երվանդ և Նինա Աբրահամյանների հյուրընկալ օջախից։

Հոդվածն ուզում եմ ավարտել հայտնի գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի խոսքերով, ով, ի դեպ, Ե. Աբրահամյանի <<Մեծ Թաղեր>> գրքի խմբագիրն է և նախաբանի հեղինակը։ <<Ի՞նչն է զարմացնում։ Ինքս ինձ հարց տամ ու զարմանքով բացականչեմ՝ որտեղի՞ց գյուղական ագրոնոմի այս անսպասելի խորագետ գիտելիքները, երկրագիտության, երկրաբանության, հնեաբանության, պատմագրության և չգիտեմ էլ որ բնագավառների մասին հանրագիտարանային գիտելիքները։ Զարմանքի հաճույք ես զգում այն մտքից, թե ինչպես ամբողջ կյանքը գյուղական նեղ միջավայրում ապրած այս մարդը կարողացել է նախ՝ իր համար բացահայտել կյանքի գեղագիտական արժեքները և ապա մեզ մատուցել գրողի հմտությամբ։ Ու այդ ամենը շաղախվում և միաձուլվում են ոչ այնքան նյութի նկատմամբ սիրահարվածությամբ, որքան՝ հեղինակի նվիրվածությամբ նյութին։ Ասենք՝ որդիական նվիրվածությամբ>>։