Log in

ԱՐՑԱԽՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

sssssssss.jpg Սեպտեմբերի 13-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նիստերի դահլիճում նախարար Անդրանիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում խաղողագործության ոլորտի ներկայացուցիչների հետ: 

Հանդիպումը նպատակ էր հետապնդում համատեղ քննարկել ոլորտի առջև ծառացած խնդիրները և փորձել գտնել համապատասխան լուծումներ, ինչպես նաև ուղիներ`  խաղողագործության հետագա զարգացման համար։ 
Ողջունելով ներկաներին` Ա. Խաչատրյանը նշեց, որ խաղողագործությունը երկար տարիներ Արցախում եղել է ժողովրդական տնտեսության ավանդական ճյուղ, ինչը, սակայն, վերջին տարիներին չի առանձնացել զարգացման դինամիկայով: 
- Ներկայումս այս ոլորտի զարգացման խնդիրը երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Մենք պատրաստ ենք լսել ձեր առաջարկներն ու նկատառումները, ինչպես նաև ներկայացնել խաղողագործության զարգացման մեր տեսլականի հետ կապված նկատառումները,- ասաց Անդրանիկ Խաչատրյանը` հավելելով, որ նախատեսվում է 2014 թվականից պետական աջակցության ծրագրերում ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ծրագրերի շրջանակներում հատուկ ուշադրություն և օժանդակություն ցուցաբերել խաղողագործներին` արտոնյալ վարկավորման, վերամշակման համար սարքավորումների տրամադրման և այլ արտոնությունների տեսքով: Նախարարը ներկաներին իրազեկեց, որ վերջերս ՀՀ կատարած իր այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Հայաստանի գինեգործության և խաղողագործության ոլորտների ներկայացուցիչների և պատասխանատուների հետ, որոնց ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել բերքի իրացման, մասնագիտական խորհրդատվության, փորձի փոխանակման և այլ խնդիրների շուրջ համագործակցության մասին: Ա. Խաչատրյանն  անդրադարձավ  այն հանգամանքին,  որ առկա  խնդիրներից են մթերատվությունն ու բերքի  իրացումը,  հավելելով, որ ներկայումս  ընթացքի  մեջ  են մթերող կազմակերպությունների  հետ տարվող  բանակցությունները` կապված խաղողի մթերման գնի վերանայման հետ: Նշվեց նաև, որ հայաստանյան գինեգործության  ոլորտը ներկայացնողներն առանձնակի  ուշադրություն  են ցուցաբերում Արցախում ավանդական  խնդողնի խաղողատեսակի  նկատմամբ և պատրաստ են ձեռք բերել նրա բերքն ու կազմակերպել տեղափոխումը, ընդ որում, միանգամայն ձեռնտու  գներով, մինչդեռ, ինչպես  ցույց  են  տալիս  ուսումնասիրությունները,  այն  աստիճանաբար  դուրս  է  մղվում։ Այս և այլ խնդիրների (ինչպես, օրինակ, պետական ծրագրերին մշտապես  հաղորդակից   և մերձ լինելը) լուծման  համար նպատակահարմար է ստեղծել խաղողագործների  ասոցիացիա, ինչը  կհամախմբի  խաղողագործներին և թույլ կտա նրանց նկատելի ազդեցություն ունենալ բնագավառի հետագա զարգացման վրա, ընդհանրացնել և կառավարությանը ներկայացնել առկա խնդիրները:
Շահագրգիռ և բուռն քննարկումների արդյունքում ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնցից կարելի  է հիշատակել Մարտունու  շրջանում սեփականաշնորհված խաղողայգիների մի մասի հետագա ճակատագրի անորոշությունը, որոշ  խաղողատեսակների դուրս մնալը մշակումից, վնասատուների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման  անհրաժեշտությունը, մթերման գինը, մթերող գործարանների սակավազորությունը, կարկտահարությունը և դրա  հետ կապված որոշակի  արտոնությունների տրամադրման անհրաժեշտությունը, որոշ  տեղերում հակակարկտային կայանների  և  բարձրորակ  տնկիների  բացակայությունը:              
Անդրանիկ Խաչատրյանը նշեց, որ համայնքի վարչական տարածքում գտնվող սեփականաշնորհված, վարձակալված և պահուստի հողատարածքներում գտնվող` կարկտահարությունից տուժած  խաղողայգիների տերերը, որպես պետական աջակցություն, երկու տարի ժամկետով ազատվում են հողի հարկից և վարձավճարից: Նրանք նաև փոխհատուցում կստանան` մեկ հա-ի դիմաց 100 հազ. դրամ։
Նախարարը խաղողագործներին առաջարկեց ստեղծել տնկարան, հավաստելով, որ դրա համար  նախարարությունն  անհրաժեշտության  դեպքում կցուցաբերի անհրաժեշտ  օժանդակություն: Առաջարկությունը միահամուռ հավանության արժանացավ: 
- Դուք ինքներդ որոշեցեք, թե ով կզբաղվի այդ գործով, և հանդես եկեք առաջարկությամբ, իսկ մեր կողմից էլ կհաջորդի հետագա անհրաժեշտ օժանդակությունը, այդ թվում նաև` լավագույն սորտերի տնկիների ներկրման կազմակերպումը: 
Հանդիպման վերջում քննարկվեցին խնդիրներ` կապված խաղողագործության բնագավառում ապահովագրության ներդրման, հակակարկտային պաշտպանության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, խաղողի բերքի մթերումից զատ, նաև բերքի վերամշակման զարգացման նպատակով արտերկրից լավագույն մասնագետների և տեխնոլոգների հրավիրման և ժամամակակից սարքավորումների ներկրման հետ։  
- Ճիշտ և սրտացավ մոտեցում,  և ձեր առջև կբացվի անսահմանափակ շուկան,-  եզրափակեց Անդրանիկ Խաչատրյանը: 
 
ԼՂՀ գյուղատնտեսության 
նախարարության տեղեկատվության,  հասարակայնության հետ կապերի  և համակարգչային սպասարկման բաժին