Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙԱՅՍ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ԵՆ ԹԵ՜ ԱՐՑԱԽԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԹԵ՜ ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ԹԵ՜ ՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ՚

7878.jpgՙՎալլեքս՚ խմբի ընկերությունների մեջ մտնող ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահագործում է երկու` Դրմբոնի ստորգետնյա եւ Կաշենի բաց հանքավայրերը:  
Հարցազրույց ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ հետ:
-Պարոն Մկրտումյան, արդեն ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ շահագործվում է Դրմբոնի պղինձ-ոսկու հանքը: Այս պահի դրությամբ ինչքա՞ն պաշար է մնացել:
- Հանքը շահագործվում է 2002թ.-ից, ընդհանուր հաստատված պաշարը եղել է 3,2 մլն տոննա, ներկա դրությամբ մինչեւ 3 մլն տոննա արդյունահանվել է: Դա նշանակում է, որ գործ ունենք 150-200 հազար տոննա մնացորդի հետ: Մեր պատկերացմամբ եւս 1-1,5 տարի աշխատելուց հետո պաշարները կսպառվեն:
 Ներկա դրությամբ մեկ ամսվա ընթացքում արդյունահանվում է մոտավորապես հինգ անգամ պակաս հանքաքար, քան նախկինում: Այսինքն, եթե նախկինում մեկ ամսում արդյունահանում էինք մինչեւ 30 հազար տոննա հանքաքար, ներկայումս այն կազմում է 6000տ: Բացի քանակի անկումից, լուրջ անկում կա նաեւ մետաղի պարունակության հետ կապված. ոսկու պարունակությունն իջել է մոտ 2,5-3 անգամ: Սա բնական երեւույթ է, որովհետեւ բոլոր հանքավայրերի պաշարներն ինչ-որ ժամանակ գնում են մարման եւ, իհարկե, նախատեսված էր ե՜ւ ոսկու, ե՜ւ քանակի նվազումը: Կարելի է ասել, որ հանքը գնում է պլանային մարման:
- Այսօր հակասական տեղեկություններ կան աշխատատեղերի կրճատման վերաբերյալ: Ինչքանո՞վ է դա իրականությանը համապատասխանում, իսկ եթե կա, ապա ինչի՞ հետ է կապված:
-Դրանք, բնականաբար, իրականությանը չեն համապատասխանում, մենք գործ ունենք կենսաթոշակառուների ազատման հետ, այսինքն` բոլոր նրանց, ում տարիքը 63 եւ ավելի է: Սակայն, ինչպես նշեցի, Դրմբոնի հանքի պաշարները նվազել են հինգ անգամ եւ, բնականաբար, մեզ մոտ պիտի նույնչափ կրճատվեր աշխատակազմի քանակը: Իսկ մեզ հաջողվել է չնվազեցնել այն, եւ սա կատարվել է ի հաշիվ տեղափոխումների: Մարդկանց հանել ենք հանքից, որովհետեւ նրանց կարիքը չկա, եւ ցրել մեր մյուս ստորաբաժանումներում: Այսօր մեզ մոտ` Դրմբոնում եւ Կաշենում, կա 1270 աշխատակից, ընդհանրապես մեր աշխատակիցների քանակը միշտ տատանվել է 1150-1200-ի  սահմաններում: 
- Կաշենի հանքավայրում ինչպե՞ս են ընթանում աշխատանքները:
- Այս պահի դրությամբ Կաշենի հանքավայրի աշխատանքների ընթացքը գերազանց է, որովհետեւ ավարտում ենք կապիտալ մակաբացման 7մլն-նոց ծավալները, այսինքն` այս ամսվա արդյունքներով կավարտենք 7 տոննա դատարկամբարի մակաբացումը եւ սահուն կանցնենք հիմնական՝ մայր հանքի կապիտալ մակաբացման աշխատանքներին, որը ենթադրում է առաջիկա երկու տարում եւս 3 մլն տոննա դատարկամբարի արդյունահանում: Դրան զուգահեռ մենք արդեն իսկ բացել ենք 1,1 մլն տ  ապրանքային հանքաքարի պաշար, որը 24-ժամյա ռեժիմով օրական 1700-2000տ տեղափոխվում է Դրմբոն` վերամշակման, իսկ մեծ բացահանքի մակաբացման արդյունքում առաջին փուլում  կունենանք եւս 2 մլն տոննա եւ մի փոքր ավելի արդյունաբերական նշանակության հանքաքար: 
- Ի՞նչ մետաղ է պարունակում Կաշենի հանքավայրը եւ քանի՞ տարվա աշխատանքի ճակատ կա:
- Կաշենում հաստատված պաշարներն այսօրվա դրությամբ մոտ 55-56 մլն տ է: Իսկ կառուցվելիք լեռնահարստացուցիչ ֆաբրիկան հնարավորություն կտա աշխատելու առնվազն 25 եւ ավելի տարիներ: Հանքի հիմնական մետաղը պղինձն է, իսկ ստորին շերտերում կա նաեւ մոլիբդենի պաշար: Սա արդեն նշանակում է, որ Ղարաբաղում, մասնավորապես՝ Մարտակերտի շրջանում, այսօր արդեն մենք գործ ունենք մի խոշոր հանքավայրի հետ, որը հնարավորություն է տալիս մի քանի տասնամյակ աշխատելու, չնայած, հուսով ենք, որ առաջիկա 2-3 տարիներին երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում, որը ներկայումս էլ շարունակվում է, այս պաշարներն զգալիորեն կավելանան: Սա երեւի թե ամենակարեւոր ձեռքբերումն է ե՜ւ Ղարաբաղի տնտեսության, ե՜ւ մեր ընկերության, ե՜ւ հատկապես շրջանի համար:  
- Ներկա պահին քանի՞ աշխատող ունի Կաշենը: 
- Ներկայումս Կաշենում աշխատում է մոտ 350 աշխատակից, իսկ աշխատանքներն իրականացվում են 24-ժամյա ռեժիմով: Աշխատակիցների կազմը հիմնականում ձեւավորվել է շրջակա բնակավայրերից:  Ապագայում, ֆաբրիկայի կառուցման հետ զուգահեռ, աշխատակիցների թիվը կավելանա մինչեւ 1000-1200 մարդ: Մեր մասնագետների մեծ մասը եթե նախկինում հիմնականում Հայաստանի Հանրապետությունից էր, ապա այսօր տեղացիներ են: Եվ ողջունելի է, որ տեղի բնակիչներն իրենց զավակներին ուղարկում են այս ոլորտի ուղղությամբ մասնագիտացում ստանալու: Սա նշանակում է, որ մարդիկ այստեղ տեսնում են ե՜ւ իրենց, ե՜ւ զավակների ապագան. սա արդեն մեծ ձեռքբերում է: 
Կաշենում աշխատանքներն իրականացվում են նույն ձեռագրով, ինչ որ Դրմբոնում, մասնավորապես ընկերությունը բոլոր աշխատողներին տրամադրում է ե՜ւ տրանսպորտ, ե՜ւ սնունդ, իսկ հեռավոր տեղերից եկածներին` նաեւ գիշերելու հնարավորություն: Այստեղ գործում է նաեւ 24-ժամյա բուժծառայություն: 
Վերջին վեց ամիսների ընթացքում իրականացվել է 60-80կմ ընդհանուր երկարությամբ տարբեր ճանապարհների շինարարություն եւ ընկերության միջոցներով կապիտալ վերանորոգման են ենթարկվել Մարտակերտը Սարսանգի ավազանին կապող երկու ճանապարհները` Մարտակերտ-Կուսապատ-Դրմբոն եւ Մարտակերտ-Ճանկաթաղ-Չլդրան-Դրմբոն: Վաղուց շահագործման է հանձնված նաեւ Վարդաձոր և Ճանկաթաղ գյուղերը կապող ճանապարհը: Հանքավայրը նախագծով ունի 500 մետր սանիտարական գոտի, որտեղ առկա են եղել բնակելի տներ, եւ որպես փոխհատուցքում Վարդաձորի դպրոցի հարեւանությամբ տարածք է հատկացվել ու կառուցվում են 3 եւ 4-սենյականոց բնակարաններ, նախատեսված բոլոր կոմունիկացիոն հարմարություններով, նաեւ առանձին անասնագոմերով:
- Որո՞նք են  ընկերության առաջիկա ծրագրերը:
- Այսօր Դրմբոնի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան աշխատում է երկու անգամ ավելի հզորությամբ, քան նախկինում, որովհետեւ մշակվում է նաեւ Կաշենի հանքաքարը` ամսական մոտ 50-55 հազար տոննա ծավալով: Այսպես կշարունակվի մինչեւ Կաշենում կկառուցենք ժամանակակից մեծ լեռնահարստացուցիչ ֆաբրիկա, որը ենթադրում է 100-150 մլն դոլար ներդրում:
 
Հարցազրույցը վարեց
Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆԸ