[ARM]     [RUS]     [ENG]

Ագրարային կրթությունն Արցախում որակապես նոր մակարդակ տեղափոխելն առաջնահերթ է. Գրիգորի Մարտիրոսյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանին:

Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել ՀԱԱՀ և Արցախի կրթական ոլորտի միջև համագործակցությունը՝ ընդգծելով այդ ուղղությամբ ավելի բարձր նշաձող սահմանելու անհրաժեշտությունը: Արցախի տնտեսության գերակա ճյուղ հանդիսացող գյուղատնտեսության զարգացման համատեքստում պետական նախարարը շեշտել է ագրարային որակյալ կրթությունն ապահովելու հրամայականը՝ այդ հարցում ակնկալելով ՀԱԱՀ-ի գործուն մասնակցությունը: «Ագրարային երկրին այսօր անհրաժեշտ է այնպիսի կրթահամակարգ, որը դաշտ կբերի գրավիչ ու մրցունակ մասնագիտություններ: Մենք աշխատում ենք ագրոմասնագիտությունների գրավչության ուղղությամբ, մեր սպասելիքները մեծ են հատկապես միջին մասնագիտական օղակի կայացումից, ինչը, համոզված ենք, կապահովի մասնագիտորեն ճիշտ կողմնորոշված, ասել է թե՝ երկրի զարգացումն ապահովող երիտասարդ կադրերով»,- իր խոսքում նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանը պատրաստակամություն է հայտնել սերտացնել համագործակցությունը կրթության և գյուղատնտեսության ոլորտների հետ: Տեղերից ստացված առաջարկների հիման վրա առաջիկայում ՀԱԱՀ-ն իր ներդրումն է ունենալու Բերձորի գյուղատնտեսական քոլեջի կայացմանը, որն իր դռները բացելու է 2020 թվականի ուսումնական տարում, փոխանցելու է գինեգործության բնագավառում ունեցած հարուստ փորձը պետական ու մասնավոր հատվածին, շարունակելու է Արցախում ագրոճամբար հիմնելու աշխատանքները:
Հանդիպման ավարտին ՀԱԱՀ ռեկտորը պետական նախարարին է հանձնել համալսարանի կողմից թողարկված առաջին ագրարային հանրագիտարանը:
Հանդիպմանը մասնակցել են կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը: