[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստը

 

 

 

Հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին:

Մինչ նիստի աշխատանքները սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը:

Բացելով նիստը՝ ՀՀ ԱԺ նախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ ուղիղ երեսուն տարի առաջ այս օրերին Բաքվում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ տեղի էին ունենում հայերի ջարդեր։ Խոսելով Ադրբեջանական իշխանությունների հայատյացության մասին՝  խորհրդարանի ղեկավարը երևան է հանել դրանց պատմական շարունակականությունը՝ նշելով 1905-ին և 1918-ին Բաքվում, այնուհետև Սումգայիթում, Կիրովաբադ-Գանձակում, Մարաղայում իրականացված ջարդերը,  Ադրբեջանական իշխանությունների կողմից հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, 2016 թվականի ապրիլին Թալիշում քաղաքացիական անձանց սպանությունը։

«Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, դրանց պարբերական բնույթը, կրկնությունը մեկ դարի ընթացքում երեք անգամ, դրանց նախորդած և հաջորդած հակահայ քաղաքականության մյուս դրսևորումները անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը Ադրբեջանի սուվերենության ներքո։ Ըստ այդմ՝ Արցախի հայության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը արցախցիների այդ իրավունքների իրացման երաշխավորն է»,- վերահաստատել է Արարատ Միրզոյանը։

Ողջունելով ներկաներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Ղուլյանը 1990թ-ի հունվարին Բաքվում տեղի ունեցածը որակել է  կազմակերպված հանցագործություն մարդկության դեմ:

«Այդ գործողությունները մաս էին կազմում 1988 թվականին ազատության համար պայքարի ելած Արցախի հայությանը ճնշելու ամբողջական քաղաքականության, որ դրսևորվել է 1988 թվականի փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին՝ Գանձակ-Կիրովաբադում, 1990 թվականին՝ Բաքվում»,- հիշեցրել է Արցախի խորհրդարանի նախագահը:

Խոսելով միջազգային հանրության կողմից դարավերջին կատարված ոճրի հանդեպ ունեցած արձագանքի մասին՝ Արցախի խորհրդարանի նախագահը նշել է, որ թեպետ այն արձանագրվել և դատապարտվել է, սակայն դրա կազմակերպիչներն ու իրագործողները որևէ իրավական պատասխանատվության չեն ենթարկվել: Մյուս կողմից Ադրբեջանից արտաքսված և Արցախում ապաստան գտած մարդիկ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չեն ստացել:

Խորհրդարանի ղեկավարը նաև ադրադարձել է Ադրբեջանում առ այսօր պետականորեն իրականացվող հայատյաց քաղաքականության մասին և կոչ արել միջազգային հանրությանըիրավապաշտպան կազմակերպություններին և խորհրդարանական կառույցներին իրավական գնահատական տալ տեղի ունեցածին և կանխել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը:

«Ինչպես նախորդ տարիներին, այսօր ևս մենք վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Բաքվի ջարդերի վերաբերյալ ելույթներով հանդես են եկել ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, պատգամավորներ Դավիթ Մելքումյանը, Ալյոշա Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Բաքվի ջարդերը վերապրածներ, փորձագետներ և հայկական երկու հանրապետությունների Մարդու իրավունքների պաշտպաններ՝ Արման Թաթոյանը և Արտակ Բեգլարյանը:

Ամփոփելով հատուկ նիստի արդյունքները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը միաձայն ընդունել է Բաքվի ջարդերը դատապարտող հայտարարություն: