[ARM]     [RUS]     [ENG]

2020 թվականի I եռամսյակի Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

ԱՀ 2020 թվականի  I եռամսյակի պետական բյուջեի փաստացի սեփական եկամուտները կազմել են  11,924,8 մլն դրամ։

 ԱՀ 2020 թվականի  I եռամսյակի պետական բյուջեի եկամուտները հիմնականում ձևավորվել են հարկային եկամուտների  հաշվին, որոնք ապահովել են ընդհանուր եկամուտների 97.2 %-ը, պետական տուրքը կազմել է բյուջեի եկամուտների 1.6 %-ը,     այլ  եկամուտները՝ 1.2 %-ը։

             Հարկային եկամուտները կազմել են  11,593.0 մլն դրամ՝ 0.3 մլն դրամով գերակատարելով ծրագրային ցուցանիշը։ Նախորդ տարվա I եռամսյակի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են 0.1 %-ով կամ  10,2 մլն  դրամով։

            Հարկային եկամուտների 32.0 %-ն  ապահովվել  է ավելացված արժեքի հարկի հաշվին՝ կազմելով  շուրջ 3,711.7 մլն դրամ, ծրագրային ցուցանիշը կատարվել է 100.3 %-ով կամ 210.2 մլն դրամով ավել։ Պլանային առաջադրանքի գերակատարումը պայմանավորված է մի շարք ոլորտներում գործունեություն իրականացվող հարկ վճարողների կողմից բյուջե վճարված գումարների աճով։

Պետական բյուջե մուտքագրված եկամտային հարկը կազմել է   3,776.6 մլն դրամ՝ ապահովելով հարկային եկամուտների 32.6 %-ը։    

Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացի շրջանակներում 268 վարձու աշխատողի  մոտ 40.2 մլն ՀՀ դրամ չափով կատարվել է վերադարձ։

            Ակցիզային հարկի հաշվին  ապահովվել  են  68.2  մլն դրամի մուտքեր։ 

           Շահութահարկի մուտքերը կազմել են 1,214.8 մլն դրամ՝ ապահովելով հարկային եկամուտների  10.5  %-ը, ծրագրավորված   ցուցանիշը  գերակատարվել  է 27.4 %-ով,  կամ  261.0 մլն  դրամով։

          Հաստատագրված վճարների գծով մուտքերը կազմել են շուրջ  120.5 մլն դրամ, ինչը կազմել է պետական բյուջեի հարկային եկամուտների 1.0 %-ը։

            2020 թվականի  I եռամսյակի ընթացքում  ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների 4.4 %-ը ապահովվել է առևտրի հարկի հաշվին։ Այս հարկատեսակի գծով մուտքերը կազմել են 511.7 մլն դրամ։ Հաշվետու ժամանակաշրջանի ծրագրավորված ցուցանիշը գերակատարվել է  1.6 մլն դրամով։ 

 Բնապահպանական և բնաօգտագործման  վճարների գծով 2020  թվականի I եռամսյակում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել  1,464.4 մլն դրամ։

Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների մուտքերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են  214.4 մլն դրամ։ 

Այլ հարկային եկամուտների գծով 2020 թվականի I  եռամսյակի մուտքերը կազմել են  10.2 մլն դրամ, նախատեսված մուտքերը գերակատարվել են 2.4 %-ով։

Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների գծով պետական բյուջեի մուտքերը կազմել են 58.2 մլն դրամ։

Դրոշմանիշային վճարների գծով մուտքերը կազմել են 105.8 մլն դրամ։

Սոցիալական վճարների գծով մուտքերը կազմել են 219.5 մլն դրամ։

Պետական տուրքի գծով  ԱՀ պետական բյուջեի  2020 թվականի   I եռամսյակի մուտքերը կազմել են  192.9 մլն դրամ։

             Պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 138.8 մլն դրամ։

             2020 թվականի  I եռամսյակի ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել  են   24,515.4 մլն դրամի ծախսեր՝ կազմելով նախատեսված ծրագրի 68.6 %-ը։  Կատարված հատկացումների 78.2 %-ն ուղղվել է ընթացիկ, 21.8 %-ը՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների իրականացման ծախսերին։

          Ընթացիկ ծախսերի գծով  ԱՀ պետական բյուջեից կատարվել է  19,180.5 մլն դրամի ծախս՝ կազմելով պլանավորված ցուցանիշի 78.8 %-ը ։

           Ընթացիկ ծախսերի 10.4 %-ը  ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների վճարմանը, որը կազմել է  1,985.8 մլն դրամ։

2020 թվականի  I եռամսյակի ԱՀ պետական բյուջեից  1,784.4 մլն. դրամ հատկացվել է ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը՝ կազմելով պետական բյուջեի ընթացիկ ծախսերի  9.3 %-ը։

 2020 թվականի I եռամսյակում պետական բյուջեից ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին հատկացվել է 3,680.6 մլն. դրամի սուբսիդիա, ինչը  կազմել է ծրագրավորված ցուցանիշի  88.4 %-ը։

            Ընթացիկ ծախսերի 19.4 %-ը կամ  3,711.5 մլն դրամը կազմել են համայնքների բյուջեներին տրվող դոտացիաները, պետական և համայնքների առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին տրվող ընթացիկ դրամաշնորհները։

 Հաշվետու ժամանակահատվածում սոցիալական նպաստների և կենսաթոշակների գծով վճարները կազմել են շուրջ 6,111.3 մլն դրամ, որից՝ հիվանդության և հաշմանդամության նպաստներ – 36.1 մլն դրամ, մայրության նպաստներ – 156.8 մլն դրամ, երեխաների նպաստներ – 797.0 մլն դրամ, հուղարկավորության նպաստներ – 60.5 մլն դրամ, կրթական, մշակութային և սպորտային նպաստներ – 17.3 մլն դրամ, բնակարանային նպաստներ – 17.2 մլն դրամ, այլ նպաստներ – 684.2 մլն դրամ   և կենսաթոշակներ – 4,342.2 մլն դրամ։

2020 թվականի I եռամսյակում համայնքային բյուջեի եկամուտները կազմել են  571.2 մլն դրամ, այդ թվում սեփական եկամուտները – 234.1 մլն դրամ, պետական բյուջեից տրվող դոտացիաները – 337.1 մլն դրամ։ Համայնքային բյուջեի նույն ժամանակահատվածի համար իրականացված ծախսերը կազմել  են   504.6 մլն դրամ։

 

ԱՀ ֆինանսների  նախարարություն